Հայաստանի «Քրեյզի բայքեր» ակումբի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ բայքերները հավաքվել են Հայաստանում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ակումբի նախագահ, մոտոսպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն Հրանտ Սարկիսովը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք դիմել են «Հայ ռայդերս» համաշխարհային ակումբի անդամներին («Հայ ռայդերսը» աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայ մոտոցիկլետավարներին միավորող խոշոր ակումբ է)՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը, 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին միասնականորեն հարգանքի տուրք մատուցելու առաջարկով:
«12 երկրներից ժամանած հայ մոտոցիկլետավարներ են այդ օրը գնալու Ծիծեռնակաբերդ: Մեր հայրենակիցներն արդեն եկել են Իրանից,Մոսկվայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իրաքից, Լեհաստանից, Իտալիայից: Այսօր մեզ կմիանա Ուկրաինան: Սպասում ենք նաեւ մյուսներին, որպեսզի ապրիլի 24-ին բոլորով միասին գնանք Հայոց եղեռնի հուշահամալիր», – ասաց Հրանտ Սարկիսովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ