Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյան. «Դատախազությունը ձգձգում է, որպեսզի համագործակցողների նկատմամբ համաներում կիրառվի»

Ապրիլ 20,2015 14:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բավարարվեց դատական կարգադրիչների գործով մեղադրող դատախազ Հակոբ Մելքոնյանի միջնորդությունը: Դատախազը ներողություն խնդրեց նախորդ նիստին առողջության հետ կապված իր բացակայության համար, չնայած դա հիմնավորող բժշկական փաստաթուղթ չներկայացրեց:

Դատախազը միջնորդեց վերսկսել դատաքննությունը, քանի որ հնարավոր է փոփոխվի մեղադրանքը: Իսկ դա նշանակում էր, որ ինչպես սպասվում էր, մեղադրանքի կողմը մեղադրական ճառով հանդես չէր գալու (այդ կապակցությամբ ժամկետ էր խնդրել դատարանից) եւ պատժաչափերը չէր ասվելու: Դատախազը դիմեց դատարանին, որպեսզի լրացուցիչ հարցաքննվի դատական դեպարտամենտի հաշվապահ, այդ գործով ամբաստանյալ Սաթենիկ Հովհաննիսյանը, ապա դատարան դատակոչվի դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռշտունի Ասիկյանը եւ ֆինանսների նախարարությունից Ռուստամ Մարգարյանը:

Իսկ ինչ վերաբերում է ապացույցներ ձեռք բերելուն, ապա դատախազը միջնորդեց դատարան ներկայացնել 2009-13թթ. դատական դեպարտամենտին ֆինանսական հատկացումներ կատարելու մասին համապատասխան փաստաթուղթը:

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար, ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը հարց տվեց դատախազին, թե ինչի համար է նման միջնորդություն անում եւ հիշեցրեց, որ մարտի 16-ի նիստի ժամանակ դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե կողմերը ունե՞ն դատաքննությունը լրացնելու համար որեւէ միջնորդություն, դատախազները (նաեւ Սասուն Խաչատրյանը) հայտարարեցին, որ միջնորդություն չունեն: «Գնահատում եմ այս ամենը դատաքննությունը ձգձգելու միտում: Սա ակնհայտ ապօրինի գործողություն է, Սաթենիկ Հովհաննիսյանը հարցաքննվել է, դատախազները թող բարի լինեին նրան հարցեր տալու: Նախահաշիվները առգրավված են, իսկ դատախազները ձգձգում են այդ ամենը, որպեսզի համաներում կիրառեն համագործակցողների հետ»,- ասաց Միսակ Մարտիրոսյանը:

Դատարանը գործի բազմակողմանիությունը ապահովելու համար բավարարեց դատախազի միջնորդությունը եւ ամբաստանյալ Սաթենիկ Հովհաննիսյանին տրվեց հարց, թե ի՞նչ նորմատիվ ակտերի հիման վրա է դատական դեպարտամենտի աշխատակիցներին աշխատավարձ հատկացվել, արդյոք եթե հափշտակություններ լինեին, ապա դեպարտամենտի ղեկավարությունը կիմանար դրա մասին:

Սաթենիկ Հովհաննիսյանը, որի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը, հայտնեց, որ աշխատավարձի հատկացումները կատարվել են ֆինանսների նախարարության բյուջեի, օրենսդրական ակտերով: Ըստ նրա՝ հրահանգի նման մի բան էր եւ լավ չի հիշում անունը: Նա ասաց, որ ողջամիտ ժամկետ էր տրվում, որպեսզի ներկայացվի դեպարտամենտ, հաշվի էր առնվում աշխատանքի ընդունվողի ստաժը, կոչումը:

Ի դեպ, որոշ գործակիցներ համապատասխան էին քրեակատարողական հիմնարկների աշխատավարձերի գործակիցներին: Աշխատավարձը կազմելուց հետո գրությունը 3 օրինակից ուղարկվում էր դեպարտամենտ, հաստատվում էր, մեկ օրինակը վերադարձվում էր Ս. Հովհաննիսյանին, իսկ երկուսը ուղարկվում էր գանձապետարան:

«Եթե պաշտոնատար անձինք իմանային հափշտակության մասին, կկանխվե՞ր՝ հարցրեց դատախազ Հ. Մելքոնյանը: Ամբաստանյալը պատասխանեց. «Դրանք անուն-ազգանուններ էին, եթե իմանային մեռած հոգիներ էին, ես չգիտեմ՝ կկանխեի՞ն, թե՝ ոչ»:

Մեղադրանքի կողմը փորձեց հարցեր տալ դեպարտամենտի կանոնադրությունից, ինչին առարկեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930