Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմի ղեկավարը թուրքական ԶԼՄ-ներին. «Սա իրենց համար հարմար առիթ է» (Տեսանյութ)

Ապրիլ 20,2015 14:12

Այսօր՝ ապրիլի 20-ին, Մատենադարանում կայացած ասուլիսում, տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության մանրամասները եւ հոգեւոր թեմայով միջոցառումները: Նա հայտնեց, որ ապրիլի 23-ին տեղի է ունենալու Ցեղասպանության զոհերի սրբադասումը՝ Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջեւ, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խոշորագույն հայկական եկեղեցիների հետ: Ծեսի ավարտի ժամը՝ 19:15-ը խորհրդանշական է, Մայր աթոռում ու աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը, որոնք կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Նա նաեւ տեղեկացրեց, որ Համազգային լռության րոպեն կուղեկցվի քույր եկեղեցիների գուժկան զանգերի 100 զանգերի ուղեկցությամբ: Նաթան արքեպիսկոպոսի ձեւակերպմամբ, ինչպես կարգն է համաքրիստոնեական եկեղեցում, յուրաքանչյուր սուրբ, որ կանոնականացվում է, ունենում է իր կանոնը. «Այդ օրվա համար ունենք սրբոց նահատակաց շարական կանոնը, որ 25 տարի առաջ Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը գրել ու պատրաստել էր այսօրվա համար: Նկարվել է նաեւ սրբոց նահատակաց սրբապատկերը, որը կօծվի այդ արարողության ընթացքում»:

System of a Down ռոք խմբի ներկայացուցիչ Արմեն Կուպելյանն էլ խոսեց ապրիլի 23-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող System of a Down հանրահայտ ռոք խմբի համերգից՝ «Արթնացրեք հոգիները» խորագրով, մեկնարկը տրվել է տարվա ապրիլի 6-ին՝ ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքից: «Սա մաս է կազմում «Արթնացրեք հոգիները» շրջագայությանը, անվճար համերգ է»,-ասաց նա: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով. «Այս համերգը արդեն գրավել է համաշխարհային մամուլի ուշադրությունը…Իրազեկության բարձրացման առումով շատ կարեւոր գործառույթ ունի երեւանյան համերգաշարը»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, խոսեց ապրիլի 24-ին կայանալիք « 24/04» նվագախմբի համերգից` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Նրանց թվում են Մարիա Գուլեգինան, Նարեկ Հախնազարյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, դիրիժորներ Միխայիլ Յուրովսկին, Ջանլուկա Մարչիանոն, Հովհաննես Չեքիջյանը, ինքը: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Վահագն Մատինյանը խոսեց Ջահերով երթից:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին հիշատակման միջոցառումները լուսաբանելու ցանկություն ունեցող թուրքական լրատվամիջոցներով: Պարոն Սարգսյանն ասաց, որ

Հայաստանում «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ գտնվում է թուրք լրագրողների մեծ պատվիրակություն, այդ թվում «Զամանից», CNNTÜRK-ից, նրանցից ոմանք խնդրանքով դիմել են անգամ ՀՀ նախագահի հետ հարցազրույցի համար: «Թուրքիայում հաճախ են հնչում պատմության հետ առերեսվելու ցանկություններ, կան հանցագործության պատմությամբ հետաքրքրվողներ եւ սա հարմար առիթ է իրենց ցանկություններն իրականացնելու ու կատարվածը դատապարտելու համար»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930