Այսօր՝ ապրիլի 20-ին, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանում կայացած ասուլիսում մանրամասներ հաղորդվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ հիմնական միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 22-ին սկսվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումով, որը կունենա շուրջ 500 մասնակից ողջ աշխարհից, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներ;
Վիգեն Սարգսյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ ապրիլի 23-ին կայանալիք Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, այն որակելով բացառիկ երեւույթ, ընդգծեց դրա կարեւոր նշանակությունը հարյուրերորդ տարելիցի բարոյական եւ հոգեւոր հենքը ուժեղացնելու առումով: Սրբադասման արարողությունն ուղիղ կհեռարձակվի Հանրապետության հրապարակից:
Պարոն Սարգսյանն ասաց, որ դեպի Էջմիածին Երեւանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար տեղափոխում: Նա հորդորեց հանրային տրանսպորտով մեկնել Էջմիածին: Բուենոս Այրեսից մինչեւ Փարիզի աստվածամոր տաճար եւ ընդհանրապես ողջ աշխարհում բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ 100 անգամ կհնչեցնեն իրենց՝ զանգերը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ապրիլի 23-ին կայանալիք ռոք համերգին էլ անդրադարձ եղավ, որը սկսվելու է նույն օրը 20:30-ին, մուտքը հրապարակ կլինի անվճար, բայց Շահումյան հրապարակից, մուտքը կփակվի՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին, այդ օրը 60-ից ավելի պետական եւ միջազգային կառույցների պատվիրակություններ կլինենն: Շարքային քաղաքացիների համար քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի միայն 13-ից, այցելությունը կշարունակվի ողջ օրը, երեկոյան էլ նախատեսված է ջահերով երթը: Ապրիլի 25-ին նույնպես կլինի քայլերթ եւ այցելություն Ծիծեռնակաբերդ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգողի խոսքով, ապրիլի 23, 24, 25, 26-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հարգանքի տուրքը մատուցել: Ապրիլի 24-ին նախատեսված է ծրագիր, 20:15-ի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Ֆիլհարմոնիկ մեծ նվագախմբի համերգը, կկատարվեն հարյուր տարիների ընթացքում ծնված ստեղծագործությունները: Նախատեսված են վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ՝ հանրահայտ լուսանկարիչների գործերով:
«Հուսով եմ, որ այս օրերին armeniangenocide100.org էջը կդարձնեք ձեր գլխավոր էջը: Այն տալիս է բովանդակային նյութ եւ շատ կարեւոր ռեսուրս կլինի ձեր համար»,-ասաց Վիգեն Սարգսյանը: «Քեզ հետ Հայաստան» հայտնի նախագծի մասին էլ խոսվեց, որի մեկնարկը տրվել է Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգով ու Ցեղասպանության մասին բարձրաձայնվել ոչ հայերի շուրթերով:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ ապրիլի 22-23 -ին կայանալիք «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նպատակն է միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում եւս լսելի լինել այն ուղերձով, որ զարհուրելի հանցագործություններն այլեւս չպետք է կրկնվեն: Ֆորումի բացումը կկատարի ՀՀ նախագահը, ակնկալվում է, որ կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային իրավունքի հանրահայտ ներկայացուցիչներ, ցեղասպանագիտության միջազգային կենտրոնների ներկայացուցիչներ:Սպասվում են 600 մասնակիցներ: Այդ ֆորումին զուգահեռ կընթանա հոգեւորականների ֆորումը՝ «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով եւ իրավաբանների ֆորումը:
Պատասխանելով ՌԴ նախագահի Պուտինի Հայաստան գալու վերաբերյալ լրագրողի այն հարցին, թե ինչու այդ մասին հստակ չի բարձրաձայնվում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մեր մոտեցումը եղել է այն, որ առաջինը որեւէ մեկի մասնակցությունը մենք նախապես չենք հայտարարում: Դա նախագահի մամուլի ծառայության մենաշնորհն է: Ամեն դեպքում հաստատ է հետեւյալ երկրների մասնակցությունը՝ Ռուսաստան, Սերբիա, Կիպրոս, Ֆրանսիա…Ընդ որում, Կիպրոսի նախագահը ժամանում է խորհրդարանի նախագահի հետ: Սուրբ աթոռը ներկայացված է լինելու կարդինալով, Չեխիայի նախագահը կուզեր լինել, բայց այդ օրը հանդիպում ունի Վատիկանում, հետեւաբար Չեխիան ներկայացված կլինի հատուկ բանագնացով…ԱՄՆ նախագահի կողմից եւս այս պահին պատվիրակություն է ձեւավորվում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ