Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ատոմակայանի գոյությունն ավելի շատ է վտանգում մեր անվտանգությունը»

Ապրիլ 20,2015 15:00

2016 թվականին լրանում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը: Քանի դեռ Հայաստանը եվրաընտանիք մտնելու ճանապարհն էր բռնել, ՀՀ կառավարությունը որոշել էր Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը հանել շահագործումից, թեեւ այդ որոշումը մասամբ ԵՄ ճնշման արդյունք էր, սակայն, ըստ էներգետիկ ոլորտի մի շարք մասնագետների, արդարացված էր: Այսօր արդեն, երբ մեր երկրի իշխանությունները հստակ կողմնորոշվել են, որ Հայաստանի ապագան Եվրասիական տնտեսական միությունն է, ատոմակայանը ոչ թե կփակվի, այլ շահագործման ժամկետը կերկարաձգվի: Այդ նպատակով Ռուսաստանը մեր երկրին 270 միլիոն դոլար վարկ է հատկացրել, 30 միլիոն դոլար էլ՝ դրամաշնորհ: Նախնական տվյալներով՝ գործող 2-րդ էներգաբլոկի շահագործումը կերկարաձգվի եւս 10 տարով:
Այս հանգամանքը հարուցել է ոլորտի մի շարք մասնագետների դժգոհությունը, որոնք հակադարձելով այն պնդումներին, թե մեր երկրի էներգետիկ անվտանգությունն առանց ՀԱԷԿ-ի անհնար է ապահովել, ասում են՝ ատոմակայան ունենալով երկրի անվտանգությունն ավելի վտանգված է:

Ատոմակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ եւ գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում պնդեց, որ մեր երկրի էներգետիկ անկախությունն առանց ատոմակայանի չենք կարող ապահովել: Նրա համոզմամբ՝ ատոմային էլեկտրակայանի գործող 2-րդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու դեպքում այդ բլոկը միանգամայն ի վիճակի է անվտանգ աշխատելու, հատկապես, որ նման փորձ աշխարհում կա:

Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանին ավելի շատ մտահոգում է այն, որ երկարաձգման համար կոնկրետ ժամկետ է նշվում՝ 10 տարի. «Ընդհանուր առմամբ, ցանկացած օբյեկտի եւ մասնավորապես՝ ատոմակայանի աշխատելու ժամկետը, երկարաձգման ժամկետը ոչ թե սահմանվում է 10 տարի, այլ որոշվում է ըստ վիճակի, կարող է 5 տարի լինի, կարող է 15 տարի լինի: Այն որոշվում է՝ սարքերի տեխնիկական վիճակից ելնելով: Գործարկումների ժամանակ հստակ երեւալու է՝ 10 տարի՞ կարող է աշխատել, թե՞ 5 տարի, թե՞ ընդհանրապես արդեն սպառել է իր ժամանակը»:
Փորձագետի կարծիքով՝ Մեծամորի ատոմակայանի առկայության պայմաններում մեր երկիրն ավելի ենթակա է վտանգի. «Աստված մի արասցե, որեւէ բան պատահելու դեպքում մենք ոչ թե տարածք ենք կորցնելու, այլ հայրենիք»:

Երկարաձգման կոնկրետ ժամկետ նշելու առնչությամբ Վահրամ Պետրոսյանը նկատում է. «Մեր ատոմակայանի եւ ընդհանրապես՝ բոլոր տեսակի ատոմակայանների կյանքի տեւողությունը որոշվում է, թե ռեակտորի իրանը՝ կորպուսը, ինչ վիճակում է գտնվում. քանի որ մեր ատոմակայանի ռեակտորը բավականին լավ վիճակում է՝ համեմատած այլ ատոմակայանների բլոկների հետ, որոնց շահագործումը 15 տարով երկարացվել է, եւ հիմա էլ եւս 15 տարով են երկարացնում, վստահ կարող ենք ասել, որ մեր ատոմակայանը ոչ թե 10, այլ 15 տարով կարելի է երկարացնել: Իհարկե, նորից պետք է դիագնոստիկ ստուգումներ կատարվեն»:

Ոլորտի մասնագետները գտնում են, որ Հայաստանն առանց ատոմակայանի էլ էներգիայի պակաս չի ունենա՝ եթե քաղաքական կամք լինի եւ էներգետիկ այլընտրանքային աղբյուրները զարգացվեն:

«Մեր առկա սպառումը եւ շռայլությունները այնչափ են, որ այդ ուղղությամբ մենք որեւէ միջոցներ չենք ձեռնարկում: Իհարկե, ատոմակայանը շատ մեծ գործ է անում եւ նեղ պահին մեզ փրկեց, բայց ատոմակայանից ձերբազատվելու ուղղությամբ մեր կառավարությունը որեւէ քայլ չի անում, հակառակը՝ ողջ օրը քարոզվում է, որ ատոմակայանը մեզ պետք է: Ինձ թվում է, որ ատոմակայանը, արտադրելով մեր հաշվեկշռի 35-40 տոկոսը, կարող է փոխարինվել այլընտրանքային էներգետիկ աղբյուրներով: Մենք հիդրոկայանների հզորություն ունենք Դեբեդ գետի վրա: Երկրորդ՝ մենք չափազանց շռայլ ենք օգտագործում մեր էլեկտրաէներգիան, եւ երրորդ՝ այլընտրանքն ընդհանրապես չի օգտագործվում»,- ասում է Էմիլ Սահակյանը:

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը համոզված է, որ ՀԱԷԿ-ը «ժողովրդի գլխին պատուհաս» է. «Դուք պատկերացնո՞ւմ եք, ռեակտորը որքան հնանում է, այնքան նրա անվտանգության երաշխիքները պակասում են: Ոնց որ մենք ունենք մեր կյանքը, այնպես էլ ռեակտորն ունի իր կյանքը, իսկ այդ ռեակտորի կյանքը տրված է 25-30 տարի, ինչքա՞ն կարելի է երկարաձգել: Մինչեւ ե՞րբ պետք է այդպես տգետ աշխատել: Ինչպե՞ս կարելի է այդքան խիտ բնակեցված վայրում, Երեւանին այդքան մոտ այդպիսի ռիսկի դիմել: Դուք տեսա՞ք ինչ եղավ Ֆուկուսիմայում այդ մեծ վթարից հետո: Այնտեղ 28 ռեակտորների գործունեություն դադարեցվեց: Դատարանը որոշեց, որ դրանց շահագործումն այլեւս նպատակահարմար չէ»:

Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ «Հայաստանի համապատասխան օրգանները» չեն թողնում, որ մեր երկրում զարգանան այլընտրանքային էներգիայի աղբյուրները, որպեսզի ցույց տան, թե Հայաստանը, բացի միջուկային էներգետիկայից, այլընտրանք չունի:
«Հիմա էլ նրանք մի նոր փորձանք են ուզում բերել եւ հին ռեակտորի փոխարեն ուզում են նոր էներգաբլոկ կառուցեն: Հիդրոէլեկտրակայանները, արեգակնային էներգետիկան այլընտրանքային տարբերակներ են մեր երկրի համար: Միայն Կալիֆոռնիայում կա գործող 4 հատ 451 մեգավատ հզորությամբ արեգակնային էլեկտրակայան: Այդպիսի 1 կայանը նրանք կառուցել են 2,2 միլիոն դոլարով, երբ ատոմակայան կառուցելն անհամեմատ ավելի թանկ է՝ չհաշված այն ռիսկը եւ վտանգը, որը հասցվում է շրջակա միջավայրին: Պետք է հաշվի առնել, որ այն վառելիքը, որը մենք վառում ենք, եւ առաջանում են ռադիոակտիվ թափոններ, դրանց խնդիրը աշխարհում, առավել եւս Հայաստանում, լուծված չէ»:
Նշենք, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970 թվականին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Աստուած մի արասցէ, ատոմակայանում վթար լինի Հայաստան անունն աշխարհի քարտեզից կը վերանայ: Ուստի դրա անվտանգութիւնը պէտք է լինի գեր- գերժամանակակից՝ բացառելու համար վթարը կամ ահաբեկչութիւնը:

    Փաստ է նաեւ, որ այս պահին ատոմակայանից հրաժարուել չենք կարող: Ի՞նչու: Որովհետեւ ապաշհորհ եւ ռուսական շահերը սպասարկող վասալային կառավարութիւն ունենք:

    Այսքան տարի Հայաստանը նոյնիսկ չի փորձել զարգացնել այլընտրանքային աղբիւրները (քամի արեգակ, գետեր), որպէսզի աստիճանաբար հրաժեշտ տայինք ԱԷԿ-ին: Վստահաբար մեր երկիրը կարող էր լուրջ առաջընթաց արձանագրել այս ոլորտներում: Աւելին, իրական գազն առ այսօր այլընտրանք չի դառնում, դեռ մի բան էլ եղած-չեղածը «նուիրում ենք» ռուսներին:

    Զարգացած երկրներում վաղուց կիրառւում են էներգախնայողութեան արդիւնաւէտ համակարգեր, օրինակ՝ LED լամպեր, զգայուն (սենսորային) լուսաւորիչ համակարգեր եւ այլն:

    Սրանք էականօրէն կարող էին կրճատել էլեկտրաէներգիայի վատնումը: Աւա՜ղ, նման համակարգերը Հայաստանում զանգուածային կիրառութիւն չունեն: Յանուն արդարութեան նշենք, որ մեր ժողովուրդն էլ խնայելու մշակոյթ չունի:

  2. Նաիրա says:

    Էմիլ Սահակյանի անունը կարդալուց հետո այլևս դադարեցի կարդալ նրա մտքի փայլատակումները: Նա այդ մասնագետը չէ և ՀԱԷԿ-ի աշխատանքի հետ կապված իրավասու չէ Մասնագիտական կարծիք հայտնելու!!! Նրա ասածը տնային տնտեսուհու մակարդակի բանբասանքի և դրան համարժեք անտեղի խուճապ ստեղծելու ոլորտից է!!! Եվ դա վերցրել ու վերնագիր եք դարձրել(((((((((((((((((((

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930