Քաղաքացի Նարինե Պետրոսյանը պնդում է, որ իր առանձնատունը 2011-ին կորցրել է վաշխառուների կեղծ գործարքների պատճառով:
Նրա պատմելով, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող իր որդուն՝ Դավիթ Պետրոսյանին, ներքաշել են տղայական վեճի մեջ, ապա վրան գումար դրել. «Եթե այսքան գումար չբերես, վատ կլինի»:
Դավիթ Պետրոսյանը սկսել է տոկոսով գումար փնտրել, փնտրտուքը նրան տարել է վաշխառուների մոտ, որոնք նախ առաջարկել են գրավադրել տունը եւ իրեն անհրաժեշտ գումարը գրավի դիմաց տրամադրել, ապա նոտարական գրասենյակում արդեն առք ու վաճառքի գործարք են պնդել՝ հիմնավորելով, թե գրավադրումը հնարավոր չէ: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում տիկին Պետրոսյանը պատմեց, որ տան առք ու վաճառքն իրականացնելու համար վաշխառուները նախ կեղծ նվիրատվություն են կազմակերպել: Իբրեւ թե նշված ժամանակահատվածում ինքը Հունաստանում է եղել ու այնտեղից է ուղարկել որդու անունով տունը նվիրատվություն անելու համաձայնությունը: Եվ երբ արդեն տան առք ու վաճառքի գործարքն ավարտել են, ինքը պատահաբար տղայի գրպանից գտել է կեղծ գործարքների մասին փաստաթղթերը. «Դարձել եմ վաշխառուների հերթական զոհը: Տղաս ոչ տան սեփականատեր է եղել, ոչ էլ այդ տանը գրանցված էր»: Ըստ իրեն՝ վաշխառու Արթուր Հերոյանի, տան գնորդների հետ որեւէ համաձայնության չգալուց հետո՝ Նարինե Պետրոսյանը դիմել է դատարան:
Ըստ նրա, գործը հիմա Վճռաբեկ դատարանում է ու երկու դատական որոշում կա: Առաջին ատյանի դատարանը հաստատել էր, որ նվիրատվության, առք ու վաճառքի բոլոր փաստաթղթերը կեղծ են ու դատական որոշմամբ տունն իրեն էին վերադարձրել, իսկ Վերաքննիչ դատարանը հակառակ որոշումն էր ընդունել՝ հաստատելով, որ առանձնատան գնորդները բարեխիղճ են ու նախապես տեղյակ չեն եղել, որ կեղծ գործարքներ են տեղի ունեցել:
«Որ հերթական բոմժը չլինեմ, խնդրում եմ իմ սեփականությունը վերադարձնեն ինձ»,- եզրափակեց Նարինե Պետրոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ