Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության անիվը սկսել է պտտվել ճիշտ ուղղությամբ»

Ապրիլ 20,2015 16:00

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահ է՝
եկել է պատմական սխալներն ուղղելու ժամանակը

– Անցած քառօրյայում ՀՀ խորհրդարանը քննարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ հայտարարության տեքստը, ու այդպես էլ այն մինչ օրս դեռ քվեարկված չէ: Ենթադրվում էր, որ քվեարկությունը կլինի արտահերթ նիստով՝ մինչեւ ապրիլի 24-ը: Պարզվում է՝ արտահերթ հրավիրելու համար անհրաժեշտ քանակությամբ պատգամավորների ստորագրություններ չեն հավաքվել, քանի որ պատգամավորները տարբեր գործուղումների են: Չե՞ք կարծում, որ սա Հայաստանի խորհրդարանի ամոթն է, մանավանդ, որ այս ընթացքում Ցեղասպանության տարելիցի առիթով եղավ Վատիկանի հզոր արձագանքը, Եվրոպական խորհրդարանի վերահաստատումը: Տեղյա՞կ եք՝ ի՞նչ կարեւորագույն գործուղումների են մասնակցում ձեր գործընկերները, որոնց այդ քվեարկությունը ստորադասվում է:

– Ժողովրդական խոսք կա՝ առուն չթռած «հոպ» մի ասա, հիմա ստիպված եմ հիշեցնել այս խոսքը բոլոր նրանց, ովքեր շտապեցին ենթադրություններ անել, չեղած բաներ հորինել եւ մութ սենյակում էն հայտնի կենդանուն փնտրել, մի փոքր համբերություն որ լիներ, ձեր այս հարցը չէր ծնվի. թե ով ինչ գործուղման է գնում կամ դեռ գնալու է՝ որոշողը բացառապես ԱԺ նախագահն է, իսկ նա միշտ էլ իմաստուն որոշումներ է կայացնում։ Իսկ արտահերթը կլինի ապրիլի 21-ին՝ երեքշաբթի օրը, մենք իրականում մինչեւ ապրիլի 24-ը կհասցնենք քվեարկել հայտնի հայտարարությունը եւ ընդունել, այնպես որ՝ գործն արվում է դանդաղ շտապելով։

– Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց իր ծրագրից` ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունների մասով: Այս օրերին արդեն հստակեցվում են գերտերությունների մոտեցումները, Թուրքիայում եւ Հայաստանում կայանալիք միջոցառումներին մասնակցության օրակարգերը: Իշխանության ակնկալիքներն արդարանո՞ւմ են:

– Այն, ինչ մենք ակնկալում ենք ամբողջ աշխարհից, մարդկության առաջադեմ հատվածից, ինչու ոչ՝ նաեւ մեր հարեւաններից, ոչ միայն իշխանության ակնկալիքն ու պահանջն է, այլեւ մեր ամբողջ ժողովրդի, համայն հայության: Շատ պարզ եւ տեսանելի է, որ պատմության անիվը սկսել է պտտվել ճիշտ ուղղությամբ, եւ այդ պտույտն այլեւս անկասելի է, եւ այս ճանապարհին մարդկության առաջադեմ հատվածը, միջազգային բոլոր հեղինակավոր կառույցները մեզ հետ են՝ շատ լավ հասկանալով, որ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միայն հայ ժողովրդի խնդիր չէ, հասկանալով, որ եթե այսօր՝ հարյուրամյա այս տարելիցին, աշխարհը ոտքի չկանգնի եւ չմերժի վայրագությունները, ցեղասպանությունները, ապա դատապարտված կլինի մշտական վտանգի եւ ավերածությունների. տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, ինչեր են անում նույն «Իսլամական պետություն» կառույցի ահաբեկիչները։ Ինչ վերաբերում է Թուրքիային, գիտեք, ես ափսոսում եմ այն լուսավոր մարդկանց, որ ապրում են այդ երկրում, այն ժողովրդին, որ ապրում է այդքան տգետ իշխանության լծի տակ, որովհետեւ սեփական պատմությանն առերեսվելու, սեփական նախնիների ոճրագործությունները ընդունելու եւ առաջ գնալու համար հարկավոր է մի քիչ պակաս թուրք լինել։ Գալիպոլի կնշեն, թե չեն նշի՝ արդեն անիմաստ հարց է, Հռոմի պապի, Եվրոպական խորհրդարանի, Եվրանեսթի, Եվրոպայի ֆրանկոֆոն երկրների, տասնյակից ավելի պետությունների, ԱՄՆ 45 նահանգների, Չիլիի եւ դեռ սպասվող ճանաչումների եւ դատապարտումների ֆոնին թուրքական իշխանիկների հայտարարությունները, իրոք, շատ խղճուկ են։

– Թուրքիայի նախագահը բավական ցավագին արձագանքեց հատկապես Հռոմի պապի հայտարարություններին, իրեն իրավունք վերապահեց Պապին խորհուրդներ տալ: Բայց մեզ էլ սպառնաց` իր երկրում, այդ թվում նաեւ անօրինական բնակվող հարյուր հազար հայերին արտաքսել: Սա մեզ չպիտի՞ մտահոգի: Ինչո՞ւ է այսօր Հայաստանն այնպիսի երկիր, որ մեր հայրենակիցների մի ստվար հատվածը նախընտրել է թշնամական երկրում բնակվել ու աշխատել:

– Եթե հետեւել եք ընթացքին, Հռոմի պապը հայտարարեց, որ ինքը մտադիր չէ այդ երկրի հետ քննարկումների փուլ մտնել. հզոր ապտակ էր՝ վստահեցնում եմ։ Իսկ թե ինչու են շատ հայեր այսօր բնակվում կամ աշխատում Թուրքիայում, դա շատ տարողունակ հարց է, բայց կարճ պատասխանեմ՝ իսկ որտե՞ղ հայեր չկան, ո՞ր երկրում մենք չկանք, մենք ամենուրեք ենք, եւ սա եւս Ցեղասպանության հետեւանքներից մեկն է: Էրդողանը, կարծում եմ, ցայտնոտի մեջ է՝ շատ լավ հասկանալով, որ թուրքական դիվանագիտության հայտնի տրյուկները հնացած են եւ ոչ օգտակար, ինքը տարբեր հայտարարություններ դեռ կանի, բայց ես իմ հերթին ուզում եմ նրան նորից եւ նորից հորդորել՝ չփորձեն մոռացության տալ, որ Օսմանյան կայսրության տարածքում անցյալ դարասկզբին քրիստոնյաների ու հատկապես հայերի ցեղասպանություն է կատարվել, ու երբ Էրդողանը կամ նրա պաշտոնական պատմաբանները ժխտում են ցեղասպանությունը, ժխտում են ոչ թե հայերիս ու ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրների ու միջազգային կազմակերպությունների ճշմարտությունը, այլեւ հենց իրենց նախնիների:

– Վերջին շրջանի իրադարձություններից հետո Թուրքիան կարող է շարունակել իր հավակնությունները` ԵՄ-ին անդամակցության մասով: Ի՞նչ դիրքորոշում պիտի որդեգրի Եվրոպան Թուրքիայի հարցում՝ մանավանդ, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կրկին ակտիվ փուլ են մտնում: Հայկական հարցը պետք է մահա՞կ մնա Եվրոպայի ձեռքում` Թուրքիայի հարցում:

– Եվրոպացի մեր շատ գործընկերներ արդեն վաղուց են հայտարարում, որ քանի դեռ Թուրքիան չի առերեսվել սեփական պատմությանը, չի կարող հավակնություններ ունենալ ԵՄ անդամակցության կամ ԵՄ անդամ երկրների հետ հավասարը հավասարի հետ շփվելու. սա միանգամայն պարզ է, իսկ հայկական հարցի մահակ լինելու մասին Ձեր դիտարկումը համարում եմ խիստ վիրավորական մեր անցյալի, մեր պատմության եւ մեր ներկայի հանդեպ, քանի որ հայերը այն ազգն են, եւ Հայաստանի Հանրապետությունը այն պետությունն է, որին տրված է մեծ առաքելություն, եւ այդ առաքելությունը պատմության սխալները ուղղելն ու առաջ գնալն է: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ նույն Գերմանիայից հնչեցին հայտարարություններ, ոչ այդ երկրի նախագահը եւ ոչ էլ Մերկելը չեն լինելու Թուրքիայում հայտնի օրը, իսկ Բրիտանիան կոչ է անում թուրքերին զուսպ լինել իրենց հայտարարություններում, էլ չեմ խոսում Հռոմի պապի քաղաքական եւ հոգեւոր հզոր կեցվածքի մասին։ Ես համոզված եմ՝ այս մոլորակի վրա ոչինչ չի լինում պատահաբար, եւ պատմական դեպքերն ու զարգացումները ինչ-որ պահից մտնում են բնականոն հուն՝ անկախ նավթի եւ դոլարի բույրից։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ.Գ. Նկատենք, սակայն, որ եվրոպական երկրները բարձր՝ նախագահի մակարդակով ներկա չեն լինելու նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930