Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ հնարավորություն՝ հայ հանդիսատեսին

Ապրիլ 20,2015 13:30

Ազգային օպերային թատրոնի տնօրենը
առաջիկա ծրագրերը ներկայացնում է ստույգ ժամանակացույցով, եւ ոչ միայն

Հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ ապրիլի 21-ին, ժամը 21.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանդիսատեսը ուղիղ հեռարձակմամբ կարող է դիտել Փարիզում կայանալիք «100 տարվա հիշողություն» համերգը: Մասշտաբային այս միջոցառմանը մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը, որի կազմում 50 հայ երաժիշտներ են՝ աշխարհի լավագույն նվագախմբերից, ինչպես նաեւ «Գյուլբենկյան» երգչախումբը, հռչակավոր սոպրանո Հասմիկ Պապյանը, մեցցո սոպրանո Նորա Գուբիշը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բաս Տիգրան Մարտիրոսյանը եւ այլ արտիստներ: Համերգը կղեկավարի հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Այս մասին «Առավոտին» հայտնեց Ազգային օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը (լուսանկարում), հավելելով, որ այդ բացառիկ նախագծի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը եւ օպերային թատրոնը: Նշեց նաեւ, որ համերգը բացառիկ է նրանով, որ միավորում է Փարիզի եւ Երեւանի հանդիսատեսին:  Ի դեպ, նախագիծը կիրականանա Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:

«Առավոտն» օգտվելով օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ հանդիպման առիթից, խնդրեց նրան՝ փաստերով ներկայացնել իրենց առաջիկա ծրագրերը, թեեւ օրերս Aravot.am-ը, ներկա գտնվելով տնօրենի հրավիրած ասուլիսին, ընդհանուր գծերով տեղեկացրել էր դրանց մասին: Մեր զրուցակիցը հիշեցրեց կայացած ասուլիսում հնչեցրած այն միտքը, որ իր մեկ տարվա պաշտոնավարության ընթացքում թատրոնում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, կազմակերպվել է ստեղծագործական կոլեկտիվների ատեստացիայի գործընթացը, զգալիորեն ավելացել է արտիստների աշխատավարձը: Առանձնացրեց 2014թ. Մարիինյան թատրոնում Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը, Շուշիում Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությունը, որտեղ ներդրում են ունեցել նաեւ թատրոնի արտիստները:

Անդրադարձավ նաեւ հանրապետության մարզերում ու սահմանամերձ զորամասերում արտիստների ելույթներին: Առանձնահատուկ նշեց, որ ընթացիկ թատերաշրջանը նվիրված է մեծանուն օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի 90-ամյա հոբելյանին: Ի դեպ, այս թատերաշրջանի սկզբից թատրոնում ստեղծվել են հատուկ պայմաններ հաշմանդամություն ունեցող հանդիսատեսի համար:

Պարոն Արզումանյանը, անդրադառնալով առաջիկա ծրագրերին, ասաց. «Ապրիլի 24-ին՝ կեսգիշերին Թատերական հրապարակում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան, երկու օր անց տեղի կունենա «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» թատերականացված համերգը»: Տնօրենը հավաստիացրեց, որ կվերականգնվեն Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը, Դոնիցետիի «Պողիկտոս», Բիզեի «Կարմեն», Մասկանիի «Գեղջկական պատիվ» եւ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերաները, ինչպես նաեւ հրավիրյալ եւ մեր բալետային խմբի որոշ արտիստների մասնակցությամբ՝ «Երկու արեգակ» ներկայացումը:

Պարոն Արզումանյանը հայտնեց, որ ընթացիկ տարվա սկզբում թատրոնում կանցկացվի «Բարեկամների փառատոն»՝ հրավիրյալ եւ հայաստանցի օպերային եւ բալետային արվեստի արտիստների, դիրիժորների մասնակցությամբ:
Հարցին, թե կշարունակվե՞ն թատրոնի մարզային ելույթները, տնօրենը պատասխանեց. «50 հոգուց բաղկացած արտիստական խումբը շուտով մեր մարզերում եւ սահմանամերձ զորամասերում կներկայացնի «Անուշ» օպերան»:

2014թ. թատրոնի ճեմասրահում կազմակերպվեց Գոհար Գասպարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի եւ հյուրերի շրջանում, կշարունակվե՞ն նման միջոցառումները: Պարոն Արզումանյանը հավաստիացրեց, որ այս տարվա ընթացքում կբացվի թատրոնի թանգարանը եւ կշարունակվեն ինչպես հոբելյաններին, այնպես էլ օպերային եւ բալետային արվեստին նվիրված թեմատիկ ցուցադրությունները:

Հաստատելով մեր տեղեկությունը, թե օրերս թատրոնում ռեժիսորի թափուր տեղի համար կայացել է մրցույթ, տնօրենը մանրամասնեց. «Մրցույթը կայացել է, մասնակցել է 7 արվեստագետ, արդյունքները կհայտարարվեն ապրիլի 26-ին: Մրցույթի հիմնական պայմանն էր երաժշտական թատրոնի ռեժիսորի որակավորում ունենալը»: Դիտարկմանը՝ փաստորեն մասնակցել են միայն արտերկրում կրթություն ստացած մասնագետները, քանի որ մշակույթի մեր բուհերում նման մասնագիտացում չկա, պարոն Արզումանյանն ասաց, որ թատրոնի եւ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի միջեւ այս պահին ընթանում են բանակցություններ նման բաժին բացելու մասին: Հարցին, իսկ թե ի՞նչ եղավ թատրոնին այդքան անհրաժեշտ գեղարվեստական ղեկավար ունենալու հարցը, մանավանդ որ, դա հենց տնօրենի լուծելու խնդիրն է, Անդրանիկ Արզումանյանի պատասխանը հակիրճ էր. «Փնտրում ենք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930