Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտահրավերներ Բոլոնիայի գագաթաժողովին ընդառաջ

Ապրիլ 20,2015 13:00

Մայիսին կայանալու է Բոլոնիայի գործընթացի երեւանյան գագաթաժողովը: Ակնհայտ է, որ Բոլոնիայի գործընթացի հետագիծը թողեց հսկայածավալ արդյունքներ Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում (ԲԿԵՏ): Բոլոնիայի համաձայնագրի անդամ բոլոր երկրները ներմուծել են մասնագիտական կրթության բազմաստիճան համակարգ: Բուհերի 95%-ն արդեն կիրառում է երկաստիճան համակարգ, ընդունվել են 180-240 եւ 60-120 կրեդիտ միջակայքերը` համապատասխանաբար առաջին եւ երկրորդ շրջափուլերի համար: Դոկտորանտուրայի ծրագրերն աստիճանաբար ձեռք են բերում կառուցվածքային կրթական բաղադրիչներ եւ մոդուլային հենքով են կազմակերպվում: Այնուամենայնիվ, դեռեւս չկա ընդհանուր համաձայնություն դոկտորանտուրայի տեւողության, կրեդիտների եւ մոդուլային կառուցվածքի վերաբերյալ: ԲԿԵՏ երկրներում անհամաչափ է ծրագրային բարեփոխումների ընթացքը, հատկապես մոդուլացման, ճկուն կրթական ծրագրերի ներմուծման, աշխատաշուկայի պահանջներին համահունչ շրջանավարտների կարողությունների եւ հմտությունների ձեւավորման ուղղությամբ:

Մինչ այժմ դեռեւս ԲԿԵՏ-ում չի առաջադրվել որեւէ շեմային սահմանափակում կրթական ծրագրերում ընտրովի եւ պարտադիր դասընթացների տոկոսային հարաբերակցության վերաբերյալ, որը խոչընդոտում է ուսանողակենտրոն ուսուցման հանդեպ ընդհանուր մոտեցումների ձեւավորմանը, քանի որ տարբեր երկրներում ուսանողները տարբեր ակտիվությամբ են մասնակցում իրենց իսկ ուսումնական պլանի ձեւավորմանը: Բացի այդ, ԲԿԵՏ երկրներում միեւնույն մասնագիտության գծով տրվող դիպլոմի հավելվածում բարձրագույն կրթության վերջնարդյունքները` շրջանավարտների կարողությունները, հմտությունները, ոչ միշտ են համընկնում, որը դժվարացնում է շրջանավարտների շարժունությունն աշխատաշուկայում:

Բուհի ուսանողն իրավունք ունի մասնակցելու ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` օրենսդրորեն նախատեսված կամ համալսարանի կանոնադրությամբ: Սակայն դրա հետ մեկտեղ կրթական բարեփոխումների ներկայիս գործընթացը դեռեւս մտահոգիչ կողմեր ունի, մասնավորապես ուսանողության գերակշիռ զանգվածը հիմնականում օտարված է կրթական բարեփոխումների գործընթացից, դեռեւս ցածր է կրթական բարեփոխումների գործընթացում ուսանողության՝ որոշումներ կայացնելու մասնակցության աստիճանը: Այս առումով կարեւոր է «լսել» ուսանողներին եւ հաշվի առնել նրանց վերաբերմունքը բուհական համակարգում ընթացող կրթական բարեփոխումների նկատմամբ:

Բոլոնիայի գործընթացը միանշանակ չի ընկալվում ԲԿԵՏ-ում` կապված մի շարք գործոնների հետ: Նախ եւ առաջ` ավանդական կրթական ավանդույթներ ունեցող երկրների (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա) որոշ խոշորագույն համալսարաններում դժվարությամբ են հրաժարվում բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում ազգային ձեռքբերումներից եւ Բոլոնիայի գործընթացի համընդհանուր չափանիշների կիրառումը միանշանակ չի ընկալվում: Նկատվում է նաեւ կրթության որակի ճանաչման ոլորտում խտրականության սկզբունքի կիրառում առավել հանրաճանաչ եւ խոշորագույն բուհերի կողմից: Հատկապես այն ակնառու է դրսեւորվում կրեդիտների միջբուհական փոխանակման գործընթացում, երբ ԲԿԵՏ-ի զարգացող երկրներից կրեդիտները մեծամասամբ դժվարությամբ են ընդունվում զարգացած երկրների խոշորագույն համալսարաններում: Բացի այդ, Բոլոնիայի գործընթացի գործիքակազմի կիրառումն առավել արդյունավետ է իրագործվում խոշոր եւ ֆինանսապես առավել կայուն համալսարաններում, որոնք կարողանում են ապահովել շարժունության ֆինանսավորում, կրթական նոր եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառում, որակի ապահովման արդյունավետ վերահսկում: Արդյունքում միջին եւ փոքր համալսարանները չեն կարողանում լոկոմոտիվի դեր ստանձնել Բոլոնիայի գործընթացում եւ ակտիվ դերակատարում չունեն ԲԿԵՏ կառուցման ճարտարապետությունում: Նրանց մնում է միայն հետեւել ուժեղներին` ընդունելով վերջիններիս կողմից սահմանված կրթական ծառայությունների մատուցման չափանիշները եւ կանոնները:

Եվ վերջապես, ԲԿԵՏ-ի երկրներն ունեն տարբեր քաղաքական եւ սոցիալական ռազմավարական դրսեւորումներ, իսկ վերջին աշխարհաքաղաքական դրսեւորումները այդ տարբերություններն այնքան սրեցին, որ ԱՊՀ երկրներն իրենց սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները կապելով առավելապես Եվրոպական տնտեսական միության հետ, փոքր-ինչ պասիվացան եվրոպական կրթական շուկայում: Հետեւաբար, եթե Բոլոնիայի գործընթացի սկզբնական շրջանում առավելապես կարեւորվում էին ազգային եւ ավանդական կրթական առանձնահատկությունների շրջանցումը եւ համընդհանուր կրթական չափորոշիչների մշակումը, ապա ներկայումս արդիական են համարվում աշխարհաքաղաքական ստեղծված բարդ իրավիճակում ԲԿԵՏ երկրներում ավանդույթի ուժով ձեւավորված կրթական համակարգերի ներդաշնակեցման հիմնախնդիրների լուծումները, որոնք կարծում եմ, որ կքննարկվեն մայիսին կայանալիք կրթության նախարարների երեւանյան գագաթաժողովին:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930