Ոչ, եթե այն համարվի յուրաքանչյուր մարդու ներքին նպատակ
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք» (Հովհ. 14.27): Աստվածաշնչի այս խոսքերը պատասխան են այն մարդկանց, ովքեր «մեղադրում են» քրիստոնյաներին՝ «եթե Ձեր Աստվածը խաղաղություն է բերել, ապա ինչո՞ւ են աշխարհով մեկ շարունակվում պատերազմները»: Բանն այն է, որ ոչ մի Աստված եւ ոչ մի հավատք «երաշխիքներ չի տալիս», որ մեր կամ աշխարհի գործերը լավ կգնան, հավատքը «չի խաղաղեցնում» աշխարհը, համենայնդեպս, մեր՝ քրիստոնեական կրոնը մարդուն ճանապարհ է ցույց տալիս՝ ներքին, հոգեւոր խաղաղության հասնելու համար: Բայց որ ներքինն ու արտաքինը փոխկապակցված են՝ դա նույնպես ակնհայտ է:
«Հավերժ խաղաղությունը» որպես քաղաքագիտական եզր ի հայտ է եկել 17-րդ դարում, բայց մինչ այդ էլ պատերազմները միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել, ավերել հազարավոր քաղաքներ, կործանել են պետություններ, եւ ամենապայծառ մտածողները, բնականաբար, խորհում էին, թե ինչպես կայուն խաղաղություն հաստատել աշխարհում: «Աշխարհը», սակայն, տարբեր ձեւով են հասկանում: Օրինակ՝ Պլատոնն ու Արիստոտելը գտնում էին, որ Էլլադայի բոլոր քաղաքներն ու պետությունները պիտի խաղաղության մեջ ապրեն, բայց այդ «պոլիսների» բնականոն գործունեության համար անհրաժեշտ էին նաեւ ստրուկներ: Իսկ որտեղի՞ց պիտի «առաջանային» այդ ստրուկները: Իհարկե, այլ՝ ոչ հունական պետությունների հետ պատերազմներ վարելու միջոցով: Այնպես որ՝ քանի կան ստրուկներ, բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, ավելի ճիշտ՝ քանի կա երկրի ներքին կյանքը նրանց միջոցով կառուցելու անհրաժեշտություն, այդքան ժամանակ, ըստ երեւույթին, կլինեն նաեւ պատերազմներ:
Հույներից առաջ խաղաղության մասին խոսում էին բուդդիզմի ներկայացուցիչները: «Ահիմսան» մի վարք է, որն ուղղված է աշխարհում չարիքի նվազմանը, դա պայքար է հենց չարիքի եւ ոչ թե դրա կրողների դեմ, սկզբունք է ոչ մեկին վնաս չպատճառելու՝ ոչ մտքով, ոչ խոսքով, ոչ էլ գործով: Այդ սկզբունքի հիման վրա հնդիկ թագավոր Աշոկան, մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում ընդունելով բուդդիզմը, հայտարարել է, որ «ահիմսան» ազգային արժանիք է. այդ թագավորը ծրագրում էր աշխարհը գրավել ոչ թե զենքով, այլ սիրով: Հրաշալի սկզբունքներ են. դրանք կիրառելով՝ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել ընտանիքում, աշխատավայրում, մասնագիտական շրջանակում: Այդ ձեւով տարածել խաղաղությունը քո երկրի եւ աշխարհի վրա՝ առայժմ չի հաջողվում:
Կարդացեք նաև
Զուտ քաղաքական եւ դիվանագիտական առումով «հավերժ խաղաղության» մասին սկսել են խոսել, ինչպես ասացի, 17-րդ դարում: Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի նախարար Մաքսիմիլիան Սյուլին առաջարկում էր Եվրոպան բաժանել 15 մոտավորապես հավասար պետությունների, ներքին խնդիրները պետք է լուծեր միության խորհուրդը, որը պետք է կազմված լիներ 60 անդամից (ամեն մի երկրից՝ 4 ներկայացուցիչ), որը եւ կկանխեր պատերազմները:
Իհարկե, հեշտ է ջախջախել այդ ծրագիրը որպես ուտոպիստական, ինչը եւ անում էին բազմաթիվ հեղինակներ՝ ներառայլ Ժան-Ժակ Ռուսոն, որը ցույց էր տվել, որ բռնապետական երկրներն ամենեւին էլ շահագրգռված չեն խաղաղասիրական քաղաքականություն վարել: Բայց 20-րդ դարի երրորդ կեսից պարզ դարձավ, որ ժողովրդավարական Միացյալ Նահանգների քաղաքականությունը նույնպես ամենեւին միտված չէ խաղաղության: Արտաքին նախադրյալները, հետեւաբար, քիչ են: Հենց այդ է պատճառը, որ «հավերժ խաղաղության» մասին աշխատություններ գրող եվրոպացիները՝ Էրազմը, Կոմենսկին, Ուիլյամ Փենին, Կանտը, Ֆիխտեն, Հերդերը, նշում էին խաղաղության ոչ միայն քաղաքական եւ տնտեսական, այլեւ բարոյական, հոգեւոր հիմքը: Կանտը, օրինակ, հասկանում էր, որ միամտություն է կարծել, թե որեւէ դիվանագիտական փաստաթղթով հնարավոր է խաղաղության հասնել: Բայց դա մի նպատակ է, որին հասնելու համար մենք պետք է ամենօրյա ջանքեր գործադրենք: Կրկին, ինչպես եւ բուդդիստների ու քրիստոնյաների մոտ, արտաքին փոփոխությունները պայմանավորված են ներքին բարեփոխումներով:
…«Հավերժ խաղաղությունն» ունի նաեւ նեղ պատմագիտական իմաստ: Դա մի պայմանագիր է, որը կնքվել է Ռուսաստանի եւ Ռեչ Պոսպոլիտայի միջեւ 1686 թվականին: Պայմանագիրը հաստատում էր մինչ այդ կնքված զինադադարի բոլոր կետերը՝ բացի մի կետից, ըստ որի՝ Կիեւը «ընդմիշտ» ճանաչվում էր Ռուսաստանի մաս՝ 146 հազար ռուբլի փոխհատուցման դիմաց: Այդ խաղաղությունը նույնպես, ինչպես տեսնում եք, ամենեւին «հավերժ» չէր:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2015
Տեսությունների թիվը (մանավանդ սոցիալական վարքի հնարավոր մոդելների հետ կապված) շատ մեծ է… Այստեղ, ընդհամենը, հավաքել եք տեսությունների մի փունջ՝ որոնք ապահովում են ձեր ցանկացած մոդելի բազան… Ցանկության դեպքում կարող եք հավաքել մի այլ, ոչ պակաս տաղանդավոր փունջ, որը «ապացուցում» է՝ ճիշտ հակառակը…
Դրախտ չի կարող գոյություն ունենալ… Տեսականորեն ապացուցված է, որ ցանկացած պարամետրերով աստծու դեպքում էլ, Ադամը արգելված խնձորը ուտելու է…
Եթե ունենք անսահմանափակ ժամանակ՝ կռեալիզացվեն բոլր հնարավոր տարբերակները, ամբող հարցը այն է, որ ժամանակը միշտ սահմանափակ է՝ ստիպված ես ընտրություն կատարել…
Արդեն երկար ժամանակ կարդալով Ա. Աբրահամյանի հոդվսծները տեսնում եմ, որ ժամանակը հեղինակի համար՝ պարամետր չէ…