Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Չանդիրյան. «Օլիմպիական մեկ ուղեգիրը նպատակ է, բայց երկուսը նույնպես չի կարելի բացառել»

Ապրիլ 20,2015 12:30

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մասնագիտացված ՄՊՄԴ-ի լողավազանում այսօր 10 մետր աշտարակացատկով ավարտվելու է ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը:

Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 30 մարզիկ, իսկ հատկապես տղաների մեջ մեդալների համար պայքարում են միայն Լեւ Սարգսյանը, Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան երվորյակ եղբայրները: Ի՞նչն է պատճառը, որ մեզանում երբեմնի ամենից ավելի զարգացած ու հարուստ ավանդույթներ ունեցող ջրացատկ մարզաձեւը այսօր մասսայականության առումով անասելի նահանջ է ապրել: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, խորհրդային տարիներին անվանի ջրացատկորդ Հրաչյա Չանդիրյանի հետ:

– Պարոն Չանդիրյան: «Հայկական» համարվող աշտարակացատկում այսօր մենք ունենք երեք մարզիկներ, որոնց մարզական վարպետության աստիճանը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մինչդեռ, ընդհանրապես ջրացատկով հանրապետությունում շատ քիչ մարդ է զբաղվում: Ի՞նչն է պատճառը:

– Մարզաբազաների բացակայությունը: Ամբողջ Հայաստանում ջրացատկի համար մեկ մարզաբազա է գործում՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը: Ջրացատկը էքստրեմալ, սպեցիֆիկ մարզաձեւ է: Մենք չունենք սիրողական կամ առողջական ջրացատկ: Ճիշտ է՝ «Գոլդ Ջիմում» էլ կանգնած է 10 մետրանոց աշտարակ, սակայն այն նորոգումից հետո պահանջվող միջազգային ստանդարտներից դուրս է մնացել: Թերեւս, սա է միակ ու գլխավոր պատճառը: Սակայն մեր առջեւ էլ լույս է վառվելու: Դավթաշեն համայնքում շուտով շահագործման է հանձնվելու նորակառույց օլիմպիական ավանը, որն ունենալու է մեր մարզաձեւի համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բոլոր բարձրությունների ոստնակներ եւ աշտարակներ: Այնտեղ մենք կկարողանանք լիարժեք մարզումներ անցկացնել, արդեն մարզումային ժամերի խնդիրներ չենք ունենա: Հուսով եմ, որ այդ բազայի շահագործումով մեր մարզաձեւի մասսայականությունն էլ կմեծանա:

– Ի՞նչ կասեք մարզիկների ընդհանուր մարզական որակի մասին:

– Եթե խոսքը վերաբերում է մեր երեք առաջատարներին, նրանք չեն զիջում աշխարհի ուժեղագույն ջրացատկորդներին: Մեր երեք տղաներն էլ օժտված մարզիկներ են: Մի օրինակ բերեմ: 2000 թվականից օլիմպիական մարզաձեւ է դարձել սինքրոն ջրացատկը: Մենք Երեւանում համապատասխան պայման չունենք: Այս տարի Ռոստոկ քաղաքում անցկացված «Գրան Պրիի» ժամանակ մեր ջրացատկորդները մեկ ժամով այդ ձեւը փորձելու հնարավորություն ունեցան: Եվ պատկերացրեք, որ հաղթեցին նորվեգացի զույգին, որը Եվրոպայում լավագույն վեցյակի մեջ է մտնում: Իսկ մեր մյուս ջրացատկորդների մասին ասեմ, որ մեր մարզիկները դեռ շատ փոքր տարիքի են, մեծ մասը՝ 10-11տարեկան: Նրանց ժամանակ է հարկավոր աճելու համար: Ու չնայած պայմանների սղությանը, նրանք իրենց տարիքային խմբերին համապատասխան ցատկեր կատարում են: Նշածս պայմանների պարագայում մեզանում ջրացատկի մակարդակը մարզական վարպետության առումով կբարձրանա, բայց դրա համար նաեւ մասսայականության աճ է հարկավոր: Այս մանուկների հետ ճիշտ աշխատելու եւ պայմանները որոշակիորեն բարելավվելու դեպքում մենք հաջողություններին երկար սպասելու առիթ չենք ունենա:

– Այս մրցաշրջանում ի՞նչ կարեւոր միջազգային մեկնարկներ ունեք:

– Մի քանի օրից Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը մեկնելու են Դրեզդեն, որտեղ անցկացվում է մինչեւ 18 տարեկանների մրցաշար: Այն իր մակարդակով գերազանցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

– Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հեռանկար կա՞:

– Օլիմպիական վարկանիշ տալիս են միայն մեծահասակների աշխարհի առաջնությունը, որտեղ ուղեգիր ստանում են եզրափակիչ մտած 12 լավագույնները, Աշխարհի գավաթը, որտեղ վարկանիշային են կիսաեզրափակչի 18 տեղերը եւ մայրցամաքային առաջնությունները՝ միայն չեմպիոնների մակարդակով: Մեր ֆեդերացիան իրատեսական համարում է օլիմպիական մեկ ուղեգիրը: Բայց ինքս երազում եմ երկուսի մասին: Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, այդպիսի հույսեր կարող են լինել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930