Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Մանուկյան. «Հայրս երեք շուն ուներ. անունները՝ «Թալեաթ», «Էնվեր» եւ «Ջեմալ»

Ապրիլ 19,2015 16:50

Քանաքեռ-Զեյթունի Հ.Յ.Դ. «Արամ Պողոսյան» կոմիտեությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածի հուշերը» գրքի շնորհանդեսը, որը կազմել եւ հրատարակությանը պատրաստել է Արթուր Մկրտչյանը: Սա պատմավավերագրական նշանակություն ունեցող մի պատմություն է, որտեղ ցեղասպանության ողջ արհավիրքը ապրած Մելքոն Մանուկյանը մանրամասն գրի է առել Զեյթուն քաղաքում ապրած իր մանկությունից մինչեւ հասուն կյանք, գրեթե մինչեւ իր հայրենիք վերադառնալը, ամենայն մանրամասնությամբ նկարագրել գաղթի տեսարաններն ու հայության տառապանքները, հիշել բազում անուններ:

Արդեն հայրենիքում որմնադիր աշխատած Մելքոն Մանուկյանի որդին Արմենակ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հայրս Զեյթունից դուրս գալով իսկապես մեծ տառապանքներ է ապրել անապատներում: Տեսել է, թե ինչպես են թուրքերը մոր ձեռքից վերցնում մի քանի ամսական իր փոքր եղբորը, խփում գետնին ու այդպես էլ թողնում: Շատ դժվար է եղել նրա ու մյուս հայերի տառապանքի ճանապարհը: Հայրս հետագայում ծառայել է ֆրանսիական բանակում, եղել է սպա: Իրեն առաջարկել են մնալ այնտեղ: Բայց մերժել է: Նա ցանկացել է Հայաստան գալ, կառուցել իր հայրենիքը, զավակներին մեծացնել ու դաստիարակել Հայաստանում: Բայց նա ոչ կյանքի, ոչ աշխարհի վրա չէր չարացել: Շատ բարի մարդ էր: Միայն թուրքերի վրա էր չարացած: Նա երեք շուն էր պահում, որոնց անունները դրել էր «Թալեաթ», «Էնվեր» եւ «Ջեմալ» եւ ասում էր, թե այդ երեքը արժանի են հայի ոտքի տակ պառկելու, ինչպես Սողոմոն Թեհյլերյանը Թալեաթին պառկացրեց իր ոտքի տակ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930