Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

90-ամյա կնոջն ու նրա դստերը սպանել են հաց ուտելու պահին. մանրամասնում են հարևանները

Ապրիլ 19,2015 16:33

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկ երեկոյան դաժան սպանություն է  տեղի ունեցել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա հասցեի երեքհարկանի շենքի 29-րդ բնակարանում, որը երրորդ հարկում է: Դանակի բազմաթիվ հարվածներով  սպանել էին 90-ամյա Քնարիկ Շահումյանին ու նրա կրտսեր դստերը՝  51-ամյա Ալվարդ Շահումյանին:

Քաղաքի կենտրոնում ՝ Շիրակի մարզպետարանից ու Շիրակի մարզային ոստիկանությունից ոչ հեռու գտնվող  այդ  շենքի բնակիչների  մեծ մասը վախից կողպել էին իրենց բնակարանների դռները: Շենքի մուտքի մոտ հսկողություն են սահմանում ոստիկանները: Տան դուռը բնականաբար կապարակնքվել է ոստիկանության կողմից՝ քննչական գործողություններ իրականացնելուց ու  տեղազննություն կատարելուց հետո:

Մեզ հարցազրույց տվեցին առաջին հարկի  հարեւանները, որոնց դուռը, ի դեպ, բաց էր: Մեր հարցին, թե չե՞ք վախենում դուռը բաց թողնելուց,  տան տղամարդն ասաց. «Ես ոչինչ չունեմ վախենալու, ամբողջ կյանքս դուռս բաց է  եղել ու էլի պիտի լինի, հերիք եղավ էլի, այս ինչ է կատարվում մեր քաղաքում»:

скачанные файлы (82)

Aravot.am-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց  նրա կինը՝ տիկին Ժաննան, որը բուժաշխատող է Գյումրու բժշկական կենտրոնի լաբորատորիայում: Տիկինը պատմեց, որ  ինքը իր  սիրած սերիալն էր նայում ժամը  21.45-ի սահմաններում, երբ  իրենց դուռը թակեցին ու կանչեցին իր ամուսնուն: Ամուսինը սարսափահար ներս է մտել՝ ասելով, թե Քնարին  ու Ալվարդին են սպանել: «Մենք շատ հին հարեւաններ ենք,  այս շենքերը շատ հին են: Ալվարդը ամուսնացած չէր, իմ տեգրոջ դասարանի աղջիկն է եղել: Տիկին Քնարը ամերիկյան որբանոցում է մեծացել, կիրթ, շնորհքով կին էր, հացով-ջրով, մարդկանց նեղին հանող մարդիկ էին: Սխալվեիր դուռը ծեծեիր, ինչ հյուրասիրություն կանեին, կապշեիր: Տիկին Քնարը վերջին շրջանում վատառողջ էր, թեթևակի  ինսուլտ խփեց, տեսնեիր աղջիկը ոնց էր խնամում մորը, պատմելու չէ… Տիկին Քնարը երկու աղջիկ ունի. մեծը՝ Գայանեն, բնակվում է Մոսկվայում, շատ մեծ կարողության տեր  է նրա ընտանիքը, նրա տղաներն ու աղջիկները մեծահարուստ մարդիկ են: Ինչ տիրություն էին անում  տատիկին ու մորաքրոջը… Քրոջ աղջիկը նույնիսկ իր 3000 հազարանոց մուշտակը ուղարկեց նրան: Ալվարդը շատ էր սիրում հագնել, կապել, էնքան մարդամոտ էր, էնքան հումորով…Հնարավոր չէր Ալվարդի կողքին նստել մի վայրկյան ու չծիծաղել, կենսախինդ, կյանքը մեջ եռում էր: Ալվարդը չամուսնացավ, բայց  20 տարի է՝  ընկեր ուներ, Արթուրն է, որը տաքսի է վարում: Արթուրի ընտանիքը  այդ մասին գիտի, Արթուրի տղան  գնում-գալիս էր Ալվարդենց տուն:  Իրենք ամուսինների պես էին,Արթուրը շատ շնորհքով մարդ է, մի բան լիներ, երեխի պես կվազեր, կհասներ: Անգամ ամեն օր հաց էր բերում, թե հանկարծ տիկին Քնարը ներքեւ  չիջնի, մեծ կին է, հանկարծ իրեն վատ չզգա:  Ալվարդն էլ օգնում էր նրա ընտանիքին ֆինանսապես: Մի խոսքով   ցավ եմ ապրում  ու չեմ ուզում հավատալ, որ Արթուրը կարող է լինել հանցագործը: Ես նրան ճանաչելով բացառում եմ, որովհետեւ  ամուսինների պես էին: Հիմա ոստիկանությունը նրան է տարել որպես կասկածյալ:

Ինչեւէ, սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Արթուրը, ինչպես միշտ,  եկել է Ալվարդենց տուն, դուռը բաց է եղել, գտել է նրանց սպանված: Հենց այդ պատճառով էլ երեւի նրան  են տարել որպես կասկածյալ: Նա խաբար արեց իմ ամուսնուն: Ամուսինս գնաց, տեսավ էդ մարդկանց էդ վիճակում, տեղը չի գտնում, ասում է միայն դանակի 10 հարվածով Ալվարդին են սպանել: Սպանված  Ալվարդը նստած է եղել հյուրասենյակում՝ բազմոցի կողքին դրված աթոռում: Իսկ 90-ամյա տիկին Քնարը բերանքսիվայր ընկած է  եղել խոհանոցում, սեղան է փռած եղել: Հացը, ափսեներում եղած   կարտոֆիլն էլ կիսատ են թողել: Մրգի սեղան էլ փռված է եղել հյուրասենյակում:  Ամուսինս ասում է՝ սաղ տունը տակնուվրա  էին արել, դարակները քանդած, թափած, անգամ անկողինների  մատռասներն են հանել: Ասեմ, որ նրանք շատ գեղեցիկ տուն ունեն, Ալվարդը վերջին երեք տարում գույք առավ, մինչ էդ ասում էր՝ ի՞նչ պիտի անեմ, ես էրեխեք չունեմ, բայց երբ նեղացանք, թե ջահել կին ես, քո համար առ, երեք տարում հետզհետե առավ: Սիրուն տուն էր: Ես մի բան գիտեմ, որ սպանողը ծանոթ մարդ է եղել Ալվարդին, ասեմ, որ նա զգուշավոր կին էր, երբեք պատահական մարդու առաջ դուռ չէր բացի: Տեսաք՝ նրանց դուռը երկաթից է ու մեր տան պես կրկնակի դռներ ունեն: Մի անգամ մեր տան ինտերնետն անջատվել էր, թոռնիկս դաս պիտի աներ, գնացինք  իրենց տուն, դռան զանգը տալուց  հետո ահագին երկար սպասել ենք մինչեւ ինքը մի քանի անգամ ճշտեց, թե ովքե՞ր ենք, նոր բացեց: Իր մայրը որ մեծ մասամբ մենակ էր ու ծեր կին էր, իրենք շատ էին զգուշանում դուռ բացելուց: Դե տանը տղամարդ չկար… »:

Մեր այն հարցին, թե տան մեջ դանակով մորթել են մարդկանց, հարեւաններից ոչ մեկը չի լսե՞լ, տիկին Ժաննան ասաց, թե Տեքստիլագործների թաղամասի  բոլոր շենքերի պատերը շատ հաստ են, տուֆից են, ձայն լսելն այնքան էլ հեշտ չէ: Ըստ տիկնոջ, իրենց տան մի սենյակում կատարվածն  անգամ  մյուս սենյակում հնարավոր չէ լսել: Մեր այն հարցին՝ միգուցե սպանությունը ավելի շո՞ւտ է կատարվել, տիկինն ասաց. «Չէ, ոստիկանները մեզ ասացին, որ երբ իրենք եկան դեպքի վայր, դիակները տաք էին: Ուղեղս չի մտնում՝ ինչպե՞ս կարելի էր այդ կենսախինդ Ալվարդին  կամ 90 տարեկան տիկին Քնարին էդպես գազանաբար  սպանել, ի՞նչ էին ուզում: Այն, որ ասում են, թե այս մարդիկ տոկոսով փող են տվել, ես երբեք չեմ առնչվել, չգիտեմ նման բան: Ես միայն կարող եմ ասել, որ Ալվարդն այնքան մարդասեր էր, այնքան հասնող հարեւաններին, որ դուռը ծեծեիր, կես  բերան պարտքով փող ուզեիր, նույն վայրկյանին կօգներ: Տիկին Քնարի քրոջ երեխաները բնակվում են Երեւանում, մեծ պաշտոններ ունեն: Ասի չէ՞, որ Քնարի մեծ աղջիկը Մոսկվայում է, Գայանեի  մի աղջիկն էլ Ախուրյանում է, ամուսինը թռչնաբուծական ֆաբրիկա ունի, բերում էր էժան, մատչելի գնով  հավերը առնում էինք: Ապահովված մարդիկ էին, ամեն  կողմից նայում էին տիկին Քնարին ու Ալվարդին:   Ալվարդը հավաքարար  էր աշխատում կրթության ազգային ինստիտուտում, մեկ-մեկ նեղվում էր, թե ես ո՞ւր , հավաքարարն ո՞ւր, ասում էի՝ Ալվարդ ջան , ստաժ է, մի նեղվի: Էնքան եմ ափսոսում , բա էսպես բան կանեի՞ն:  Չեմ հավատում, որ այլեւս չեմ լսելու Ալվարդի զրնգուն ձայնը կամ տիկին Քնարի կիրթ, գրական հայերենով խոսելը»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    90 տարեկան կնոջն այդպե՛ս սպանածը մարդ արարած չէ՛: Նույնիսկ անասուն էլ չէ:

    Հայաստանի բնակելի շենքերի մուտք ով ասես չի մտնում. ոչ դուռ կա,ոչ պատուհան: Ոնց որ Սոմալին լինի:

  2. alfred says:

    Երեվի Ամստերդամում բոլորը սրբեր են

  3. armen says:

    Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքը՝ https://www.youtube.com/watch?v=Zy7j5dnPtJ8

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930