Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

 Գյումրիում  դաժանաբար սպանված աղջիկը աշխատել է հավաքարար

Ապրիլ 19,2015 13:21

Ինչպես տեղեկացրել ենք՝  երեկ Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում,  Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ում դաժանաբար, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին  մորը եւ դստերը: Մայրը 70-անց Քնարիկ  Շահումյանն է, իսկ դուստրը  51-ամյա Ալվարդ Շահումյանը: Նշենք, որ Տեքստիլագործների թաղամասում գտնվում է նաեւ Շիրակի մարզպետարանը, սպանության վայրից հեռու չէ նաեւ  ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքը:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը  Aravot.am-ին տեղեկացրեց, որ դեռ բացահայտված  չէ, թե ովքեր են կատարել սպանությունը: Նա ասաց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով, եւ նաեւ 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Այսինքն՝ երկու անձանց սպանություն ՝զուգորդված ավազակային հարձակմամբ:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ  շրջանառվող լուրերի համաձայն մայրը եւ աղջիկը  տոկոսով փողեր են տվել: Դուստը աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային  մասնաճյուղում: Ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը  Aravot.am-ին  ասաց, որ Ալվարդը եղել է իրենց հավաքարարը, մինչ իր տնօրեն աշխատելը այդտեղի հավաքարարը եղել է մայրը: Երբ իրեն տնօրեն են  նշանակվել, մայրը թոշակի է գնացել, մոտեցել է իրեն ու խնդրել իր փոխարեն աշխատանքի ընդունել դստերը: Մեսրոպ Ղալաչյանն էլ մարդկայնորեն ընդառաջել է: Մեսրոպ Ղալաչյանն ասաց, որ շնորհքով, աշխույժ, կենսախինդ  ու անչափ գեղեցիկ կին էր Ալվարդը:  Մեսրոպ Ղալաչյանը տեղեկացրեց, որ նա ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, մայրը հիվանդ էր, ուներ մի քույր, որը բնակվում էր Մոսկվայում, իսկ քրոջ աղջիկը բնակվում է այստեղ: Վերջինս  գործարար ամուսին ունի,որը  թռչնաֆաբրիկայի փոքր մասնաճյուղ է հիմնել, մասնակցել է անգամ Ախուրյանի գյուղապետի ընտրություններին: «Ալվարդը արտաքնապես այնքան գեղեցիկ էր, կոկիկ հագնված, ոսկյա զարդերը գցած, որ մարդիկ շփոթվում էին ՝լսելով թե նա հավաքարարն է:  Հարցնում էին, թե ի՞նչ մասնագետ է  Ալվարդը, երբ ասում  էինք մեր  հավաքարարն է, մարդիկ զարմանում էին: Մի անգամ մեր Վանաձորի  գործընկերները միջոցառման ժամանակ  հարցրեցին, թե Ալվարդը ի՞նչ մասնագետ է, երբ ասացինք  մեր  հավաքարարն է , ապշահար  եղան ու կատակեցին, թե եթե ձեր հավաքարարն է էսքան գեղեցիկ, հագած-կապած, բա ձեր մասնագետները ի՞նչ կլինեն: Նա մի տեսակ վատ էր զգում, որ հավաքարար էր աշխատում, դրա համար շատ դեպքերում չէինք էլ ասում: Զգացվում էր , որ նյութապես շատ ապահովված է, երբեմն, երբ մեր աշխատակիցները փող չէին ունենում ու նրան էին դիմում, մարդկայնորեն միշտ ընդառաջում էր: Քեֆ-ուրախությունների ժամանակ այնպես էր պարում, նա պարի էր գնացել…, մի խոսքով, շատ ցավ եմ ապրում: Ասեմ, որ նա շատ զգույշ անձնավորություն էր, թե ինչպես է կատարվել էդ դաժան սպանությունը, ուղղակի չեմ պատկերացնում», -ասաց Մեսրոպ Ղալաչյանը:
Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Դե ամոթ ա էլի, օրը մի ապուշ բան կլսես: Էս ինչ է կատարվում?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930