Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում, Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի բնակարան 29-ում դաժանաբար, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին մորը եւ դստերը: Մայրը 70-անց Քնարիկ Շահումյանն է, իսկ դուստրը 51-ամյա Ալվարդ Շահումյանը: Նշենք, որ Տեքստիլագործների թաղամասում գտնվում է նաեւ Շիրակի մարզպետարանը, սպանության վայրից հեռու չէ նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դեռ բացահայտված չէ, թե ովքեր են կատարել սպանությունը: Նա ասաց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով, եւ նաեւ 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Այսինքն՝ երկու անձանց սպանություն ՝զուգորդված ավազակային հարձակմամբ:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ շրջանառվող լուրերի համաձայն մայրը եւ աղջիկը տոկոսով փողեր են տվել: Դուստը աշխատել է Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային մասնաճյուղում: Ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը Aravot.am-ին ասաց, որ Ալվարդը եղել է իրենց հավաքարարը, մինչ իր տնօրեն աշխատելը այդտեղի հավաքարարը եղել է մայրը: Երբ իրեն տնօրեն են նշանակվել, մայրը թոշակի է գնացել, մոտեցել է իրեն ու խնդրել իր փոխարեն աշխատանքի ընդունել դստերը: Մեսրոպ Ղալաչյանն էլ մարդկայնորեն ընդառաջել է: Մեսրոպ Ղալաչյանն ասաց, որ շնորհքով, աշխույժ, կենսախինդ ու անչափ գեղեցիկ կին էր Ալվարդը: Մեսրոպ Ղալաչյանը տեղեկացրեց, որ նա ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, մայրը հիվանդ էր, ուներ մի քույր, որը բնակվում էր Մոսկվայում, իսկ քրոջ աղջիկը բնակվում է այստեղ: Վերջինս գործարար ամուսին ունի,որը թռչնաֆաբրիկայի փոքր մասնաճյուղ է հիմնել, մասնակցել է անգամ Ախուրյանի գյուղապետի ընտրություններին: «Ալվարդը արտաքնապես այնքան գեղեցիկ էր, կոկիկ հագնված, ոսկյա զարդերը գցած, որ մարդիկ շփոթվում էին ՝լսելով թե նա հավաքարարն է: Հարցնում էին, թե ի՞նչ մասնագետ է Ալվարդը, երբ ասում էինք մեր հավաքարարն է, մարդիկ զարմանում էին: Մի անգամ մեր Վանաձորի գործընկերները միջոցառման ժամանակ հարցրեցին, թե Ալվարդը ի՞նչ մասնագետ է, երբ ասացինք մեր հավաքարարն է , ապշահար եղան ու կատակեցին, թե եթե ձեր հավաքարարն է էսքան գեղեցիկ, հագած-կապած, բա ձեր մասնագետները ի՞նչ կլինեն: Նա մի տեսակ վատ էր զգում, որ հավաքարար էր աշխատում, դրա համար շատ դեպքերում չէինք էլ ասում: Զգացվում էր , որ նյութապես շատ ապահովված է, երբեմն, երբ մեր աշխատակիցները փող չէին ունենում ու նրան էին դիմում, մարդկայնորեն միշտ ընդառաջում էր: Քեֆ-ուրախությունների ժամանակ այնպես էր պարում, նա պարի էր գնացել…, մի խոսքով, շատ ցավ եմ ապրում: Ասեմ, որ նա շատ զգույշ անձնավորություն էր, թե ինչպես է կատարվել էդ դաժան սպանությունը, ուղղակի չեմ պատկերացնում», -ասաց Մեսրոպ Ղալաչյանը:
Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ
Դե ամոթ ա էլի, օրը մի ապուշ բան կլսես: Էս ինչ է կատարվում?