Քաշաթաղի շրջանի Հայկազյանի գյուղական համայնքը կազմված է 4 բնակավայրերից՝ Հայկազյան, Ջանֆիդա, Սահար և Դարբնոց: Վերջինս գտնվում է Որոտանի աջափնյա հարթության վրա՝ Քաշունի վտակի 2 ափերին: Իսկ մնացածն իրար հարևանությամբ են՝ Որոտանի ձախ ափին: Համայնքի Հայկազ խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոցը գործում է Հայկազյան գյուղում, ունի մոտ 120 աշակերտ, որոնց մեծ մասը՝ հիմնականում զինվորականների երեխաներ, գալիս են հարևան Որոտան քաղաքից՝ զորամասի ավտոբուսներով: Ներկայիս շենային պայմանները բավարար չեն, և համայնքի համար նոր դպրոց է կառուցվում: Ապրիլի 17-ին համայնքում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված հուշարձանի բացումը, որին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ, Հայկազյանի և հարևան համայնքների ղեկավարներ, բնակիչներ, ուսուցիչներ, հյուրեր: Համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը, մասնագիտությամբ լինելով ճարտարապետ, ինքն է նախագծել հուշարձանը որոշել տեղը և կառուցել իր միջոցներով: Շինարարական աշխատանքները կատարել են համայնքի բնակիչները: Հայկազյանի դպրոցի տնօրեն Գևորգ Մարտիրոսյանը հանդես եկավ Մեծ Եղեռնը դատապարտող ելույթով՝ նշելով, որ ողջ աշխարհում հայությունը, նաև այլազգիներ, այս օրերին բազում միջոցառումներ են կատարում՝ ի հիշատակ միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի: Խնդրեց՝ 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը և շարունակեց՝ կարևորելով այն, որ 100 տարի է անցել, սակայն մեր ժողովուրդը չի մոռացել այդ արհավիրքը, ընդհակառակը՝ պահանջատեր ենք, իսկ աշխարհը, վաղ թե ուշ, ճանաչելու է կատարվածը որպես ցեղասպանություն Թուրքիայի կողմից: Դիմելով իր աշակերտներին՝ ասաց.
-Ձեր պապերն ու հայրերը մարտնչելով թշնամու դեմ, ազատագրեցին այս տարածքները, անկախացավ Արցախը, և այսօր մենք ենք շենացնում պապերի ազատագրված ոստանը: Ավագներիս պարտքն է՝ լավ ուսում տալ ձեզ, դաստիարակել որպես լավ հայ, լավ մարդ: Ձեր պարտքն է՝ լավ սովորել, տեր մնալ սրբացած հայրենի հողին և, հավատում եմ՝ ձեր պահանջով է Թուրքիան մեղա գալու: Այնուհետև խոսք ասացին դպրոցի սաները՝ իրենց ելույթն սկսելով Տերունական աղոթքով: Հնչեցին օրը խորհրդանշող երգեր, ասմունք: Խոսեցին նաև կատարված սարսափելի իրողության մասին, և վերջում հույս հայտնեցին, որ իրենց՝ երեխաների պահանջը կլսի աշխարհը, հատկապես՝ Թուրքիան: Դպրոցականներն ելույթն ավարտեցին «Հիշում ենք և պահանջում» կարգախոսով: Ավագ ընկերների հետ միջոցառմանը մասնակից եղան նաև ցածր դասարանցիները, նախադպրոցականները: ԼՂՀ վարչապետը, գնահատելով միջոցառումը, նաև լուսանկարվեց երեխաների հետ: Հիշատակի ցերեկույթն ավարտվեց պարզելով Անմոռուկի մեծադիր պաստառով, որի վրա նշված են հայոց տարածքները, նաև թե որտեղից որքան հայ է նահատակվել: Համայնքի ղեկավարն ասաց, որ հուշարձանի տարածքում ծառեր ու ծաղիկներ են լինելու, կանաչապատվելու է շրջակայքը: Զրուցեցի աշակերտների հետ. խոստացան լավ պահել հուշարձանը, խնամել տնկվող ծառերը, չմոռանալ Մեծ Եղեռնը և լինել ՊԱՀԱՆՋԱՏԵՐ:
Զոհրաբ Ըռքոյան