Ապրիլի 11-ին ֆրանսիական Կոլին դը Սիոն սրբավայրում ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի մասնակցությամբ տեղադրվեց «Եղիցի լույս» խաչքարը:
Բացման արարողությանը մասնակցեցին Փարիզի ՀՅԴ ներկայացուցիչները և բազմաթիվ հայեր ոչ միայն Նանսի քաղաքից, այլև Փարիզից, Բեզանսոնից, Էպինալից և Լոնգվիից:
Խաչքարը օծեց Տեր Դիրայր Քելեջյանը:
Խաչքարի տեղադրման գործում մեծ ներդրում ունեն ֆրանսիացի հոգևորականներ Ժան Փոլ Կլանը, Հոգևոր հայրեր Ալեքսանդրը և Փանոն:
Կարդացեք նաև
Բացման հանդիսավոր արարողությանը ընթերցվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես նշված էր. «Հատկանշական է, որ խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցին, այլև Հայոց գրերի գյուտին՝ խորհրդանշելով մեր ազգին բնութագրող կարևոր երկու խորհուրդներ՝ ունենալ պատմական անկորնչելի հիշողություն և ամենուր ծավալել նպատակամետ գործունեություն»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արթուր Ավետյանը՝ նշելով. «Ես կցանկանայի, որ այս խաչքարը՝ առաջին քրիստոնյա պետության` Հայաստանի, ինչպես նաև Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման խորհրդանիշը դառնա, միևնույն ժամանակ դառնա միավորող վայր ու գաղափար տեղի հայության համար»:
Իր հղած ողջույնի խոսքում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշել էր. «Մի քանի օրից լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և այս խորապատկերի վրա առավել կարևոր է Ձեր հայրենասիրական ձեռնարկի նշանակությունը: Դա Հայրենիք-Սփյուռք կապի հավերժության հերթական ու փառավոր վկայություններից մեկն է, որը, վստահ ենք, շարունակություն է ունենալու»:
Արարողությանը ներկա ՀՅԴ ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը ևս ողջունեց Նանսիի հայ համայնքի նախաձեռնությունն ու նկատեց. «Մեր պարտքն էր, որ մինչև այստեղ հասնեինք, որ մասնակցեինք այս նորաստեղծ համայնքի ողջունելի նախաձեռնությանը»:
Նշենք, որ Նանսիում հայկական կազմակերպված համայնք ձևավորվեց 2011 թվականին՝ Արթուր Ավետյանի ջանքերով: Թեև Նանսիում չկա Հայ Առաքելական եկեղեցու շենք, այնուամենայնիվ Կաթոլիկական եկեղեցու շենքում մշտապես կազմակերպվում է պատարագ և անցկացվում են եկեղեցական այլ ծեսեր:
Ստեղծվեց ու մինչ օրս գործում է Մշակույթի տունը, որը զբաղվում է համայնքի կրթական ու մշակութային կյանքի կազմակերպչական հարցերով: Կենտրոնի կիրակնօրյա հայկական դպրոցն ունի 60 սան:
2012 թվականին Ա.Ավետյանի ջանքերով հիմնվեց նաև Համազգային վարչությունն՝ իր կրթօջախով, որն իր մեծությամբ և պայմաններով գրեթե չի զիջում Մարսելի, Փարիզի, Լիոնի ու Վալանսի կրթօջախներին:
2013-ին Նանսի ռադիոկայաններից մեկում՝ «Ռադիո Ֆաժեթ»-ում հեռարձակվում է նաև ռադիոհաղորդում՝ «Հայասա.ֆմ» կիրակնօրյա երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) ծրագիրը, որը պատրաստում և վարում են Մերինե Թադևոսյանն ու Լուսինե Տերտերյանը:
Սփյուռքի նախարարություն