Լրագրողների այսօրվա հարցին, թե ո՞վ կլինի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Առանց իմ ասելու էլ լրատվամիջոցները անուններ ասում են՝ իմ փոխարեն որոշել են: Իրենց լրատվամիջոցի համար սենսացիա են ուզում անել: Բայց այդպես ամեն բան խառնում եք: Կարպինն ինձ հետ հանդիպել է՝ գրում եք, թե նա է հավաքականի մարզիչը: Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ եւ կարող եմ հանդիպել ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ մարդկանց: Բայց դա անմիջապես չպետք է կապել ազգային հավաքականի հետ: Հետո՞ ինչ, որ մարզչի տեղը թափուր է: Բայց եկեք մի բան պայմանավորվենք. երբ անձամբ ինձանից անուն կլսեք, այն ժամանակ էլ գրեք: Թեկնածու, իհարկե, կա: Ես ձեզ խոստանում եմ. եթե հավաքականի մարզչի թեկնածու եղավ, որեւէ լրատվամիջոցի առանձին չեմ ասելու եւ որեւէ մի լրատվամիջոց մյուսից առաջ չի անցնի: Կհրավիրեմ բոլորիդ ու կհայտարարեմ: Կարծում եմ, մոտ ժամանակներս մենք կունենանք ազգային հավաքականի մարզիչ: Առայժմ չեմ ուզում շտապել, չեմ ուզում նորից սխալվել: Մի անգամ ընկա երկրպագուների ճնշման տակ ու սխալվեցի: Հիմա մտածում եմ, որ մեր մարզիչը միայն ու միայն հայ պետք է լինի, որպեսզի իմանա, թե ինչի համար է խաղալու, ում համար է հաղթելու, ոգեւորությունը ում է պարգեւելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ