Ֆլեշմոբի մասնակիցները պահանջում են ՅՈՒՆԵՍԿՕ-ից Անին համարել հայկական մշակույթի մաս
«Հայ ասպետ» ԿԲՀ-ն Հանրապետության հրապարակում «Հայոց Անին վտանգված է» խորագրով ֆլեշմոբ էին կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից 1500 աշակերտներ:
Ֆլեշմոբը սկսվեց եւ ավարտվեց աղոթքով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Անիի մասին պատմող տեսանյութ: Հանրապետության տարբեր մարզերից աշակերտները այնուհետեւ սկսեցին պարել հատուկ գրված երգի տակ, մոմեր վառեցին եւ հրապարակում նրանց շուրջ կարմիր կակաչներ դրեցին:
Կարին Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան սկսել է Անին վերանորոգել. «Մենք կարող ենք փաստերով հավաստել. Հայ ասպետն արդեն յոթ տարի է այցելում է, մեր աչքի առաջ է եղել, որ այդ վերանորոգման տակ վերացվում է այն, ինչ որ հայկական է: Մենք որոշեցինք պայքարել դրա դեմ՝ անկախ նրանից, ինչ հաջողություն կունենանք, ինչի կհասնենք, այնուամենայնիվ սկսեցինք պայքարել, որովհետեւ ոչինչ անել չենք կարող: Որոշեցինք ամբողջ Հայաստանի տարածքով տարածել Հայ ասպետների մեջ եւ դուրս գալ մշակութացույցի»:
Կարդացեք նաև
Տիկին Տոնոյանը նշեց, որ հատուկ նույն երգի տակ DVD պարուսույց է նկարահանվել, որն ուղարկվել է Հայաստանի տարբեր մարզեր, որի միջոցով աշակերտները սովորել են պարը: Նա հավելեց, որ ֆլեշմոբի համար հատուկ երգ է գրվել, նաեւ ստորագրահավաք է կատարվել, որն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպությանը, որպեսզի Անին համարվի հայկական մշակույթի մաս. «Այս ամենը նորից նկարահանվելու է եւ ուղարկվելու է աշխարհի տարբեր երկրների հեռուստաալիքներին, նաեւ Թուրքիային: Մենք ցույց ենք տալու, որ մենք սկսել ենք մեր պահանջները, պատրաստ եղե՛ք»:
Միջոցառման ավարտին՝ ներկաները եւս հնարավորություն ունեցան Հանրապետության հրապարակում մոմեր վառել, որոնք դրեցին ֆլեշմոբի մասնակիցների արդեն վառած մոմերի կողքին:
Մանրամասները տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ՀԱՅ ԱՍՊԵՏԸ այսօրվա Հայաստանի ամենամեծ վտանգներից է: Դրա դեմը առեք: