Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը:
ԻԿՕՄՕՍ-ն արդեն 50 տարեկան է, և այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ԻԿՕՄՕՍ Հայաստանի հետ միասին, միանալով հոբելյանը նշելու առաքելությանը, այսօր «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ցուցադրություն էր կազմակերպել թանգարանում:
«Հազարավոր հայկական եկեղեցիներ, վանքեր, ճարտարապետական, հնագիտական ժառանգության հոգևոր ու աշխարհիկ (այդ թվում նաև ուրարտական ժամանակաշրջանի) արժեքներ, գտնվելով Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի տարհանման և զանգվածային ջարդերի ժամանակ ամբողջությամբ ավերվել, վնասվել կամ հասցվել են անմխիթար վիճակի: Եվ, ցավոք, այսօր դրանք հանրությանը կարող ենք ներկայացնել միայն լուսանկարներով և տեղեկատվական պաստառներով»,- ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսում, մասնավորապես, ներկայացված են պատմական Հայաստանի ուրարտական հուշարձանները՝ ամրոց-բնակավայրերը (Տուշպա, Հայկաբերդ, Այանիս), բացօթյա ծիսապաշտամունքային համալիրները (Մհերի Դուռ, Հազինե Փիրի, Աշոտակերտ, Գանձադուռ) և հայկական եկեղեցիները, որոնցում գտնվել են ուրարտական սեպագիր արձանագրություններ (Վարագավանք, Արծվաբերդ, Աղթամարի Սբ Խաչ և այլն): Հուշարձաններ, որոնք տարբեր ժամանակներում պեղվել և ուսումնասիրվել են հայ և օտարազգի ականավոր հնագետների կողմից, որոնց մեկնությունն ու հանրայնացումը, սակայն, մինչ օրս լիարժեք չէ:
«Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք լայն հանրությանը տեղեկացնել մեր ուրարտական ժառանգության մասին և ասել, որ մենք այդ ժառանգության տերն ենք և դրա հանրահռչակման խնդիր ենք լուծում»,- ասաց Գ. Գյուրջյանը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2015 թ. մայիսի 30-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ