Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ Վարշավայում

Ապրիլ 18,2015 21:33

Ապրիլի 15-ին և 16-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ` Լեհաստանում բնակվող հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով ցուցահանդեսների շարքի երկրորդ անհատական ցուցադրությունը և Վարշավայի քաղաքապետարանում հայ նկարիչներ Ադել Հայրապետյանի «Հայոց հարսներ» և Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների համատեղ ցուցահանդեսը: Վերջինս անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Մազովեցկի շրջանի ղեկավար Յացեկ Կոզլովսկիի հովանու ներքո, ովքեր իրենց ելույթներով ողջունեցին ներկաներին:

Ցուցահանդեսներին ներկա էին դեսպան Ղազարյանը, ՀՀ-ում Լեհաստանի առաջին և երկրորդ դեսպաններ, պարոն Քնոտեն և պարոն Ռաչինսկին, Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության, լեհական ռադիոհեռուստատեսության, հայ համայնքի մշակութային հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեհ մտավորականներ և արվեստագետներ, լրագրողներ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերի ներկայությունը ցուցահանդեսին և շնորհակալություն հայտնելով նկարիչներ Ադել Հայրապետյանին և Գագիկ Պարսամյանին գեղեցիկ նախաձեռնության համար՝ դեսպան Ղազարյանը նշեց, որ նման միջոցառումները լավ հնարավորությունն են ստեղծում ոչ միայն հայ և լեհ ժողովուրդների մշակույթներին միմյանց ծանոթացնելու համար, այլ բարեկամաբար հաղորդակցվելու և սատարելու միմյանց խնդիրերին:

Դեսպանը ներկաներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի մոտեցումները` միաժամանակ իր և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնելով լեհ ժողովրդին և Լեհաստանի կառավարությանը, որը ևս, ի թիվս մի շարք երկրների, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Դեսպանն իր երախտիքի խոսքը հղեց նաև Լեհաստանի իշխանություններին և ժողովրդին՝ Լեհաստանի հայ համայնքին ցուցաբերվող հոգատարության համար, ինչը նպաստում է հայկական մշակութային կյանքի հզորացմանը, ազգային-եկեղեցական ավանդույթների և համայնքային կյանքի ակտիվացմանը, ինչպես նաև ազգային ինքնության պահպանմանը:

Ցուցահանդեսի ընթացքում Լեհաստանում բնակվող երիտասարդ օպերային երգչուհի Սոնա Մաթևոսյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930