Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրված, բայց նոր սերնդի կողմից գրեթե չլսված երգը՝ ռոքային մեկնաբանությամբ

Ապրիլ 18,2015 20:22

«The Beautified project» ռոք խումբն արդեն տասը տարեկան է: Հոբելյանը համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, և այդ առիթով խումբը նոր ձայնասկավառակ է թողարկել: Այն Ալեքսեյ Հեքիմյանի հայտնի «Արագիլ» երգի անունով է կոչվում: Երգ, որը խումբը ներկայացնում է ռոքային մեկնաբանությամբ:

«Քանի որ մենք երեքս էլ հայրենադարձ ենք և արդեն մոտավորապես տասը տարի է՝ ապրում ենք Հայաստանում, որոշեցինք 100-րդ տարելիցի առթիվ թողարկել մի երգ, որը կքաջալերի և կխրախուսի սփյուռքի հայերին, որ վերադառնան հայրենիք և ապրեն Հայաստանում: Խոսքը Հեքիմյանի «Արագիլ» երգի մասին է: «Կիլիկիայի» հաջողությունից հետո մեզ շատ էին հարցնում, թե երբ ենք մեկ այլ հայերեն երգ թողարկելու, և հինգ տարի անց որոշեցինք «Արագիլ» երգի վրա աշխատել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խմբի հիմնադիր, վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանը:

«Սա այն երգերից է, որոնք շատ սիրված են եղել, բայց մեր սերունդը չի լսում դրանք, և հիմա մենք փորձում ենք այդ երգերը մեր ձեռագրով ներկայացնել նոր սերնդին, որպեսզի դրանք հնչեն ու ավելի ճանաչված լինեն»,- ասաց խմբի կիթառահար Արմեն Շավերդյանը:

«Արագիլ» երգն արդեն տեսահոլովակ էլ ունի, որի ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է, օպերատորը՝ Սերժ Արզումանյանը: Տեսահոլովակը, որում նկարահանվել է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, օգտագործված է նաև ժեստերի լեզուն, ինչով հեղինակները փորձել են ցույց տալ աշխարհի խուլ ու համր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ։

Ձայնասկավառակի շապիկին երկու գանգեր են՝ մարդու և արագիլի: Առաջինը խորհրդանշում է ցեղասպանության սարսափը, երկրորդը՝ արտագաղթը, ինչը, ըստ Անդրե Սիմոնյանի, ևս մեծ աղետ է մեզ համար:

Տեղեկացնենք, որ «Արագիլ» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ խմբի՝ «Կամի» ակումբում կայանալիք համերգի ընթացքում:

Այնուհետև խումբը կմեկնի համերգային շրջագայության, որը ևս նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «The Beautified project»-ը մայիսի 9-ին կլինի Բեռլինում, մայիսի 15-ին՝ Փարիզում, մայիսի 17-ին՝ Վիեննայում: Համերգներ են նախատեսվում  նաև Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում:

«Մենք փորձում ենք այս շրջագայությամբ ներկայանալ հատկապես օտարազգի հանդիսատեսին: Մեր նպատակն այն է, որ հայ արվեստը և Հայոց ցեղասպանության խնդիրն այլ ազգերի ներկայացնենք»,- ընդգծեց Ա. Սիմոնյանը:

«Հարված ընդդեմ ցեղասպանությունների». այս խորագիրն է կրում Եվրոպա կատարելիք համերգային շրջագայությունը. «Հոգնակիով, որովհետև մենք դեմ ենք ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև ընդհանրապես բոլոր ցեղասպանություններին, որոնք, ցավոք, այսօր էլ են տեղի ունենում ողջ աշխարհում»,- մեկնաբանեց Ա. Սիմոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930