Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվելուց հետո Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցների հետ հենց առաջին հանդիպմանը խոսեց ազգային հավաքականի եւ գլխավոր մարզչի ընտրության մասին:
«Հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցում մենք սխալվել ենք: Դրանում ես ինձ էլ եմ մեղադրում, որովհետեւ, ի վերջո, ընտրությունը ես եմ կատարել: Բայց անհաջողությունները պետք է բարդել միայն մարզչի վրա: Հավաքականում կան բազմաթիվ դժվարին պրոբլեմներ՝ կապված որոշ ֆուտբոլիստների հետ: Բոլորս հիշում ենք՝ ժամանակին մենք ունեինք Քարամյան եղբայրներ, Ռոմիկ Խաչատրյան, որոնք հավաքական էին գալիս տուրիստի կարգավիճակով: Հիմա էլ այդպիսի մի քանի ֆուտբոլիստներ կան: Ես խոստանում եմ, որ մոտ ժամանակներս շատ արագ կկարգավորեմ հավաքականում կարգապահական հարցերը: Ֆուտբոլիստի տաղանդը շատ կարեւոր է, բայց կարգուկանոնն ավելի կարեւոր է, ինչը ցավոք այսօր չունենք մեր ազգային հավաքականում: Մենք չպետք է քաշվենք ֆուտբոլիստների անունից, հեղինակությունից: Այդպիսիներին պետք է ցույց տալ հավաքականի ելքի դուռը: Հավաքականը նրանց համար տուրիստական կազմակերպություն չէ, որ ֆեդերացիայի հաշվին գան, իրենց հարազատներին տեսնեն ու գնան: Մենք պիտի անենք այն քայլը, որն արեցինք ժամանակին եւ ունեցանք պատվախնդիր, կռիվ տվող հավաքական», – ասաց ՀՖՖ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բա որ տուրիստներին հանես, ով ա խաղալու? Դու?