Լրահոս
Օրվա լրահոսը

 Ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետ Կամիսարի բողոքի քննությունը շարունակվում է

Ապրիլ 18,2015 19:30

3,5 տարվա ազատազրկման դատապարտված, ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետ Կամիսար Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 29-ին:

Նա պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կամ կիրառել համաներում իր մեղքը իրավական գնահատական տալուց հետո:

Հետաքննության բաժանմունքի պետը մեղադրվել է Արսեն Պետրոսյանից 7000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար: Նա առաջին ատյանում հաստատված ապացույցների համաձայն,  ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու կեղծ խոստումով Ա. Պետրոսյանին «դրդել է» հիշյալ գումարն իբրև կաշառք տալ այդ պաշտոնին նշանակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց: Գումարը ստացել է, սակայն հափշտակել է:

Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով էլ Կամիսարին մեղադրանք էր առաջադրվել իր տանը 20 հատ փամփուշտ պահելու համար:

Ի դեպ, Կամիսար Պողոսյանը ազգակցական կապերի մեջ է գտնվել տուժող Արսեն Պետրոսյանի հետ, չնայած հետագայում որեւէ շփում նրանց ընտանիքների մեջ չի եղել:

Տուժող Արսեն Պետրոսյանի հարազատները խնդրել են Կամիսար Պողոսյանին, Արսեն Պետրոսյանին, որպես ազգականի՝ ընդունել և աջակցել «ճանապարհային ոստիկանություն» տեղափոխվելու հարցում։ 6 տարի առաջ՝ 2009թ. նոյեմբերի 11-ին Կամիսար Պողոսյանին հանդիպելու շուրջ ունեցած պայմանավորվածության համաձայն տուժողը այցելել է Երևան քաղաքի վարչության շենքի՝ Կամիսար Պողոսյանի աշխատասենյակ, որտեղ հանդիպել է նրան, զրուցել, հայտնել է ՊՊՎ ԿՕՊ գնդից «ճանապարհային ոստիկանություն» տեղափոխվելու իր ցանկության մասին և խնդրել նրա աջակցությունը։

Արսենի համաձայնությունը ստանալուց հետո Կամիսար Պողոսյանը նրան հայտնել է, որ տեղափոխման գործընթացն արագ կազմակերպելու համար անհրաժեշտ է 5000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 2000 ԱՄՆ դոլարն անհարժեշտ է հետագայում։

Ըստ գործի նյութերի. «Արսեն Պետրոսյանի հեռանալուց հետո Կամիսար Պողոսյանը ժամեր անց իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է Արսեն Պետրոսյանի հեռախոսահամարին ու պահանջել 5000 ԱՄՆ դոլարը։ Վերջինս դեռևս 2009թ. օգոստոսի 24-ին Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանի վաճառքից գոյացած գումարից «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում ունենալով ավանդադրած 7000 ԱՄՆ դոլար՝ 2009թ. նոյեմբերի 11-ին հիշյալ բանկի Մալաթիայի մասնաճյուղից կանխիկացրել է 6500 ԱՄՆ դոլարը, որից 1.940.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը նույն օրը Կամիսար Պողոսյանի աշխատասենյակում տվել է նրան»։

Արսեն Պետրոսյանը 2000 ԱՄՆ դոլարն էլ պարտքով վերցրել է իր աներոջից՝ Վարդան Համբարյանից, նոյեմբերի 12-ին կրկին Կամիսար Պողոսյանի աշխատասենյակում փոխանցել նրան։ Ի դեպ, տուժողը պարտքը մարելու համար ընտանիքի ոսկյա զարդերը գրավադրել է բանկում: Արսեն Պետրոսյանը 2011թ. հունիսին Կամիսարից  պահանջում  է վերադարձնել իբր կաշառք տված 7000 ԱՄՆ դոլարը։ Կամիսարը գրում է պարտավորագրեր, սակայն գումարը չի վերադարձնում, տուժողը 2014թ. մայիսի 22-ին դիմում է ՀՀ, ոստիկանության ՔՀ գլխավոր վարչություն և Կամիսար Պողոսյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ հաղորդմամբ։

2014թ. մայիսի 24-ին Կամիսար Պողոսյանի բնակարանում խուզարկություն է լինում, հայտնաբերվում մեղադրանքի կողմի գնահատմամբ՝ ապօրինի ռազմամթերքը:

Նշեմ, որ Կամիսար Պողոսյանը 1990-1993թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, եւ ըստ նրա էլ,  մարտադաշտից բերված փամփուշտներն են եղել դրանք:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավորն է Մխիթար Պապոյանը:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930