«Կարեն Դեմիրճյանը միայն չէր երազում: Ի տարբերություն մնացածի եւ մեզ, նա ստեղծում էր: Նրա ստեղծած Հայաստանը, պատկերացրեք, քանդում են, քանդում ու մեծ եկամուտներով դեռ չեն կարողանում վերջնական քանդել: Դեռ չի սպառվում այն հարստությունը, որ ստեղծեց Կարեն Դեմիրճյանը»,- Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի 83-ամյակին Պանթեոն այցելած ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ այսպիսի՞ Հայաստան էր երազում Կարեն Դեմիրճյանը:
Զոյա Թադեւոսյանը հպարտ է, որ ճանաչել է Կարեն Դեմիրճյանին. «Ես ինձ գիտեք ինչ լավ եմ զգում, երբ մտածում եմ, որ ես նրան տեսել եմ, ես եղել եմ նրա ժամանակ քաղաքացի, ես նրան թագավոր եմ ասել: Մեր ընտանիքում էլ նրան ասում էինք՝ թագավորը, որովհետեւ նա իրականում էլ իրեն թագավորի նման էր պահում: Նա մանրախնդիր չէր, գրագետ էր, զարգացած էր, պետության մասին մտածող էր, պետական մտածողություն ուներ եւ դա սրսկում էր բոլորի մեջ: Նա պատասխանատվություն ուներ, կարգապահ էր: Սրանք հատկանիշներ են, որոնք պետությունը կանգնեցնելու ամենակարեւոր հիմքերն են, հիմնային քարերն են, ապառաժներն են: Չկա դա, չկա պետություն: Հիմա տեսեք ինչ ունենք՝ անպատասխանատու իշխանությունների թեթեւ ձեռքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ