ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ–ФСБ) և ՀՀ-ում ու ԼՂՀ-ում նրա ներկայացուցիչների ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») անկախ հայկական թերթը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վ. Պուտինին: Հայ լրագրողների նամակի պատճենները ուղարկվել են ՀՀ և ԼՂՀ նախագահներին, հայկական երկու հանրապետությունների ԱԺ և կառավարությունների ղեկավարներին, ՀՀ–ում ՄԱԿ–ի, ԵԱՀԿ ու ԵՄ ներկայացուցչություններին, ՀՀ բոլոր դեսպանատներին, իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին: Նամակում ասված է.
«Հարգարժան պարոն նախագահ:
Արդեն 4-րդ տարին է, ինչ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները կոպտորեն խախտում են մեր թերթի բազմազգ աշխատակազմի իրավունքները, չքննելով պաշտոնապես ՌԴ Դաշնության Խորհրդի անդամ ներկայացող ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևի կողմից «ԵՈՒՊ» ֆինանսական միջոցների գողության փաստը: ՌԴ պաշտոնյայի կատարած հանցագործության պատճառով թերթը, որն քարոզում էր տարբեր ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության գաղափարները, ստիպված դադարեցրել է իր գործունեությունը
Կարդացեք նաև
2010 թ. ФСБ-ն քրեական գործ է հարուցել հանցագործություն կատարած ԱԴԾ փոխգնդապետի նկատմամբ, իսկ 2011 թ.՝ հեռացրել նրան ծառայությունից: Նշյալ փաստն ապացուցված է ոչ միայն Պոզդիշևի ազգականների և ФСБ-ում նրա անմիջական ղեկավարության ներկայացուցչի վկայություններով, այլև նույն իրավախախտի բազմաթիվ խոստովանություններով (թերթի խմբագրությունը պատրաստ է ներկայացնել նրանց գրավոր հաղորդագրությունների պատճենները): Այլ կերպ ասած, ФСБ-ն ինքն է համոզվել Վ.Պոզդիշևի գործողությունների հանցավորության մեջ, «պատժել» է նրան լրագրողներին կողոպտելու համար և նույնիսկ արգելել իրավախախտին լքել ՌԴ տարածքը առնվազն մինչև 2015 թ: Սակայն, մեղմ ասած, չի շտապում վերադարձնել լրագրողների ազնվորեն վաստակած խնայողությունները:
Այս գրեթե 4 տարիների ընթացքում «ԵՈՒՊ» խմբագրությունը բազում անգամ դիմել է ՌԴ իրավապահ բոլոր ատյաններին, սակայն ոչ ՌԴ Գլխավոր դատախազությունը, ոչ Քննչական կոմիտեն, ոչ առավել ևս ԱԴԾ-ն, չնայած մեր բոլոր կոչերին ու ապացույցներ տրամադրելու պատրաստականությանը, չբարեհաճեցին գոնե հարցաքննել վկաներին: Լռում է նաև Երևանում ՌԴ դեսպանատունը: Հետաքննության ինչ-որ փորձեր է կատարել միայն ՌԴ ՆԳՆ-ն, սակայն եռամսյա ծանր մտորումներից հետո որոշել է փոխանցել գործը ФСБ-ին: Ռուսական Ֆեմիդան քաջ գիտակցում է մեր պահանջների իրավացիությունը, սակայն բացահայտորեն պաշտպանելով հանցագործին, չի կատարում օրենսդրությամբ նախատեսված նույնիսկ ամենապարզ ընթացակարգային գործողությունները: ՌԴ-ում մեր գործընկերների համոզմամբ, բոլոր այս անօրինականություններն ունեն մի պատճառ. եթե հանցագործը ФСБ-ից է, ապա նա Ռուսաստանում պատասխանատվության չի ենթարկվի:
Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ 2012 թ. սեպտեմբերի 29-ին ու հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահի, ՌԴ կառավարության ու «Եդինայա Ռոսսիյա» իշխող կուսակցության լիազոր ներկայացուցիչները հաղորդել են մեզ, թե «ԵՈՒՊ» խմբագրության դիմումը ուղարկվել է ФСБ, որին էլ հանձնարարվել է, մեջբերում ենք՝ «մոտիվացված պատասխան տալ թերթի աշխատակազմին՝ բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ պատասխանի պատճենը ուղարկել ՌԴ Կառավարություն»: Ավելին. ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի օգնականները, ովքեր ներկայանում են որպես Յուլիա ու Վերոնիկա, հաղորդել են մեզ, որ Դմիտրի Պեսկովին հայտնի է հայկական թերթի հանդեպ ФСБ-ի փոխգնդապետի կատարած հանցագործության մասին, մեջբերում ենք. «Ձեր նամակը նրա սեղանին է» (նրանց հետ զրույցի ձայնագրությունը պահպանվում է): Սակայն մինչ օրս, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում…
Մեծարգո պարոն նախագահ: ՀՀ կատարելիք Ձեր այցի օրը, ս.թ. ապրիլի 24-ին, մենք ի նշան բողոքի պատրաստվում էինք հացադուլ հայտարարել՝ ռուս պաշտոնյաներից պահանջելով վերականգնել օրինականությունն այս գործում: Սակայն չցանկանալով մռայլեցնել ՌԴ նախագահի այցը ՀՀ առանց այն էլ մռայլ տարեդարձի առնչությամբ ու սխալ ընկալվել հասարակության կողմից, որոշել ենք հետաձգել բողոքի ակցիան մինչև չստանանք Ձեր պատասխանը այս դիմումին: Մենք հավատում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման օգտին բազմիցս արտահայտված Ռուսաստանի Դաշնության նախագահը կարձագանքի կարծես թե բարեկամական երկրի լրագրողների կոչին ու միջոցներ կձեռնարկի ամենապարզ, ամենատարրական արդարության վերականգնման ուղղությամբ: Մեր միակ ցանկությունը՝ նշյալ խնդրի կարգավորումն է օրինականության շրջանակներում: Եթե թերթի խմբագրությունը իրավացի չէ իր պահանջներում, մենք պատրաստ ենք հրապարակայնորեն ներողություն խնդրել ռուս պաշտոնյաներից և նույնիսկ պատասխանատվության ենթարկվել: Իսկ եթե իրավացի ենք, ապա պահանջում ենք վերադարձնել ՌԴ պաշտոնյայի կողմից թերթի գողացված միջոցները: Ընդգծում ենք նորից. այդ գողության համար նա հեռացվել է պետական ծառայությունից:
Հարգարժան պարոն Պուտին: Քանի որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ղեկավարությունը պարբերաբար խնդիրներ է ունենում՝ կապված լսողության ու տեսողության հետ, և շրջափակում է ՌԴ իշխանություններին հասցեագրված մեր բոլոր դիմումները, մենք ուղարկում ենք այս նամակի պատճենները Երևանում բոլոր պետությունների դեսպանատներին՝ խնդրելով նրանց ՌԴ ԱԳՆ-ին հանձնել դրանք իրենց երկրներում գործող ՌԴ դեսպանատների միջոցով: ՀՀ-ում ՌԴ դեսպան պրն Վոլինկինը այլ ելք մեզ պարզապես չի թողնում:
Խնդրում ենք Ձեզ պատասխանել մեր նամակին քաղաքացիների դիմումները քննարկելու օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:
Հարգանքով՝
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«ԵՈՒՊ» գլխավոր խմբագիր
Նելսոն ՍԱՐԳՍՅԱՆ
«ԵՈՒՊ» գործադիր տնօրեն