Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայոց ցեղասպանության դասերը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայոց ցեղասպանությունը և հայ կինը» թեմայով զեկուցումը:
Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնը գիտաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը զեկուցում կարդաց «1894-1896թթ. ջարդերի ազդեցությունը հայկական հոգեկերտվածքի վրա Ավ.Ահարոնյանի «Պատկերներ» շարքում» թեմայով:
Հայոց ցեղասպանության իրավաբանական պատասխանատվության հիմնախնդիրները
ներկայացրեց ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը:
Իրավագիտական հետաքրքիր ուսումնասիրություններ ներկայացրին նաև ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Մարտին Մանուկյանը («Ցեղասպանության քրեաիրավական բնութագիրը ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի») և ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը, («Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան որպես ցեղասպանությունների կանխարգելման իրավական միջոց`արդի մարտահրավերների համատեքստում») թեմաներով:
Ամփոփելով նստաշրջանը՝ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը բարձր գնահատեց գիտաժողովի արդյունավետ աշխատանքը և առաջարկեց ուսումնասիրությունները թարգմանել նաև անգլերեն և հրատարակել, որն էլ արժանացավ գիտաժողովին մասնակցող գիտխորհրդի հավանությանը:
Կարդացեք նաև
Սփյուռքի նախարարություն