Գյումրեցի երիտասարդ երգիչները պատրաստվում են համերգի
Մայիսի 2 -ին՝ ժամը 18:00-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա գյումրեցի սիրված երգիչների և ARATTA ethno jazz band-ի համատեղ համերգային ծրագիրը, որին կմասնակցեն «Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» նախագծի երկրորդ և երրորդ եթերաշրջանների հաղթողներ Կիմ Գրիգորյանն ու Վահե Մարգարյանը, Արմեն Եդիգարյանը, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Սերոբ Հարությունյանը և ARATTA ethno jazz band-ը: Համերգը կլինի կենդանի հնչողությամբ: Երգիչների կազմը շատ բազմազան է ու տարբեր ոճերի: Այսինքն` համերգին հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու ժողովրդական երգից մինչև բլյուզ և ռոք:
Ինչպես տեղեկացրեց երգիչ Սևակ Խաչատրյանը՝ համերգը թեմատիկ ուղղվածություն չի ունենա:
«Նպատակը քաղաքում լավ երաժշտության մատուցումն է : Ընկերներով որոշեցինք մեր հանդիսատեսին հաճելի երեկո պարգևել: Համերգի կազմակերպիչը ժողովրդական երգիչ Սերոբ Հարությունյանն է, բայց բոլորս էլ մեր ներդրումն ունենք այդ գործում: Հուսով եմ այդ համերգով մեծ բավականություն և ադրենալին կփոխանցենք մեր համաքաղաքացիներին,- եզրափակեց երգիչը:
«ARATTA ethno jazz band-ը Գյումրու հանդիսատեսին կներկայանա իր առավել հայտնի ու արդեն սիրված կատարումներով: Համերգի ժամանակ մեզ կմիանա նաև Արմեն Եդիգարյանը: Միասին կատարելու ենք Գյումրվա մի երգ, որի մասին չեմ խոսի, այն անակնկալ եմ թողնում մեր հանդիսատեսի համար»,- չբացելով բոլոր փակագծերը՝ մեզ հետ զրույցում ասաց խմբի երաժիշտ, կիթառահար Արմեն Հովհաննիսյանը:
Այսպիսով՝ համերգի մասնակիցներն իրենց հանդիսատեսին խոտանում են ակնկալներով ու հաճելի պահերով հագեցած համերգային ծրագիր:
Ստելլա Հարությունյան