Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ ճանաչման գործընթացը Ամերիկայի հասարակության ներսում ստեղծել է ճանաչման անհրաժեշտության գիտակցություն
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած չնախատեսված այցին:
«Վստահաբար, վտանգ են տեսել նաեւ Միացյալ Նահանգներից, որովհետեւ վերջին շրջանում երկու նահանգ նորից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ձնագնդի էֆեկտով մեծանում է. «Եթե Թուրքիան մինչեւ հիմա չէր կարողացել հաշվարկել դրա հետեւանքները եւ կանխել ճանաչման գործընթացը, ես համոզված եմ, որ այդպիսի հնարավորություն հիմա նրանք առավել եւս չունեն. Միեւնույն է՝ տեմպը լինելու է, գործընթացը ավելի մեծ մասշտաբների է հասնելու: Վստահ չեմ ցեղասպանություն բառը կարտասանի՞ Օբաման, թե՞ ոչ կամ արդյոք Միացյալ Նահանգները կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Բայց պարզ է մի բան, որ թե՛ ամերիկյան լրատվամիջոցները, թե՛ հասարակական կազմակերպությունները եւ թե՛ փորձագիտական շրջանակները այսօր բավականին լուրջ ճնշում են գործադրում իրենց իշխանությունների վրա: Այսինքն՝ ճանաչման գործընթացը Ամերիկայի հասարակության ներսում ստեղծել է ճանաչման անհրաժեշտության գիտակցություն»:
Կարդացեք նաև
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ միայն տարբեր քաղաքական կառույցները չեն Վաշինգտոնի վրա ճնշում գործադրում»:
«Եթե Չավուշօղլուն այսպես պատահական եւ շտապողական գնում է Վաշինգտոն, ես հայկական կողմի համար լավ շարժառիթ եմ տեսնում: Այսինքն՝ կա վտանգ, փորձելու են լուծել այդ վտանգը: Բնականաբար, թուրքական հակազդեցությունը լինելու է, բայց նրանց արդյունավետությունը ժամանակը ցույց կտա»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ