Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը բացահայտելու է ընդդիմախոսներին

Ապրիլ 18,2015 15:44

Նախարարը պարզելու է, թե ինչու են մարդիկ ալյուրի հարստացման դեմ արտահայտվում

 Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումներին պատրաստվում է նաեւ առողջապահության նախարարությունը: Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ համաճարակաբանական հսկողությունն ուժեղացվել է սահմաններից սկսած անցակետերում, բոլոր հյուրանոցները կցվել են համապատասխան պոլիկլինիկաներին, ուժեղացվել են պոլիկլինիկական ծառայությունները, հիվանդանոցային ցանցը, բոլորը ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, շտապ օգնության մեքենաներն էլ ուժեղացված ռեժիմով ուղեկցելու են բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ ապրիլի 23-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կայանալիք պատարագի եւ Սրբադասման արարողության ընթացքում:

Առողջապահության նախարարն անդրադարձավ նաեւ դեղորայքային քաղաքականությանը, նշելով, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակին: Ըստ նախարարի, Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը ենթադրում է օրենսդրական ակտերի, նորմատիվ փաստաթղթերի եւ  ուղեցույցների ներդաշնակեցում. մինչ օրս քննարկվել եւ ներդաշնակեցվել է դեղերի ոլորտին առնչվող 15 նորմատիվային ակտ: Դրանք վերաբերում են գրանցման գործընթացներին, արտադրությանը, կլինիկական փորձարկումներին, դեղերի շրջանառությանը:

«Տարադրամի փոփոխությունների հետ կապված գնային մեծ տարբերություն էր նկատվում: Մենք գնացինք կառավարության որոշման փոփոխությանը, եւ մեր գործընկերները ներմուծման ընթացքում անում են նույնականացման գործընթաց, որը նաեւ Հայաստանում սկսեցինք իրականացնել, բայց ի տարբերություն նրանց, նրանք քսանհինգ օրում են իրականացնում, իսկ մենք իջեցրել ենք մինչեւ յոթ օր»,-ասաց նախարարը:

Մուրադյանի խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում սրտի ստենդերը մաքսատուրքից ազատվել են, որը դրական ազդեցություն է թողել ոլորտի վրա:

Նախարարը, որպես ձեռքբերում, նշեց, շաքարային դիաբետով հիվանդների համար պետական գնումներով ձեռք բերման ընթացակարգի փոփոխությունը. ըստ այդմ այն գնվում է անմիջապես արտադրողից, որը զգալի ֆինանսական միջոցների տնտեսում կապահովի:

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ վերջին 1 տարվա ընթացքում շահագործման է հանձնվել Ալավերդու բժշկական կենտրոնը, Նավուր, Բագրատաշեն, Քաղցրաշեն, Ակնալիճ եւ Լեռնապատ համայնքներում կառուցվել են ամբուլատորիաների նոր շենքեր, իսկ Բերդավանի ամբուլատորիան հիմնանորոգվել է: Ավարտվել են Գյումրու ախտաբանաանատոմիական լաբորատորիայի կառուցման, ինչպես նաեւ Մեծամորի հիվանդանոցի ամբուլատոր-պոլիկլինիկական մասի վերակառուցման շինարարական աշխատանքները: Նախարարը վստահեցրեց, որ այս բոլոր այս բուժհաստատությունները հագեցվել են բժշկական կահույքով եւ անհրաժեշտ սարքավորումներով: Նախատեսվում է տնտեսված միջոցների հաշվին կառուցել եւս 5 համայնքային ամբուլատորիա:

Մեղրու տարածաշրջանային բուժկենտրոնի կառուցման եւ Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, Կապանի եւ Բերդի  բուժկենտրոնների արդիականացման աշխատանքները շուտով կավարտվեն, շուտով կավարտվի նաեւ Ոսկեւանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները:

2016 թվականին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրով Հայաստանում կգործի տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա եւ  բարձր դեղաչափային քիմիոթերապիայի եւ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ:

Ըստ Արմեն Մուրադյանի՝ արգանդի պարանոցի քաղցկեղի  սկրինինգային ծրագրով մոտ  4 հազար 30-60 տարեկան կանայք են հետազոտվել, ծրագիրը շարունակվելու է երեք տարի Համաշխարհային բանկի աջակցությամբ: Նախարարը հույս հայտնեց, որ 50% ներգրավվածություն կլինի այս ծրագրում:

Լրագրողներից մեկի հարցին՝ եթե ալյուրի հարստացման ծրագրի վերաբերյալ փաստարկներ բերվեն, որ այդ ծրագիրը սխալ է, նախարարությունն ի՞նչ քայլեր կանի, պարոն Մուրադյանն ասաց. «Այդ միֆերը, առասպելները, որոնցով փորձում են բացասական ներկայացնել ընդդիմախոսները, պետք է բացահայտել, թե ինչո՞ւ են դա անում: Դրանք զավեշտալի եւ անհեթեթ են: Մենք պատրաստ ենք գործնական, գիտական հիմնավորված, մեթոդաբանությունով քննարկումների, եւ այս երկու-երեք ամսվա ընթացքում  միջազգային քննարկում կլինի գիտությունների ազգային ակադեմիայում: Նաեւ կլինի ժողովրդագրական եւ առողջապահական վիճակագրություն, կլինեն նոր տվյալները եւ, ցավոք, պետք է ասեմ, որ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ ցուցանիշները վատթարացման են գնալու՝ սակավարյունության հետ կապված երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Իսկ առանձին ընդդիմախոսները, թե ինչո՞ւ են այդպիսի ահաբեկող տվյալներ բերում, կարծում եմ, մեր կողմից եւս պետք է բացահայտվի, եւ մենք պետք է անպայման այդ տվյալները ներկայացնենք լրատվական միջոցներին, որովհետեւ անընդհատ ուղղակի բացատրվել, նշանակում է արդարանալու ինչ-որ մի միտում: Արդարանալու միտում պիտի ունենան այն կազմակերպությունները եւ այս աշխատանքի իրականացնողները, որոնք գիտակցում են իրենց մեղքի բաժինը: Միայն մեկ օրինակ կարող եմ բերել, այն  որ ասում են քաղցկեղածին է, յուրաքանչյուր վիտամին կարող է ունենալ առողջության համար լուրջ խնդիրներ»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930