«Երբ ասում ենք, որ մշակութային ցեղասպանություն է լինում, մենք հասկանում ենք վանքերը, եկեղեցիները: Բայց մշակութային բարձրագույն արժեքը լեզուն է: Հնարավոր է լեզվի գործածությունն արգելել եւ լինգվոցիդ անել: Արեւմտահայության դեպքում ցեղասպանել են նաեւ լեզվակիր հանրությանը, հատուկ հրամանով արգելել են հայերեն խոսել»,- այսօր «Հայք» կենտրոնում խոսելով լեզվական ցեղասպանության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց լեզվաբան Ավիկ Մարությանը:
Նրա խոսքերով՝ «7 բառ հայերեն ասելը նշանակել է մահապատիժ: Դա մինչեւ ցեղասպանությունն է եղել՝ 1914-ից: Հետո վերացրել են այդ լեզուն կրող հանրությանը: Մենք ունենք երկու գրական լեզու՝ արեւմտահայերենը եւ արեւելեահայերենը: Մի 20 տարի հետո արեւմտահայերենը կդադարի լեզու լինելուց, միայն գրքերում կլինի, ինչպիսին այսօր գրաբարն է»:
Ավիկ Մարությանը մտահոգություն հայտնեց, որ այսօր մեր երկրորդ գրական լեզուն գտնվում է մահացության վերջին փուլում: Արեւմտահայերի սերունդը խոսում է կա՛մ անգլերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով: Արեւմտահայերենը, որպես այդպիսին, չկա՝ որպես լեզվական որակ: Սրա համար էլ հո հանձնաժողով պետք չի՞, որ ասեն՝ կա՞, թե՞ չկա: Չկա: Մեր բարբառների 30 տոկոսն էլ է իսպառ վերացվել»:
Լեզվաբանն ասաց, որ իրենք նամակ են գրել ՄԱԿ-ին, որ 1948-ի ցեղասպանության դատապարտման կոնվենցայի մեջ մշակութային ցեղասպանություն ու լեզվական ցեղասպանության մասին խոսք չկա. «Բայց դա էլ է ցեղասպանություն: Մինչդեռ մարդկանց ավելի հետաքրքրում են սեռական փոքրամասնություններն ու աղանդավորները, քան լեզվի հարցը»:
Կարդացեք նաև
Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքերով՝ եղեռն եւ ցեղասպանություն բառը չի ամփոփում այն, ինչ իրականում եղել է. «Դա բնաջնջում է սեփական հողում: Մենք կորցրեցինք մեր ժողովրդին, մեր 4000-ամյա հայրենիքը՝ իր նիստուկացով, իր ամեն ինչով»:
Դավիթ Գասպարյանն ասաց, որ արեւմտահայերենը մեր մշակույթն է, եթե կորավ-գնաց, հազար վանք էլ կառուցես, դրա տեղը չի զբաղեցնի: Խոսելով բարբառի մասին՝ նա ասաց. «Բարբառը հրաշալի է տեղում, իսկ երբ տեղափոխվում է ուրիշ միջավայր,դառնում է «հասկաց»-ի պես մի բան: Երեւանում բարբառով խոսող դասախոսներից մեկը ուսանողներին երբ ուզում էր ասել պատուհանը փակիր, ասում էր՝ հասկաց, պատուհանը փակիր»,- կատակեց նա:
Ըստ Դավիթ Գասպարյանի, մենք փուչիկ փչող ազգ ենք, ասում էինք, թե Աշտարակի մոտ նոր Հալեպ ենք կառուցելու՝ սիրիահայերի համար: Ի՞նչ եղավ այդ Հալեպը: Եթե լիներ նոր Հալեպը, այնտեղ կլիներ արեւմտահեյերենի թեքումով դպրոց եւ կպահպանվեր լեզուն:
Ըստ Դավիթ Գասպարյանի, մենք պետք է պնդանանք, թե չէ 5 դոլարով հայրենիք ենք ծախում. «Ի՞նչ ենք անում, մենք ազգովի պիտի համախմբվենք ու պնդանանք: Թե չէ մեկս մեկին խորհուրդ ենք տալիս: Պետք է երեխաներ շատ ունենանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ