Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ զավակներին կտակում եմ՝ պետք է վերցնել Ղարսն ու Նախիջեւանը, եթե չանեն՝ ուրեմն իմը չեն». Ազատ Արշակյան

Ապրիլ 18,2015 13:31

«Գալիպոլիի ճակատամարտի օրը ապրիլի 24-ին տոնելով՝ Թուրքիան քաղաքական խնդիր է իրականացնում, ոչ թե բարոյական՝ իր զինվորների հիշատակը հավերժացնելու: Այն արդեն ձախողման նշաններ կան: «Զաման» թերթում գրվեց, որ հրավիրված հյուրերի մեծ մասը հրաժարվել են մասնակցել, թեեւ պաշտոնական աղբյուրները շտապեցին դա հերքել, ասելով, որ լինելու է»,-այսօր «Հայք» կենտրոնում ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական արձագանքի մասին քննարկման ժամանակ ասաց պատմաբան Արմեն Մարուքյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով՝ «Եթե Թուրքիան լիներ նորմալ երկիր, այնպիսի երկիր, ինչպիսին Գերմանիան է, առաջինը պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: Նրանք սուբյեկտիվ իրենց հայացքն ունեն: Թվում է, թե սուբյեկտիվ հայացքով, ցեղասպանության ճանաչումը իրենց համար ստորացում է: Չեմ կարծում, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը ՀՀ քաղաքացիները կարող են դարձնել մեզ համար Թուրքիային ծնկի բերելու միջոց: Ցեղասպանության ճանաչումը պետք է լինի այնպես, ինչպես Հոլոքոստի ճանաչումն աշխարհում, դա չի նշանակում Գերմանիայի պարտություն, նշանակում է ֆաշիզմի պարտություն: Հրանտ Դինքն ասել էր՝ եթե նույնիսկ ոսկյա օդանավերով հայերին տեղափոխած լինեի  Թուրքիայի տարածքից այլ երկրներ՝ դա նորից դատապարտելի էր, որովհետեւ իրենց տնից են իրենց հանում: Բայց իմ նպատակը չի Թուրքիային ծնկի բերելը»:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չհամաձայնեց նրա հետ. «Ես համաձայն չեմ, ես պայքարում եմ եւ ուզում եմ, որ Թուրքիան ծնկի գա»:

«Ուզեք, ուզեք»,- պատասխանեց Վարդան Հարությունյանը:

Ըստ Ազատ Արշակյանի, «Մենք մեր հայրենիքն ենք ուզում հետ ստանալ, մեր մշակութային արժեքները, մեր հեքիաթները: Ոչնչացվել է մեր կուլտուրան: Ես հիմա թույլ եմ, խոցելի եմ, որովհետեւ ոչնչացրել են իմ ազգակիցներին: Ես հոգեբանորեն խոցված եմ: Տարածքները մեզ պետք են՝ մեր անվտանգության համար: Ես ուզում եմ Հայաստանի տարածքն այնքան լինի, որ գոնե տարերային աղետների ժամանակ տեղափոխվելու տեղ ունենանք: Պետք է վերցնել տարածքները: Իմ զավակներին կտակում եմ՝ պետք է վերցնել Ղարսն ու Նախիջեւանը: Եթե չանեն՝ ուրեմն իմը չեն»:

Մեր հարցին՝ ի՞նչ է հետեւելու ցեղասպանության ճանաչմանը, պե՞տք է ցեղասպանության ճանաչման հետ զուգահեռ բարձրացվի տարածքների վերադարձման հարցը՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Անհրաժեշտ է պայքարել՝ Թուրքիային ծնկի բերել՝ այսօր գոյություն ունեցող ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար: Մեր կյանքը վտանգված է: Ադրբեջանի այսօրվա վարքագիծը վտանգում է ոչ միայն Ղարաբաղի տարածքի եւ մեր եղբայրների կարգավիճակը, այլեւ մեր պետության անվտանգության խնդիրն է: Թուրքիան պետք է ծնկի գա ոչ միայն զղջալու համար: Պետք է պատժվի: Այդ պետությունը հանցագործ է, այս պետությունն էլ ոչ մի բանով չի տարբերվում նախորդից: Այսօր արգելված է հայ լինելը Թուրքիայում, բացառիկ պետություն է, որը ինքնություն կոչվածը չի ճանաչում: 700 հազար երեխա է զոհվել, բա 700 հազար երեխա սպանող պետության ժառանգները ներողություն չե՞ն խնդրում մեզանից:

Վարդան Հարությունյանի խոսքերով՝ ցեղասպանության ճանաչումից հետո գործընթացներ են լինում, որի ժամանակ Թուրքիան պարտավորություններ պետք է ունենա: Այդ գործընթացից է, որ թուրքերն այսօր վախենում են. «Ես չեմ համարում, որ թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումը ծնկի գալ է նշանակում: Դա առերեսում է՝ սեփական կենսագրությանը: Աշխարհը մեզ չի պաշտպանել եւ չի պաշտպանելու, նրանք պետք է պաշտպանեն Ազատ Արշակյանի թոռա՞նը, որը պետք է Ղարս գրավի: Նրանք պետք է պաշտպանեն իրենց տեսակին: Մենք պետք է աշխարհին ասենք, որ մենք իրենն ենք, իրենցից ենք»:

Արմեն Մարուքյանն ասաց, որ մեր էմոցիաները պետք է չափի մեջ լինեն. «Մենք չպետք է ոգեւորվենք բանաձեւերից,որոնք ընդունվում են այս օրերին: Պետք է Թուրքիայի հանրապետությունը դրվի այն վիճակի մեջ, ինչ Գերմանիան հայտնվեց, իսկապես, ծնկի բերելու հանգամանք է պետք, որովհետեւ Թուրքիան կամավոր պատրաստ չէ որեւէ քայլ կատարել: Հասարակական մակարդակով առավելագույն քայլը ներողությունն է, դրանից ավելի քայլի պատրաստակամություն չունեն: Բայց արդյո՞ք մեզ ներողությունը բավարարում է: Այս խնդիրը մեզ համար ազգային անվտանգության հարց է»:

Արմեն  Մարուքյանը Թուրքիային համեմատեց սերիական մարդասպանի հետ, որը չի ընդունում իր մեղքը. «Մեր հարեւանը մի երկիր է, որը ժխտում է կատարված հանցագործությունը: Պատկերացրեք, դատարանի դահլիճում սերիական մարդասպանը, որի դեմ են բոլոր ապացույցները, վկաներ կան, բայց նա ժխտում է, ասում է՝ չի եղել նման բան: Պատասխանատվության չենթարկվելու դեպքում սերիական մարդասպանը պատրաստ է կրկնել հանցագործությունը՝ ավարտին հասցնելով այն: Ճանաչումն ու ներողություն խնդրելը ինքնանպատակ չի, քայլերը պետք է բխեն Թուրքիայի հասարակության ներսից: Այդ պիտակով աշխարհում ֆռալն այլեւս ձեռնտու չէ իրենց, պետք է հասկանան դա: Պետք  ապաշխարեն, որ համարվեն քաղաքակիրթ աշխարհի լիարժեք մարզը, հակառակ դեպքում դա իրենց հետապնդելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930