Հատուկ հաշիվներին գումար փոխանցելու փոխարեն, ՀԷՑ-ը սպառողներից հավաքագրված գումարները վճարել է բանկային իր այլ՝ «ազատ» հաշիվներին
Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀԷՑ) հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանեց 20 միլիոն դրամով:
Նիստը տեւեց ընդամենը հինգ րոպե. ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը չէր ներկայացել: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Բիբինը ներկա չէ, սակայն ՀԷՑ-ի ներկայացուցիչը պատասխան չուներ, տեղյակ չէր:
Իսկ ընկերությունը տուգանվեց, քանի որ ինչպես ներկայացվեց նիստի ժամանակ, ՀԷՑ-ը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրել ընկերության հատուկ հաշիվներին. ՀԷՑ-ն այս հատուկ հաշիվները շրջանցելով, գումարները մուտքագրել է բանկային իր այլ հաշիվներին, որտեղից հանգիստ կարող է ցանկացած գումար հանել: Հատուկ հաշիվներից արգելված է գումարներ հանել, մինչև ընկերությունը հարյուր տոկոսով չվճարի արտադրող կայաններից ստացած էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը: ՀԷՑ-ը, ըստ հանձնաժողովի, խախտել է լիցենզիայի պայմանների 4.22 կետի պահանջները եւ չի վճարել էլեկտրաէներգիա արտադրող այն կայանների պարտքերն ամբողջությամբ, որոնց հետ ունի պայմանագրեր:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, ՀԷՑ-ի՝ կայաններին պարտքը կազմում է մոտ 20 միլիարդ դրամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրականացրած վարչական վարույթից փաստել է, ինչպես որ նիստի ընթացքում նշվեց, ՀԷՑ-ի կատարած խախտումներով, վտանգվել է համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ