Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Թուրքիայի մեկուսացման գործընթաց է տեղի ունենում» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2015 12:28

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ նոր դերով է հանդես գալիս.

«Առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելանալու է»,-ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքերով՝ 2014 թվականի օգոստոսից ադրբեջանական դիվերսիոն փորձերի ակտիվացումը ուղղված էին ցեղասպանությանը խնդիրը՝ որպես քաղաքական գործոն, երկրորդ պլան մղելու, փոխարենը՝ նոր օրակարգ ձեւավորելու այն հաշվարկով, թե ով պետք է ուշադրություն դարձնի հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, եթե ներկայում կա պատմության սպառնալիք. «Մենք տեսանք, որ Հռոմի պապի հայտարարությունից հետո, այնուհետեւ նաեւ Եվրախորհրդարանի ճանաչումով ըստ էության այս խնդիրը տապալվեց, եւ նրանք օրակարգ չկարողացան փոխել: Ավելին՝ ցեղասպանության հարցը դարձավ ոչ միայն տարածաշրջանային կարեւոր քաղաքական հարց, այլ նաեւ միջազգային ասպարեզ դուրս եկավ եւ գլոբալ նշանակություն ունեցող քաղաքական խնդիր դարձավ»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ Թուրքիայի մեկուսացման գործընթաց է տեղի ունենում, չնայած այն հանգամանքին, որ փորձ կատարվեց ցեղասպանության օրը այլ միջոցառում շեշտել. «Թե՛ Հռոմի պապի, թե՛ Եվրախորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը լրացուցիչ պատնեշ են ստեղծել ապրիլի 24-ին Գալիպոլիի այդ ճակատամարտի միջոցառումներին այլ պետությունների ղեկավարներին մասնակցելու համար: Այսինքն՝ կա ընդհանուր պահանջատիրություն, այդ պահանջատիրությունը այլեւս չի սահմանափակվում զուտ հայ ժողովրդի ընկերների եւ դաշնակիցների պահանջատիրությամբ, այլ համընդհանուր բնույթ է ստացել: Այդ համընդհանուր պահանջատիրությունը Թուրքիային մեկուսացնելու եւ այդ կեղծարարությունից հրաժարվելու միտում է ձեւավորել»:

Նա նշեց, որ Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ նոր դերով է հանդես գալիս. «Մենք կարծես թե հրաժարվում ենք զոհի կարգավիճակից եւ ձեւավորում ենք համաշխարհային մի նոր շարժում, որն ուղղված է ապագայում նման տեսակի հանցագործություններից զերծ մնալուն եւ նման հանցագործությունները կանխելուն: Այսինքն՝ Հայաստանը դառնում է մարդասիրական եւ ընդհանուր խաղաղասիրական տեսակետից նոր ձեւավորվող եւ մեծ շարժման առաջնորդ իր այս գործողություններով: Իսկ այդ շարժումը մեծ արդիականություն ունի, եթե հաշվի առնենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930