Լրահոս
Օրվա լրահոսը

Երիցս թրքություն

Ապրիլ 18,2015 15:30

Ականջդ կանչի՛, մեծն Սերվանտես, գիտեիր, գուշակել էիր, թերեւս, նաեւ առնչվել, երբ ժամանակների մեջ չժանգոտվող քո էպոսի հերոսներն էիր ստեղծում, եւ Սանչո Պանսայի շուրթերով երդում հռչակեցիր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ: Ես չգիտեմ, թե քո հրաշալի վեպի թուրքերեն թարգմանության մեջ այս տողերը մնացել են, թե խմբագրվել, չգիտեմ նաեւ, թե թուրքերեն թարգմանվե՞լ է վեպդ արդյոք, բայց մտածում եմ, որ թուրքերի համար օգտակար կլիներ Սանչոյի երդումը՝ ամեն անգամ կարդալով:

Եվ որովհետեւ թուրքերի մեջ ոչինչ չի փոխվում, իրենց՝ աշխարհի կյանքում հայտնվելու գրեթե հինգ հարյուր տարիների ընթացքում թուրքը, իհարկե, այսօր եվրոպական հագուստ է հագնում, մասնակցում նույնիսկ միջազգային գիտաժողովների, թվում է՝ բան է փոխվում:
Թվում է, քանի որ չի փոխվում ամենակարեւորը՝ արտաքին ձեւերի տակ նրբորեն թաքնված թրքությունը…

Էկզյուպերին մի հետաքրքիր հիշատակություն ունի, թե ինչպես մի թուրք պատահաբար նոր աստղ էր հայտնաբերել: Եվ աստղագետների փարիզյան միջազգային գիտաժողովում ներկայացրեց իր գյուտը, բայց որովհետեւ այդ գիտնականը թուրքական փաթթոցով էր, ներկա աստղագետներից ոչ ոք չհավատաց նրան: Մի տարի անց նույն թուրքը՝ այս անգամ արդեն եվրոպական հագուստով, նույն աստղը ներկայացրեց, եւ բոլոր գիտնականները հավատացին:

Հավատացին եւ չհասկացան, որ այդ օրը Եվրոպան խաբվեց, ինչպես որ խաբվում է մինչեւ այսօր…

Եվ ընդամենը երեկ եվրոպական հագուստով թուրք Էրդողանը աշխարհի առջեւ ահաբեկեց Հռոմի սրբազան պապին.

– Զգույշ եղիր, Ֆրանցիսկոս:
Այո:
Բազմաթիվ գիտական վկայություններ կարելի է բերել, թե ինչով է մարդը տարբերվում անասունից, կենդանիներից ընդհանրապես: Իմ կարծիքով՝ այդ շատ օրինակներից ամենաառաջնայինը խիղճն է:
Այո՛, խիղճն է, որ մարդուն տարբերակում է անասունից, քանզի խիղճը մարդ արարածի մենաշնորհն է, խիղճը հատուկ է միայն մարդուն:
Իմ ապրած կյանքի ընթացքում, հետեւելով աշխարհի անցուդարձին, ես նկատել եմ, որ պետությունները խիղճ չունեն, բայց միշտ վախեցել եմ բարձրաձայնել, քանզի չեմ ուզեցել հավատալ:
Մտածել եմ նաեւ, որ պետություններն ստեղծել են մարդիկ, այսինքն թե՝ ցանկացած պետություն իր ժողովրդի, քաղաքացիների կամքի վերացական արտահայտությունն է, այդ դեպքում ո՞ւր է անհետանում մարդկանց հավաքական խիղճը՝ թերեւս տարրալուծվում է իշխանությունների բավիղներում եւ վերածվում պետական շահի:
Իսկ պետական շահն անխիղճ է եւ ընդամենը փող արժե:
Եվ հիմա այս ամենից հետո մտածում եմ, որ չի կարելի ո՛չ մեծ, ո՛չ փոքր տերություններից խիղճ հայցել, այլ պետք է լինել ուժեղ, արժանապատիվ, կազմակերպված ազգ ու պետություն, միայն այդժամ նրանց մեջ կարթնանա իրենց խիղճը: Եվ պետք է ազգովի գնալ վերադարձնելու մեր կորուստները՝ արեւմտյան եւ արեւելյան՝ դիմելով ոչ միայն տերություններին, այլեւ մարդուն, մարդու խղճին, հռչակել համամարդկային հանրաքվե, բանաձեւ՝ հանուն արդարության եւ ազատ գոյության:
Ափսոս, հազար ափսոս թուրքերին քաղաքակրթելու Եվրոպայի եւ աշխարհի հուսահատ ջանքերը, քանզի եվրոպական տարազը, հեռուստացույցն ու համացանցը թուրքերին ի զորու չեղան քաղաքակրթելու:
Եվ ինչ-որ մի թուրք՝ Էրդողան անունով, Տիեզերական եկեղեցու հայրապետի հետ խոսում է ասես իր հարեւանի չարաճճի տղայի հետ, որի գնդակը կոտրել էր իր պատուհանը՝ աշխարհին ի ցույց դնելով իր տան ներսը…
Ես այսօր տագնապ ու վախ ունեմ, որ Եվրոպան ու աշխարհն է սկսում թրքանալ, չնայած նրան, որ մեծն Սերվանտեսը վաղուց արդեն զգուշացրել էր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930