Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի խորհրդարանի ամոթը

Ապրիլ 18,2015 15:00

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ի հերթական պառակտման եւ ԱԺ-ի կողմից ընդունվելիք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ հայտարարության մասին:

– Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ տարբեր երկրների խորհրդարաններն այս օրերին Հայոց ցեղասպանությունը դատապարտող, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւեր են ընդունում, Եվրախորհրդարանն էլ իր դիրքորոշումը հստակեցրեց, Հռոմի պապը պատարագ մատուցեց եւ հստակ ուղերձներ հղեց մարդկությանը, բայց Հայաստանի խորհրդարանի դիրքորոշումը դեռեւս ուշանում է. «Ժառանգություն» խմբակցությունը նամակով դիմել է ԱԺ նախագահին, բայց արտահերթ նիստ հրավիրելու եւ հայտարարության տեքստը քվեարկության դնելու համար անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրություններ չեն հավաքվել:

– Չի կարող չմտահոգել, որովհետեւ աշխարհն իրոք սկսել է այլ կերպ ընկալել այդ փաստը եւ ընդառաջ քայլեր է անում, ու մենք պարտավոր ենք այդ հայտարարությունը մինչեւ ապրիլի 24-ն ընդունել: Ստորագրությունների մասով տեղյակ չեմ, ինձ այդ հարցով ոչ ոք չի դիմել, եւ ինձ համար նորություն է, որ համապատասխան քանակով ստորագրություն չի հավաքվել: Ամեն դեպքում, մինչեւ ամսի 24-ը ժամանակ կա, եւ եթե այդ բանաձեւը պիտի ընդունենք, ապա տրամաբանական է, որ այն ընդունենք մինչեւ 24-ը: Այլապես այն իր արդիականությունը կկորցնի:

– ՀԱԿ խմբակցության ղեկավարը խորհրդարանում հայտարարության տեքստի քննարկումների ժամանակ բացասական դիրքորոշումներ արտահայտեց: Դուք ՀԱԿ խմբակցության անդամ եք, կիսո՞ւմ եք այդ մոտեցումները:

– Ես ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Լեւոն Զուրաբյանն իր վերապահումներն արտահայտեց ՀԱԿ կուսակցության անունից, քանի որ խմբակցությունում կային տեսակետներ, որ այդ հայտարարությունը պետք է ընդունել: 100-ամյակի առիթով հրապարակված հռչակագրի առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտահոգությունները ես էլ ունեմ. ի՞նչ է լինելու շարունակությունը, եւ ի՞նչ է տալու մեզ այդ հռչակագիրը: Այնուհանդերձ, լինելով հնչակյան կուսակցության կուսակցապետ, որի գաղափարախոսության հիմքում Ցեղասպանության ճանաչումն է եւ պահանջատիրությունը, ես չեմ կարող «դեմ» քվեարկել այդ հայտարարությանը: Ավելին՝ կարծես թե իշխանության օրակարգում ինչ-որ ծրագրային ցանկ կա, որով այս հարցում նրանք առաջ են գնում: Միգուցե մեզ համար հռչակագիրը սկզբնական շրջանում շատ ավելի անընդունելի էր, բայց Վատիկանի սբ. Պետրոս տաճարում մատուցված պատարագը, Հռոմի պապի հայտարարությունները, Գրիգոր Նարեկացու սրբադասումը ինձ հանգեցրին այն մտայնության, որ մշակված ծրագիր ու քայլերի հաջորդականություն կա, որն իշխանությունը փորձում է իրականացնել: Փառք Աստծո, որ գոնե այս հարցում ինչ-որ հետեւողականություն փորձում են դրսեւորել: Ինձ ուրախացրեց նաեւ այն փաստը, որ Վատիկանում մատուցված պատարագին Հայաստանը ներկայացավ իր կաթոլիկ եւ առաքելական եկեղեցական աթոռների, Անթիլիասի թեմերի միասնական մոտեցմամբ: Դա հռչակագրում էլ կա: Կարծում եմ՝ դա դիրքային ամրացում է նաեւ, բացի նրանից, որ աշխարհը տեղեկացավ Ցեղասպանության մասին ու իմացավ՝ հայ ժողովուրդը հետեւողական է ու պահանջատեր:

Իմ համոզմամբ՝ որքան հնչեղ դառնա այս հարցը, Հայաստանի անվտանգության երաշխիքներն այնքան կմեծանան, քանզի Թուրքիան այս փաստերով կաշկանդված է լինելու: Դա էլ դրական է: Բայց ինձ մեկ այլ բան է մտահոգում՝ ի՞նչ է լինելու ապրիլի 24-ից հետո: Եթե ամեն ինչ ավարտվելու է ապրիլի 24-ին, ապա եւ հռչակագիրը, եւ Վատիկանում մատուցված պատարագը, եւ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվելիք հայտարարությունը զրոյական արժեք են ունենալու: Հուսամ, որ այս ամենը զուտ 100-ամյա տարելիցն աղմկոտ դարձնելու համար չէ:

Չեմ կարող չնշել, որ մեր դիրքերն ավելի ամուր կլինեին ու պահանջատիրության իրավունքն էլ մեզ ավելի հստակ կարող էինք վերապահել, եթե իրոք զարգացող երկիր լինեինք, եթե տնտեսությունը քայքայված չլիներ, եթե ժողովրդավարության ծիլերը մեր երկրում արդյունավետ ճյուղեր տային: Ցավոք, այսօր այդ նախադրյալները չկան: Հույսը սփյուռքի ջանքերն են եւ միավորման նպատակ հետապնդող հռչակագիրը: Իհարկե, պետք է օբյեկտիվ լինեմ ու ասեմ, որ հայկական լոբբին, կաթողիկոսական աթոռները բավական արդյունավետ են աշխատել, ու եթե սրան գումարվի ՀՀ-ի կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը, չեմ բացառում, որ մի օր կգա այն երանելի պահը, երբ Թուրքիային կկարողանանք ճանաչել տալ իրենց կողմից գործած ոճիրը, որը Ցեղասպանություն է եւ հայրենազրկում: Հայաստանի քայլերը պետք է հետեւողական լինեն, եւ հուսամ, որ ամսին 24-ին ամեն ինչ չի ավարտվի:

– Դուք ասացիք, որ ՀԱԿ խմբակցությունում՝ խորհրդարանի կողմից ընդունվելիք հայտարարության մասով տեսակետները տարբեր էին: Միայն Ձե՞ր տեսակետն էր տարբեր, թե՞ նաեւ Ստեփան Դեմիրճյանի տեսակետը:

– Ես ինձ իրավունք կվերապահեմ միայն իմ տեսակետից խոսել: Մենք կուսակցությունում էլ քննարկել ենք այդ հարցը. ես կուսակցություն եմ ղեկավարում, որն այդ հարցում այլ դիրքորոշում ունենալ չէր կարող:

– ՀԱԿ խմբակցությունը հերթական պառակտման եզրի՞ն է:

– Պառակտում չկա, չեմ էլ կարծում, որ կարող է լինել: Սա ազգային խնդիր է, եւ ավանդական-ազգային կուսակցությունը չի կարող իր հստակ դիրքորոշումը չունենալ եւ չառաջնորդվել իր ծրագրային դրույթներով:

– Այնուհանդերձ, տեսակետների տարբերությունը որոշակի սառնություն կմտցնի հարաբերություններում:

– Կարծում եմ, որ այդպես չի լինի: Եթե հիշում եք, 2009 թվականին ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ, երբ ՀԱԿ դաշինքը հայտարարությամբ պիտի հանդես գար, ինձ ներկայացրեցին այդ տեքստը՝ հասկանալով, որ իմ ներկայացրած կուսակցության մոտեցումը կարող է այլ լինել: Ես ողջունեցի իրենց մոտեցումը, ասացի, որ ըմբռնումով եմ վերաբերվում այդ մոտեցմանը եւ իրենց դեպքում տրամաբանական եմ համարում հայտարարության տեքստը, բայց ՍԴՀԿ-ն առանձին հայտարարությամբ հանդես եկավ: Ինչպես տեսնում եք, մեր միջեւ ոչ մի խնդիր չառաջացավ: Վստահ եմ, որ հիմա էլ խնդիրներ չեն առաջանա: Ես ներկայացնում եմ Ցեղասպանություն վերապրած կուսակցություն, եւ ազգային հարցերում մեր մոտեցումը այլ է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930