Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապի, «System of a Down»-ի ու Քարդաշյանների նվերը հայությանը

Ապրիլ 18,2015 12:00

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված պատարագի ընթացքում, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասաց, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգություն»։ «Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», պատուհասել է ձեր իսկ՝ հայ ժողովրդին»,- ասաց Ֆրանցիսկոս պապը՝ գործածելով Հռոմի Հովհաննես-Պողոս պապի 2001թ. հռչակագրի ձեւակերպումը։ Ֆրանցիսկոսը խոսեց «նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված» ոճիրների մասին եւ արձանագրեց, որ դրանց հաջորդեցին այլ ցեղասպանություններ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում եւ Բոսնիայում։

Ապրիլի 6-ից «System of a Down» ռոք խումբը սկսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարը, որն անվանվել է «Wake Up The Souls», թարգմանաբար` «Արթնացրու հոգիներին»։ Նրանք համերգներ են տալու ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Համերգային շրջագայությունը կավարտվի ապրիլի 23-ին անվճար ելույթով Երեւանում՝ Հանրապետության հրապարակում։ «Գրեմմի»-ի մրցանակակիր, աշխարհահռչակ խումբն առաջին անգամ ելույթ է ունենալու Հայաստանում՝ իրենց նախնիների հայրենիքում։ Խմբի բոլոր անդամները հայեր են՝ ցեղասպանությունից փրկվածների զավակներ։ Աշխարհով մեկ վաճառվել է խմբի երգերի ավելի քան 31 միլիոն ձայնասկավառակ։

«System of a Down»-ը Թուրքիայի իշխանություններին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նրանք չնայած երկրպագուներ ունեն նաեւ Թուրքիայում, սակայն այնտեղ համերգներ չհաջողվեց կազմակերպել, բայց նրանք վստահեցնում են, որ Թուրքիայում քաղաքացիական շարժում է զարգանում, շատ ընկերներ ունեն, որոնք իրենց հետ միասին պայքարում են Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Խմբի անդամներից Ջոն Դոլմայանը մի առիթով հայտարարել էր. «Երբ մենք սկսել էինք մեր համերգային շրջագայությունները, ԱՄՆ-ում մարդիկ իսկապես չգիտեին, թե ովքեր են հայերը: Դա Քիմ Քարդաշյանի հայտնվելուց դեռ շատ առաջ էր: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համակիրների թիվը մեծ չէր, հատկապես, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ԱՄՆ-ի դաշնակիցը: Կրթվելու գործընթաց պետք է սկսվեր»:

Ավարտվեց ամերիկահայ հանրաճանաչ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի առաջին այցը Հայաստան: Մեկ շաբաթից ավելի միջազգային հեղինակավոր պարբերականները օրական մի քանի հրապարակում էին ներկայացնում Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի մանրամասների մասին ու չէին սահմանափակվում միայն նրա այցը լուսաբանելով: Մայրաքաղաք Երեւանը, Հայաստանի այլ քաղաքները, տեսարժան վայրերը եւ, իհարկե, Հայոց ցեղասպանությունն ու 100-ամյա տարելիցը համաշխարհային մամուլի էջերում էին: Երեք սոցիալական կայքերում Քիմ Քարդաշյանի «հետեւողների» թվերն այսպիսին են` Facebook-ում նա ունի 24 միլիոն 380 հազար, Instagram-ում` 29 միլիոն 700 հազար եւ Twitter-ում` 31 միլիոն «հետեւող», այսինքն` միասին 85 միլիոնից ավելի: Սրան էլ եթե գումարենք նրա քույրերի հետեւողների թվերը, ապա այս ընտանիքի անդամներին (օրինակ՝ Քլոե Քարդաշյանին միայն Instagram-ում 19 միլիոն 800 հազար մարդ է հետեւում) 100 միլիոնից ավելի մարդ է հետեւում աշխարհում, նրանց ամեն մի գրառում եւ լուսանկար հաշված րոպեների ընթացքում հավաքում է մի քանի հարյուր հազար, միլիոնից ավելի «հավանում եմ» նշանները:

Ամերիկյան շոու-բիզնես մտնելը, դիրքերը տարիներ շարունակ ոչ միայն պահպանելը, այլեւ ավելի «հզորանալը», վստահաբար, հեշտ գործ չէ: Քիմ Քարդաշյանի հայրը ԱՄՆ-ում բարձր վարձատրվող փաստաբան էր, ամուսինը տաղանդավոր երաժիշտ է, 21 անգամ «Գրեմմի» է ստացել, սակայն Քիմը իր գեղեցկությամբ է գրավել ԱՄՆ-ը, ապա` աշխարհը: Սա անվիճելի փաստ է այնպես, ինչպես եւ այն, որ նա կարողացել է գտնել մատուցման ձեւ աշխարհին ներկայանալու համար, ինչպես փորձեր են արել հարյուրավոր եւ հարյուր հազարավոր կանայք ԱՄՆ-ում եւ աշխարհում, բայց ի տարբերություն Քիմի՝ այդ կանանց փառքը կարճ է տեւել կամ նույնիսկ փառքի չեն էլ հասել:

Քիմ Քարդաշյանի այցից նյարդայնացել էր ադրբեջանական եւ թուրքական մամուլը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ այդ օրերին առատ նյութերի հրապարակումների պատճառով, եւ որոշ հայաստանցիներ, հատկապես «նամուսով» տղամարդիկ, որոնք, օրինակ, քննարկում էին Ծիծեռնակաբերդում Քիմի կարմիր գույնի հագուստ կրելու նպատակահարմարության հարցը, մինչդեռ միջազգային հեղինակավոր պարբերականները նույն հագուստն անվանում էին «սոլիդ»` 100 տարի առաջ Ցեղասպանության զոհերի թափված արյան գույն:

Մենք` հայաստանցիներս, պետք է դուրս գանք խրոնիկ «մուննաթ գալու» հոգեվիճակից, եւ եթե որեւէ բարի գործ մեր երկրի, մեր քաղաքի, մեր հարազատների եւ բարեկամների համար չենք կարողանում անել, գոնե սուսուփուս հպարտանանք այլոց արարքներով, որոնք ի նպաստ մեր երկրի են, եթե ի վիճակի չենք ինքներս բարձրաձայնել դրանց օգտակարության մասին ու կարողանանք տարբերել կարեւորն անկարեւորից: Իսկ կեղծ «բարեպաշտները» եթե ցանկանան, ապա հաստատ կգտնեն ավելի հարուստ «նյութեր» իրենց քթի տակ կատարվողը քննարկելու ու զբաղվելու համար:

Հռոմի պապի, «System of a Down»-ի ու Քարդաշյանի քայլերն առանձին վերցրած` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ավելին էին, քան նորանկախ Հայաստանի իշխանությունների, քաղաքական ու հասարակական դաշտի ջանքերը միասին վերցրած: Սա օբյեկտիվորեն է այդպես: Նրանց պաշտող մարդիկ հասարակական ամբողջովին տարբեր, նույնիսկ միմյանց հակադիր շերտեր են, բայց նրանք բոլորը միավորվեցին Հայոց ցեղասպանության փաստի շուրջ: Հայ մեծահարուստները, որոնք քիչ չեն աշխարհում, Հայաստանի PR-ի համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, իսկապես պետք է միլիոնավոր դոլարներ ծախսեին, որպեսզի Հռոմի պապի, «System of a Down»-ի ու Քարդաշյանի քայլերի 1 տոկոսի արդյունքին հավակնեին հասնել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Շատ դուր եկավ՝ համաձայն եմ 100%

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930