Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստումների շնորհիվ Հայաստանը հռչակվել է մի շարք վարակիչ հիվանդություններից ազատ երկիր

Ապրիլ 18,2015 14:30

«Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆտերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է եւ հասանելի»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ապրիլի 21-25-ը մեր երկրում կմեկնարկի «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ»-ը:
Տիկին Սահակյանի մեկնաբանմամբ՝ ամենամյա այս միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է եւ պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին կառավարվող վարակիչ հիվանդություններից պատվաստումների միջոցով զերծ պահելը:

Նախաձեռնության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես բնակչության առավել խոցելի խմբերին:

Գայանե Սահակյանի համոզմամբ՝ պատվաստումների կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչեւ դրանց վերացումը։ Արդյունքում՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 միլիոն կյանք է փրկվում:
Մասնագետի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներով կառավարվող հիվանդությունների արմատական վերացման եւ վերահսկման հաջողությունները պայմանավորված են պավաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման բարձր ցուցանիշների ապահովմամբ եւ պահպանմամբ, մասնավորապես՝ հանրապետությունում նպատակային խմբերի 90%-ից ավելին ստանում են անհրաժեշտ բոլոր պատվաստումները: Պատվաստումների շնորհիվ մեր երկրում 1995 թվականից այլեւս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում:
«2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր եւ առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: Վերջին 10 տարվա ընթացքում չեն արձանագրվում դիֆտերիայի դեպքեր:

Այս օրերին աշխարհի շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Ղազախստանում եւ այլուր, լուրջ խնդիր են կարմրուկը եւ կարմրախտը: Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին կարմրուկի եւ կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում ենթակա երեխաների մոտ 97 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում»,- փաստում է տիկին Սահակյանը: Նրա հավաստմամբ՝ մեր հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է մանկական մահացության աննախադեպ նվազում՝ 2014 թվականին կազմել է 8.7 տոկոս՝ 2008թ. նույն ժամանակաշրջանի 10 տոկոսի դիմաց (1 000 կենդանի ծնվածի հաշվով):
Գայանե Սահակյանի խոսքերով. «Տեղին է նշել, որ մանկական մահացության նվազեցմանն ուղղված ջանքերում իրենց ուրույն դերն են ունեցել Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հնգավալենտ պատվաստումները եւ ռոտավիրուսային պատվաստանյութերը:

Մանրէային մենինգիտներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկական հիվանդացության, հաշմանդամության եւ մահացության պատճառահետեւանքային կառուցվածքում: Հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ պատվաստումների իրականացման շնորհիվ 5 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը՝ 2009թ. 19.3 (100.000 մինչեւ 5 տարեկան երեխաների հաշվարկով), 2013թ.՝ 7.9, 2014թ.՝ 4.4: Մենինգիտների վերլուծությունը, ըստ առանձին հարուցիչների (հեմոֆիլուսային, մենինգակոկային, պնեւմակոկային, տուբերկուլյոզային եւ այլն), ցույց է տալիս, որ նշված նվազումը պայմանավորված է հնգավալենտ պատվաստանյութի հեմոֆիլուսային Բ բաղադրիչով՝ նպաստելով հանրապետությունում մանկական մահացության եւ հաշմանդամության իջեցմանը, քանի որ նույնիսկ ճիշտ բուժման դեպքում հեմոֆիլուսային մենինգիտներով հիվանդ երեխաների մինչեւ 25%-ի մոտ կարող է դիտվել մահացու ելք, իսկ մինչեւ 35%-ի մոտ կարող են մնալ կայուն նյարդաբանական բարդություններ՝ շարժունակության սահմանափակումներ, մտավոր զարգացման արատներ եւ լսողության կորուստ»:

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ մինչ ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտավիրուսային վարակների սեզոնային առավելագույն բարձրացման՝ փետրվար-մարտ ամիսների ընթացքում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր ռոտավիրուսային վարակներով պայմանավորված առնվազն 50-60 տոկոս հոսպիտալացում: Պատվաստումների ներդրումից հետո՝ 2015թ. սեզոնին բոլոր տարիքային խմբերում դիտվել է հոսպիտալացման մակարդակի մոտ չորս անգամ նվազում (2012թ. փետրվար-մարտին՝ 52%, 2014-2015թթ. փետրվար-մարտին՝ 16%): Տիկին Սահակյանն ասում է, որ նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում՝ մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում (2012 թվականին՝ 196 դեպք, 2013 թվականին՝ 68 դեպք, 2014 թվականին՝ 42 դեպք, 2015 թվականին՝ 11 դեպք):

2014 թվականի սեպտեմբերից Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել են պնեւմակոկային պատվաստումները, որոնք նպաստելու են հանրապետությունում պնեւմակոկային վարակների կանխարգելմանը եւ վերահսկմանը, հետեւաբար նաեւ՝ մանկական մահացության շարունակական նվազեցմանը:

«Սակայն այս նվաճումները մարդկանց կարծես թե հանգստացրին։ Ձեւավորվեց թյուր կարծիք, որ արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլեւս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ այդ պարագայում կարող են առաջանալ դեռեւս մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։ Այս առումով հատկանշական են հետեւյալ թվերը եւ փաստերը. վերջին 2 տարվա ընթացքում գրանցվել են կապույտ հազի բռնկումներ Ճապոնիայում (13.000 դեպք) եւ ԱՄՆ-ում (միայն 2010թ. 7000 դեպք, մահվան 10 ելք), պոլիոմիելիտի բռնկում Տաջիկստանում (2010թ.՝ 458 դեպք, մահվան 29 ելք), Սիրիայում (2014թ՝ 17 դեպք)։ 2010 թվականից առ այսօր ողջ աշխարհում շարունակվում է կարմրուկի համաճարակը։ Տարեկան 2 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ Բ-ի բարդություններից: 2013-2014թթ. կապույտ հազի եւ հարկապույտ հազի համաճարակային իրավիճակի ակտիվացում դիտվել է նաեւ Հայաստանում, որն ուղեկցվել է մահվան 2 դեպքով՝ չպատվաստված երեխաների մոտ»,- նկատում է ազգային ծրագրի ղեկավարը: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես, օրինակ, ըստ վիճակագրության՝ եթե կարմրուկով 1000 հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ:
«Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80.000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, եւ ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել»,-վստահեցնում է տիկին Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում եւ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում:

Մասնագետը հորդորում է խստորեն հետեւել պատվաստման օրացույցին, քանի որ միայն ժամանակին արված պատվաստումները կարող են կանխել վարակիչ հիվանդության եւ հաշմանդամության զարգացումը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930