Մարո Մադոյան-Ալաջաջյանն ամերիկացի գրող Մարկ Մուստյանի
«Ժանդարմը» մրցանակակիր գործը հայերեն է թարգմանել
Ամերիկաբնակ գրականագետ եւ թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանը թուրք գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» թարգմանելուց հետո, ձեռնամուխ էր եղել նաեւ ամերիկացի գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպի թարգմանությանը: 5 տարի առաջ լույս տեսած «Ժանդարմը» հեղինակին մի շարք մրցանակներ է բերել, այն թարգմանվել է 10 լեզուներով:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Մադոյան-Ալաջաջյանը (լուսանկարում) «Ժանդարմը» բնորոշեց որպես չափազանց ուշագրավ գեղարվեստական ստեղծագործություն, որտեղ հեղինակը ինքնատիպ հնարքներ օգտագործելով՝ հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ մարդ արարածը մոռանա իր գործած ոճիրը: Տիկին Մարոն նշում է, որ նախկինում Մուստյանին բացի իր ազգանվան յան մասնիկից՝ որեւէ այլ բան չի կապել հայկական արմատների հետ: Ամերիկացի գրողը, որը իրավաբանական կրթություն ունի, իր հեղինակային նշումներում խոստովանել է, որ մինչեւ 30 տարեկանը չի էլ մտածել նախնիների մասին, հետո մի օր իրենից հետաքրքրվել են՝ արդյոք հա՞յ է եւ արդյոք կարդացե՞լ է Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը»: Դրանից հետո փնտրել-գտել է գիրքը, կարդացել ու ապշել՝ ինչպե՞ս կարող էր աշխարհում տեղի ունենալ նման սարսափելի ողբերգություն ու շատերը, այդ թվում ինքը՝ անտեղյակ լինեին:
Ավելի ուշ Մուստյանը սկսել է ավելի շատ հետաքրքրվել, այլ նյութեր պրպտել ու Եղեռնը վերապրողների պատմություններ իմանալ, ապա գրել է իր «Ժանդարմը»: Թարգմանիչն ասում է, որ գիրքը հայերեն կլինի շատ շուտով, եւ այդ առիթով, ինչպես նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Մուստյանը կլինի Հայաստանում:
Տիկին Մադոյան-Ալաջաջյանը համոզված է, որ գրականության ու արվեստի միջոցով կարելի է անել ամեն ինչ, ու դա կարելի է անել՝ ճիշտն ասելով. «Պատմությունը ամեն ինչ չէ, որ ճիշտ է վերարտադրում, սուբյեկտիվ մոտեցումն է խանգարում: Մինչդեռ, եթե գրողն իսկապես ազնիվ մեկն է, փորձում է եղածը ի մի բերել եւ գեղարվեստի միջոցով արտահայտել: Դա շատ ավելի հնչեղ եւ ազդեցիկ է լինում, ինչպես այս գրքի պարագայում»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ի սկզբանե չի մտածել Մուստյանի գիրքը թարգմանելու մասին. «Մեկն ուղղակի խորհուրդ տվեց կարդալ, եւ ես կարդացի ու զգացի, որ չի կարելի չթարգմանել «Ժանդարմը» միայն այն պատճառով, որ գեղարվեստական առումով շատ բարձր գործ է: Սա նաեւ պատմություն է սիրո մասին, մարդկային հիշողության մասին, թե ինչպես կարող է մարդ ցավալի իրադարձություններն իր մտքից բոլորովին հանել: Այդպես է կատարվում նաեւ ժանդարմի հետ, հեղինակը ժանդարմին մարդացրել է, ու նրա զոհին է մարդացրել ժանդարմի աչքում: Երբ որ դու թշնամուդ դիտարկում ես որպես ո՛չ մարդկային, դաժան էակ, ինքը քո աչքին հրեշ է թվում, որը ցանկացած պահի կարող է սպանել: Բայց եթե զգա, որ իր նմանին է սպանում, չի անի դա…Ժանդարմը յուրատեսակ զոհ է, մի մարդ է, որը 17 տարեկանում ընկել է մի ճանապարհի վրա, որտեղ իրեն ասել են, թե դա է հայրենասիրությունը, հերոսությունը: Բազմաթիվ դեպքեր կան, երբ հրեշները հանցանքներ են գործել, բայց իրենց ընտանիքներում լավ որդի են, լավ զավակ են, լավ ամուսին են, լավ հայր են, լավ քաղաքացի են: Ուրեմն ինչպե՞ս է պատահել, որ կարողացել են նման ոճիր գործել»:
Թարգմանիչն ասում է, որ շատ բարդ էր իր համար նման գործ թարգմանելը, քանի որ սյուրռեալիստական կտորներ կային, որոնք թարգմանելուց հետո երկար ժամանակ չէր ցանկանում այլեւս այդ մասին լսել:
Ամերիկացի բանաստեղծներից մեկը Մարկ Մուստյանի «Ժանդարմը» կարդալուց հետո ասել է, որ նրա մոտ պատմությունը ներկայացված է առանց շպարի, իսկ կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը գիրքը որակել է որպես կարեւոր եւ անզուգական ճանապարհորդություն: Տպավորիչ է նաեւ Library Journal-ը կարծիքը. «Մուստյանն իր ահասարսուռ եւ անմոռանալի պատմությունը գրում է անողոք ձեւով, փայլուն, արձակ խոսքի ոչ սենտիմենտալ ու համառոտ պոռթկումներով, մեզ հիշեցնելով, որ երբ կյանքում սկսում է արյուն թափվել, պետք է ուշադիր լինենք, որպեսզի չկորցնենք սեփական մարդկային հատկությունները…»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015