Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնու հետ՝ երկու ուժեղ կանանց կերպարներով

Ապրիլ 18,2015 13:30

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Աննա Այվազյանը ութ տարի է, ինչ թատրոնում է: Այս ընթացքում երգչուհուն հանդիպել ենք մասշտաբային երկու դերերգերով. Փառանձեմ՝ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդում» եւ Թամար՝ Ա. Տիգրանյանի «Դավիթ- Բեկում»: Ընդ որում, այս կերպարներով ժամանակին փայլել է հայ օպերային արվեստի երախտավոր Տաթեւիկ Սազանդարյանը: Ի դեպ, ժամանակին կոմպոզիտորը Թամարի կերպարի համար նկատի է ունեցել հենց Սազանդարյանի մեցցո սոպրանոն: Իսկ Գեղամ Գրիգորյանը՝ բեմադրելով «Դավիթ-Բեկը», պրեմիերային որպես Թամար «տեսել» է Աննա Այվազյանին:
Վերոհիշյալ օպերային ներկայացումներում երգչուհու կերտած երկու կերպարները՝ վրաց արքայադուստր Թամարն ու Սյունյաց իշխանուհի Փառանձեմը ուժեղ կանայք են, հմայիչ եւ իհարկե՝ հյութեղ մեցցո սոպրանոյով: Դյուրին չէ ներկայացնել այս կերպարները: Օրինակ՝ Փառանձեմը հակասական կերպար է. ոմանց համար՝ հերոս ու արժանավայել թագուհի, ոմանց համար էլ՝ դեւերին ծախված չար կախարդ եւ անբարո կին: Աննա Այվազյանին հաջողվում է արժանապատիվ ներկայացնել Փառանձեմին՝ Սյունյաց աշխարհի ու անառիկ լեռների պես հպարտ: Ինչ վերաբերում է Թամարին, նա էլ լիրիկական կերպար է, որը հանգամանքների բերումով ըմբռնումով է մոտենում այն իրողությանը, երբ Դավիթ-Բեկը մեկնում է հայրենիքի փրկության կռվի:

«Առավոտի» հետ զրույցում Աննա Այվազյանն ասաց, որ պատրաստում է դերերգեր, կան նաեւ այնպիսիները, որոնք սպասում են իրենց հերթին, այդ թվում՝ Ամներիս՝ Վերդիի «Աիդա», Ադալջիզա՝ Բելինիի «Նորմա», Աննա՝ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա», Սանտուցա՝ Մասկանիի «Գեղջկական պատիվ» եւ Կարմեն՝ Բիզեի համանուն օպերայում: Ապրիլի 26-ին թատրոնում կկայանա «Բարոկ» օպերային նախագիծը՝ «Հայ թագավորներ» խորագրով, նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ ինքը հանդես կգա Վիվալդիի «Տիգրան Մեծ» օպերայում՝ Օրոնտեի արիայով:

Anna_Ayvazyan_2

Ամուսինները՝ «Դավիթ-Բեկում»:

Դիտարկմանը, թե Փառանձեմի եւ Թամարի դժվարագույն դերերգերը հիանալի ներկայացրած երգչուհուն հանդիպում ենք նաեւ երկրորդական դերերգերով, մեր զրուցակիցը հավաստիացրեց. «Օպերային արվեստում առանց երկրորդականի առաջնային դերերգ պարզապես չի լինում եւ ինչպես ցանկացած դրամատիկ ներկայացում, այնպես էլ օպերան, ընկալվում է ամբողջության մեջ: Ես մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ մոտենում երկրորդական դերերին»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ երգչուհու ամուսնու՝ ճանաչված օպերային երգիչ, արտերկրյա հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանին: Երգչուհուց մասնավորապես հետաքրքրվեցինք, թե մեկամյա որդու՝ Միքայելի հետ ինչպե՞ս են դիմանում ամուսնու երկարատեւ բացակայություններին: Մեր զրուցակիցը նախ նշեց, որ ամուսնու հետ ծանոթ են դեռեւս 1998 թվականից, երբ սովորում էին Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ անվանի երգիչ ու մանկավարժ Սերգեյ Դանիելյանի դասարանում: Հետո էլ մանրամասնեց. «Երբ Գեւորգը բացակայում է, իհարկե, դա շատ է զգացվում ե՛ւ ընտանիքում, ե՛ւ որպես խորհրդատու: Նա իբրեւ խաղընկեր իմ Թամարի եւ Փառանձեմի կողքին անկրկնելի, հզոր Դավիթ-Բեկ է ու Արշակ Երկրորդ: Իսկ մեր փոքրիկի խնամքով շատ են զբաղվում երկու կողմի տատիկներն ու պապիկները: Թեպետ ժամանակին համերգներով հանդես եմ եկել Ռուսաստանի, Իտալիայի քաղաքներում եւ այլուր, սակայն հիմա չեմ պատկերացնում, թե ինքս ինչպես կվարվեմ արտերկրից առաջարկ ունենալու դեպքում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Աննա Այվազյանն ու Գեւորգ Հակոբյանը՝ բալիկի հետ:

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930