Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ճշտել խորհրդային գաղափարախոսության քանդակների ճակատագիրը»

Ապրիլ 18,2015 12:30

Գյումրիի Քանդակագործության ազգային
պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանի դիտարկումները

Գյումրու գեղարվեստական հուշարձանների թիվն այս տարի կավելանա եւս մի քանիսով, քանի որ այստեղ արդեն սկսել են նախապատրաստվել Քանդակագործության միջազգային սիմպոզիումին: Իսկ դա նշանակում է, որ տեղացի եւ օտարերկրացի մոտ տասը քանդակագործներ միառժամանակ կաշխատեն Գյումրիում, քանդակներ կստեղծեն ու կնվիրեն քաղաքին:

Առաջին այսպիսի սիմպոզիումը 2013 թվականին է տեղի ունեցել, երբ Գյումրին ճանաչվել էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Այս եւ առաջիկայում կայանալիք սիմպոզիումի, ինչպես նաեւ Գյումրիում Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի կառուցման ու հետագա զարգացման մասին զրուցեցինք հիշյալ պարկ-թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գեւորգյանի հետ: «Նոր քանդակների տեղադրումը եւ հների խնամքն ու հանրահռչակումը առկա խնդիր էր համայնքի համար, որը, ինչպես գիտեք, ունի մշակութասեր, երբեմն բնատուր քննադատ բնակիչներ, արվեստագետներ ու արվեստի սիրահարներ: Այս պահանջը, ինչպես նաեւ «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» (2013 թ.) միջոցառումների շրջանակներում կայացած Քանդակագործության միջազգային սիմպոզիումը Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կրթամշակութային վերլուծությունների եւ զարգացման հ/կ-ին մղեցին ստեղծված աշխատանքներով ձեւավորել քանդակագործական աշխատանքների պուրակ եւ համայնքապետարանին ու ՀՀ մշակույթի նախարարությանն առաջարկել հիմնել Քանդակագործության ազգային պարկ-թանգարան»,- «Առավոտին» պատմեց Արթուր Գեւորգյանը:

Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը բացօթյա կառույց է, որն ունի հինգ պուրակներ եւ, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց թանգարանի տնօրենը, նախատեսում է կառուցել Ժամանակների համերաշխության մշակութային համալիր, որտեղ կտեղադրվեն խորհրդային գաղափարախոսության իջեցված քանդակներն ու հուշարձանները:

«Մեզ համար կարեւոր է ճշգրտել ՀՀ խորհրդային գաղափարախոսության իջեցված քանդակների ճակատագիրը, քանի որ անցումային շրջանում դրանցից շատերն ապամոնտաժվելով վնասվել են կամ վաճառվել՝ որպես մետաղ կամ նյութ: Սակայն մենք, պահպանվածը վերականգնելով, խնդիր ենք դրել մեր առջեւ այն բերել հանրահռչակման դաշտ, ինչի ուղղությամբ մեր ջանքերը տալիս են ակնկալվող պտուղները: Լիահույս ենք, որ պատմական այդ ժամանակաշրջանը հնարավորինս կվերականգնվի եւ կհանգրվանի մեր պարկ-թանգարանում՝ որպես մեր ապրած մշակույթի վկայություն»,- նշեց Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրենը: Նրա տեղեկացմամբ՝ պարկ-թանգարանի աշխատանքների թիվն անցնում է երկու հարյուրը: Արդեն հասցրել են անձնագրավորել Գյումրու միջուկը եւ պատմական Լենինականի որոշակի հատվածը: «Եթե հուշարձաններին ավելացնենք նաեւ հուշատախտակները, քանդակագործության դեկորատիվ կիրառական ձեւերը եւ այլն, ապա կստացվի, որ մենք ունենք նշվածից մոտ չորս անգամ ավելի ցուցադրության նմուշներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ քանդակներից շատերը գտնվում են բավարար վիճակում, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք, հետերկրաշարժյան քաղաքաշինական ուրվագծի փոփոխությամբ պայմանավորված, ունեն բարեկարգման, վերանորոգման, ինչպես նաեւ տեղափոխման կարիք:

«Այս ամենով հանդերձ, խնդիրը հետաքրքիր է դառնում նրանով, որ գեղարվեստական հուշարձանների տեղադրման, տեղափոխման կամ վերանորոգման կարգեր եւ օրենքներ համայնքները չունեն, եւ այս տնտեսությունը հիմնականում կարգավորվում է անհատական որոշումներով ու նախաձեռնություններով: Չկան մասնագիտական հիմքեր կամ կառույցներ, որոնք զբաղվում են քաղաքաշինության եւ կերպարվեստի ու ճարտարապետության այս ձեւի համադրմամբ, ինչը մեր խնդիրը դարձնում է առավել հիմնային ու տեւական: Եթե հավելենք նաեւ հետերկրաշարժյան հանրային նախաձեռնություններն այս ոլորտում (տարբեր խաչքարերի եւ հուշաղբյուրների տեղադրումը թաղերում ու շենքերի բակերում), ապա ակնհայտ կդառնա, որ այստեղ մենք շատ անելիքներ ունենք եւ քայլ-քայլ առաջ ենք շարժվում»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ պարկ-թանգարանը Ժամանակների համերաշխության մշակութային հուշահամալիրի կառուցմամբ կունենա ցուցադրության փակ տարածքներ, բայց այնտեղ կցուցադրվեն ոչ թե գեղարվեստական հուշարձաններ, այլ քանդակագործության ու կերպարվեստի նմուշներ: «Մեր պարկ-թանգարանն այս առումով կմնա բացօթյա: Այն իր ունեցած 4 435 հա (ամբողջ քաղաքը) տարածքով եզակի է դառնում թե՛ տարածաշրջանում, թե՛ հետխորհրդային տարածքում եւ, ինչու չէ, նաեւ աշխարհում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Դառնալով Ժամանակների համերաշխության հուշահամալիրին՝ Արթուր Գեւորգյանն ասաց, որ դրա համար Գյումրու քաղաքապետարանը հատկացրել է 14 հա տարածք Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի շրջակայքում. «Նշենք, որ այս տարածքը պետական պահպանման նշանակության է եւ հետագա բարելավման ու զարգացման կարիք ունի: Այս պահին, թերեւս, հիմնական աշխատանքները պայմանավորվում են ՀՀ մշակույթի նախարարության կազմած մասնագիտական աշխատախմբի կողմից պարկ-թանգարանի տեխնիկական առաջադրանքի մշակմամբ ու հաստատմամբ, որը կդառնա վերոհիշյալ Հուշահամալիրի նախագծանախահաշվարկային փաթեթի պատվիրման եւ հետագայում շինարարական աշխատանքների սկիզբ»:

Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաեւ Գյումրիում անցկացվելիք Քանդակագործության միջազգային սիմպոզիումին՝ տեղեկացնելով, որ առաջին սիմպոզիումի կազմակերպումից հետո որոշել են այն անցկացնել ոչ թե ամեն տարի, այլ գոնե երկու տարին մեկ անգամ: «Քաղաքում անընդհատ քանդակներ տեղադրելը պետք է զուգորդվի քաղաքաշինական նպատակների ու զարգացման հետ: Եվ, վերջապես, քանդակագործական գրագետ ու մտածված սիմպոզիում անելն այնքան էլ դյուրին չէ»,- ընդգծեց քանդակագործը՝ հավելելով, որ սիմպոզիումի ընթացքում տարբեր հատվածներում կազմակերպչական աշխատանքներին մասնակցում են մոտ երկու հարյուր ներգրավվածներ (սկսած մեդիա լուսաբանումից, քարերի տեղափոխումից մինչեւ ավարտ ու շնորհանդես), ինչն էլ իր հերթին է կազմակերպիչների աշխատանքները դարձնում խիստ պատասխանատու: «Սակայն ամեն տարի մենք իրականացնում ենք կրթական ու հանրահռչակման բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր, ընդ որում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային նշանակության: Կարեւորն այն է, որ նախքան որեւէ ծրագիր իրականացնելը, կարողանանք լիարժեք պատրաստ լինել: Այս տարի դա հնարավոր է. մենք մեր քաղաքում եւս մեկ միջազգային սիմպոզիում իրականացնելու հնարավորություն ունենք: 2015 թվականի սիմպոզիումը կազմակերպչական փուլում է, ու կարող ենք ասել, որ լինելու է երիտասարդական եւ շատ բաներով տարբերվելու է առաջինից: Մեր գերնպատակը չկրկնվելն ու չկրկնելն է նախորդ ծրագիրը, իսկ դա ենթադրում է նոր, թարմ մոտեցումներ: Հուսով ենք, որ կկարողանանք մեր առջեւ դրված խնդիրը հաղթահարել բավարար մակարդակով»,- ամփոփեց Գեւորգյանը:

ՍԻՐԱՆՈՒՇ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930