Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ աշխարհին շատ դժվար կլինի բացատրել պետական մակարդակով տարածքային պահանջները
ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում կլոր սեղան քննարկման ընթացքում ապրիլի 17-ին ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ 2001 թվականին Հռոմի պապը պատարագի ընթացքում օգտագործել է Մեծ եղեռն արտահայտությունը, իսկ այս տարի պատարագի ընթացքում արտասանվել է ցեղասպանություն բառը:
«Մենք դժգոհում ենք, որ Օբաման «Մեծ եղեռն» բառակապակցությունն է օգտագործում՝ ասելով, որ դա ցեղասպանություն չի որակվել: Այդ առումով էապես տարբերվում է Վատիկանում տեղի ունեցած պատարագի ոգին, ինչպես էր Հռոմի պապը խոսում այդ մասին, ինչպիսի համաշխարհային համատեքստով դա ներկայացվեց, ավելին՝ իր անձնական ջանքերով Գրիգոր Նարեկացին դասվեց տիեզերական վարդապետների դասին. գործընթաց, որը կարող էր երկար շարունակվել»,- ասաց նա:
Նա համարում է, որ կատարվածը բարոյական աջակցության դրսեւորում էր, իսկ Հռոմի պապի ելույթը քաղաքական չէր: Թուրքիայից արձագանքները, ըստ նրա, ապշեցուցիչ են, սակայն նա կարծում է, որ այդ հայտարարություններն էլ կարելի է դրական համարել. «Դրական է այն առումով, որ ցասում է առաջացնում աշխարհում: Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ բաներ ենք լսում, մուսուլմաներն են բացահայտել Ամերիկան, թուրքերն են առաջինը թռել Լուսին, այդ գոհարները շարունակվում են. հիմա էլ պատժամիջոցներով են սպառնում»:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով Համահայկական հռչակագրին, նկատեց, որ այնտեղ զգուշորեն է մոտենում Սեւրի պայմանագրին. «Ես համարում եմ, որ այդտեղ ոչ մի խնդիր չկա, քանի որ չեղարկվել է Սեւրի դաշնագիրը, մենք կարեւորություն ենք տալիս գիտակցելու համար, որ այդ ուղղությամբ անելիքներ կան: Երբ որ ծրարը սկսվի պատրաստվել, մենք պետք է տարանջատենք հայկական կազմակերպությունների, համահայկական կազմակերպությունների եւ Հայաստանի պետության անելիքները: Հայաստանի պետությունը չի կարող պահանջատիրությունը դնել իր արտաքին քաղաքականության հիմքում: Ցեղասպանության ճանաչումը մեկ հարց է, իսկ պահանջատիրությունը՝ մեկ այլ»:
Ալեքսանդր Արզումանյանը հավելեց՝ցեղասպանությունը ամբողջ աշխարհն ընկալում է որպես բարոյական եւ համամարդկային հարց, որը պատժվում է: Ըստ նրա՝ աշխարհին շատ դժվար կլինի բացատրել պետական մակարդակով տարածքային պահանջները. «Ես կարեւորում եմ հռչակագիրը, քանի որ փորձ է արվել բոլորի ներգրավել: Առաջին անգամ է պատմության մեջ, երբ փորձել ենք նվազագույնը ձեւակերպել, որը բոլորի համար ընդունելի կլինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հայաստանը Թուրքիայի առջև չպետք է պահանջատիրություն ներկայացնի,այլ նրանց առջև,ովքեր կործանումից փրկեցին այդ պետության մնացորդները և նրան հանձնեցին ցեղասպանություն տարած ժողովրդի տարածքները՝,,Մեծ,, Բրիտանիային,Ֆրանսիային,ԱՄՆ-ին սովետական Ռուսաստանին…:Թուրքը իր թրքությունն է արել,մնացած իբր ավելի քաղաքակիրթ պետությունների ղեկավարները ինչ?են արել: