Այսօր՝ ապրիլի 17-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ողջունելով դեսպանին՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կարեւորում է Հայաստան-ԱՄՆ համակողմանի գործակցության խորացումը, եւ հույս հայտնեց, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանը իր դրական նպաստը կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը:
Վարդանյանը ներկայացրեց ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի ներքաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ:
Դեսպանի խնդրանքով ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ հարեւան երկրների հետ ներկա եւ հնարավոր հարաբերությունների շուրջ ՀՅԴ պատկերացումներին եւ մոտեցումներին:
Կարդացեք նաև
ՀՅԴ ներկայացուցիչները կարեւորեցին ԼՂՀ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ձեւաչափը՝ գնահատելով նաեւ այդ ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը: ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձան սիրիական հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված հալեպահայ համայնքի եւ, առհասարակ, Սիրիայի քրիստոնյա ազգաբնակչության անվտանգության խնդիրներին՝ ակնկալելով ԱՄՆ կառավարության աջակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման եւ քրիստոնյա ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման մեխանիզմների ուղղությամբ:
Ամփոփելով հանդիպումը՝ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Միլսը հույս հայտնեց, որ երկխոսությունը շարունակելի կլինի եւ այն կնպաստի երկու երկրների ընդհանուր շահերին:
ՀՅԴ ԳՄ մամլո դիվան