Ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հիշում ենք և պահանջում» խորագրով հանրապետական ցուցահանդես, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը և այլք:
Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Հայաստանի նկարիչների միության հիմնադիր, առաջին նախագահ, հայ վրիժառուների «Նեմեսիս» ծրագրի մասնակից Արա Սարգսյանի բրոնզե կիսանդրու բացումը: Նկարիչների միության շենքի պատին տեղադրված հուշաքար- կիսանդրին հեղինակի` Նիկոլայ Նիկողոսյանի նվիրատվությունն է Հայաստանի նկարիչների միությանը: Ա. Սարգսյանին նվիրված քանդակը բացել է թոռնուհին`Աննա Սարգսյանը: Իսկ նկարիչների միության մեծ ցուցասրահում ներկայացվել են անվանի և ժամանակակից նկարիչների` Հայոց ցեղասպանության թեմաներով 125 ստեղծագործություն` գեղանկար, քանդակ, գրաֆիկա, կիրառական արվեստ:
ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսն արտահայտում է Հայոց ցեղասպանության պատկերները` նկարիչների ու քանդակագործների գեղագիտական հայացքով. «Իմ աշխատանքը վերնագրել եմ «Անթաղ աղավնիներ»: Ստեղծել եմ վերջին մի քանի ամիսների ընթացքում, այն պատկերում է ցեղասպանության մի դաժան տեսարան. թուրքերը չբավարարվելով կանանց ու երեխաներին տանջամահ անելով` նրանց դիակների վրա են լցրել մորթված աղավնիներ` ասելով, թե սա էր ձեր ուզած խաղաղությունը, դե ստացեք»:
Քանդակագործ Յուրա Մինասյանն էլ անկեղծացավ, որ երկար է մտածել, թե ինչպես վերնագրել իր աշխատանքն ու ի վերջո անվանել «1915»: «Այս տեսարանը վաղուց է պտտվում գլխումս: Իմ քանդակում պատկերվածը հավատի համար հոշոտված մայր է, ոտքերի տակ` խաչված երեխան: Իսկ ներքևում բորենիների տեսքով դեպի վեր ձգտող թուրք փաշաներն են` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, մյուս կողմից`գորշ գայլերն են»,- իր ստեղծագործությունն այսպես ներկայացրեց քանդակագործը:
Նառա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ