Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանը սուբյեկտիվ գտնվեց»

Ապրիլ 17,2015 21:32

Բախտագուշակ Վարսիկի հարսի` Հասմիկ Խաչատրյանի փաստաբանի կարծիքով, դատարանը արդարադատություն չապահովեց խոշտանգված կնոջ համար

Այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Գավառի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որը բողոքարկում էր բախտագուշակ Վարսիկի նախկին հարսը` Հասմիկ Խաչատրյանը:

Նախկին ամուսնու` Սարգիս Հակոբյանի կողմից տարիներ շարունակ բռնության ու խոշտանգման ենթարկված կինը դիմել էր դատարան, սակայն առաջին ատյանը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Խաչատրյանը, շատ մեղմ վճիռ էր կայացրել`1,6 տարի ազատազրկում, ուստի այն բողոքարկել էր. «Բայց Վերաքննիչն էլ անարդար որոշում կայացրեց, եւ դիմելու եմ Վճռաբեկ դատարան, մինչեւ վերջ պայքարելու եմ»:

Հիշեցնենք, որ Գավառի դատարանում Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչը պահանջում էր Սարգիս Հակոբյանի նկատմամբ կիրառել Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով առավելագույն պատժի չափ` 7 տարի, սակայն դատարանը վճռեց ընդամենը 1 տարի 6 ամիս ազատազրկմամբ պատիժ` 119-րդ հոդվածի 1-ին մասով: Ապա Սարգիս Հակոբյանը համաներմամբ ազատ է արձակվել:

Aravot.am-ի հետ զրույցում Հասմիկի փաստաբան Տիգրան Մուրադյանն ասաց, որ իրենք պահանջում էին բեկանել նշված դատական ակտը եւ Սարգիս Հակոբյանի արարքը վերաորակել 119 հոդվածի 2-րդ մասով.«Այսինքն` որպես խոշտանգում, որը կատարվել է հանցագործից կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ: Մենք բողոքարկել էինք նաեւ համաներման դեմ, եւ քաղհայցով էլ պահանջում էինք բարոյական վնասի հատուցում` 3 միլիոն դրամ: Համաներման մասով մենք գտնում էինք, որ այն կիրառելի չէ, որովհետեւ կա քաղհայցի մասով չլուծված խնդիր: Իսկ համաներումն ասում է` ենթակա չէ կիրառման, եթե հանցագործի կողմից չի հատուցվել հանցագործությամբ պատճառված վնասը, բայց սա հաշվի չառնելով, համաներում կիրառվեց: Նաեւ բողոքարկում էինք այն, որ տուժողը` Հասմիկ Խաչատրյանը լինելով նրանց հարսը` կախվածության մեջ է եղել այդ ընտանիքից, Սարգիս Հակոբյանին ընդունել է որպես իր ամուսին ու Հակոբյանը նրա նկատմամբ ունեցել է բացարձակ իշխանություն»:

Տիգրան Մուրադյանի կարծիքով` Վերաքննիչ դատարանը` առաջին ատյանի վճիռն անփոփոխ թողնելով, սուբյեկտիվ է եղել. դատարանը փոխարենը հարցը քննարկի այն տեսանկյունից, որ Հասմիկի նկատմամբ տեւական ժամանակ ճնշումներ են գործադրվել, Հասմիկը ձայնի իրավունքից զրկված անձ է եղել այդ ընտանիքում, այլ կերպ վարվեց: Փաստաբանի ներկայացմամբ` Սարգիս Հակոբյանի գործողություններից էլ ակնհայտ է, որ նա Հասմիկ Խաչատրյանի նկատմամբ իշխանություն է ունեցել, նրանից կախվածության մեջ է եղել, օրինակ` գործի նյութերում էլ կան, որ Հակոբյանը Հասմիկին ասել է` եթե դու ինձ դավաճանես աչքերդ կհանեմ, ծխախոտով այրել է Հասմիկի մարմնի որոշ հատվածներ. «Այս ամենը, իրոք, խոսում է այն մասին, որ կախվածության մեջ է եղել, բայց դատարանը հակառակն է որոշել` Հասմիկը կախվածության մեջ չի եղել: Հարց է ծագում` Հասմիկը հենց այնպե՞ս էր այնտեղ ապրում ու այդքան ժամանակ բռնության էր ենթարկվում: Արդարադատությունն այս մասով պատշաճ չգտնվեց»:

Սարգիս Հակոբյանը ներկայումս կալանավորված է , նա ծեծել է իր ծնողներին, փորձել է հրկիզել տունը. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 1-ին մասով՝ գույքը դիտավորյալ ոչնչացնելու փորձ կատարելու, եւ 182-րդ հոդվածով` շորթման համար:

Հաշվի առնելով, որ Սարգիսը բռնություն է կիրառել իր ծնողների նկատմամբ, փաստաբան Մուրադյանը գտնում է, որ նա իրենից վտանգ է ներկայացնում. «Հակոբյանն անկանխատեսելի է, ու չի բացառվում, որ իսկապես վտանգ ներկայացնի Հասմիկ Խաչատրյանի համար: Առավել եւս, որ Հասմիկը նման հայտարարություններ գրավոր բազմիցս տարբեր մարմիններին հայտնել էր, որ վախենում էր,թե Հակոբյանը նորից բռնություն գործադրի իր նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Հասմիկ Խաչատրյանը մոտ 9 տարի, իր իսկ նկարագրելով` խոշտանգումների է  ենթարկվել Սարգիս Հակոբյանի կողմից: Հասմիկի պատմելով` «Հայհոյանքները փառք էին, ինքն ամենավերջին ձեւով ստորացնում էր: Իրա հաճույքներով գնում էր, գիշերվա կեսին գալիս էր էրեխեքին հանում էր քնից, տղայիս ստիպում էր՝ մամայիդ էրեսին թքի, երեսին խփի, քեզ լավ մամայի մոտ եմ տանելու: Էրեխեն եթե չաներ, ծեծ կուտեր, էրեխես զարթնում էր առավոտյան, ասում էր՝ մամա, ես չեմ ուզում պապան տենց բանի անի, որ ես էլ քեզ չնեղացնեմ»: Սարգիս Հակոբյանը հարբած տուն էր մտնում, ըստ Հասմիկի, ու դաժանաբար ծեծում կնոջը` բռունցքներով հարվածում. մի անգամ էլ ոտքերով այնպես է հարվածել, որ Հասմիկի ականջի թաղանթը պայթել էր, կնոջը «տշել» է սենյակով մեկ:
Փաստաբան Տիգրան Մուրադյանն էլ վստահեցրեց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930