Քաղաքացիական հայցի քննությունը հետաձգվեց մի պատճառաբանությամբ, որ Հանրային պաշտպանի գրասենյակից գրություն էր ուղարկվել դատարան, թե հայցվորը, թե պատասխանողը խնդրել են իրենց տրամադրել ներկայացուցիչ:
Եվ քանի որ շահերի բախում կարող է լինել, հանրային պաշտպանի գրասենյակը ժամանակ էր խնդրել:
Բարեգործական կազմակերպության նախագահներից մեկը դիմել էր դատարան, պահանջելով, որ պատասխանողը, նախկինում դատապարտված կինը, որը տարիներ շարունակ աշխատել է նաեւ լրատվամիջոցներում, հրապարակային ներողություն խնդրի իրենից:
Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, պատասխանողը, ըստ հայցվորի «տարածել է իրականությանը չհամապատասխանող» տեղեկություններ, հայտնել, թե հայտնի ռաբիս երգիչներից մեկն իրեն է նվիրել մականվան համար իր երկու ստեղծագործությունները՝ երգերը:
Երգչի որդին, ըստ հայցվոր բարեգործի, «Օդնոկլասնիկի»-ում տեղադրել է տեսահոլովակ հոր վերաբերյալ, որի մասին իր կարծիքն է հայտնել պատասխանող կինը:
Ըստ հայցվորի, պատասխանողը թույլ է տվել վիրավորական արտահայտություններ, մասնավորապես , ներկայացել է «Մայր Թերեզա», այն դեպքում, երբ Հայաստանում «Մայր Թերեզան» մեկն է:
Հայցվորը խոստացել էր դատարան ներկայացնել հարյուր-հազարավոր ապացույցներ այն մասին, որ իր բարեգործությունների, դատապարտյալներին տասնյակ օգնություններ ցույց տալու համար են իրեն լրատվամիջոցներով, կինոնկարներով համարել Մայր Թերեզա, ավելին, Մայր Թերեզայի կենդանության օրոք, բարեգործ կնոջը՝ հայցվորին անձամբ Մեծն Մայրապետուհին է հանձնել իր վկայագիրը, նրան կոչելով իր անունով՝ Մայր Թերեզա:
Հայցվոր կողմը դատարան է ներկայացրել փաստաթղթեր, այն մասին, որ ունի երկու բարեգործական կազմակերպություն, անվճար բաղնիք, դեղատուն, միայն անպաշտպան խավի համար:
Հրապարակումից հետո հայցվորի գնահատմամբ իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Դատարան ներկայացած պատասխանողն իր լիազորագիրն էր տվել երկրորդ ներկայացուցչին: Վերջինն ասաց, որ ծանոթանալու է գործի նյութերին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին, քանի որ հայցվորի ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ