«Միկա» մարզահամալիրում այսօր կայացավ մաս-ռեսթլինգի «մասթեր» կարգի առաջնություն, որի ընթացքում իրենց ուժերը փորձեցին նաեւ ուժային այլ մարզաձեւերի՝ ձյուդո, մարտեր առանց կանոնների, ծանրամարտ, ըմբշամարտ, բազկամարտ, եռամարտ, ներկայացուցիչներ: Առաջնությունը համատեղ կազմակերպել էին Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիան եւ բազկամարտի երիտասարդական ասոցիացիան:
Կանանց եւ տղամարդկանց տարբեր քաշային կարգերում հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելուց հետո ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանն Aravot.am-ին ասաց, որ այս միջոցառման հաջող անցկացումը աշխարհի գավաթի երեք փուլերից երկրորդը Երեւանում անցկացնելու հնարավորություն կընձեռի:
«Այս առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, միջազգային այլ բարձրակարգ մրցումներին», – ասաց Ա. Նալբանդյանը եւ հավելեց, որ չնայած յակութական ծագում ունեցող այս մարզաձեւը վերջերս է ճանաչելի դարձել Հայաստանում, բայց արդեն բավականին լայն ընդունելության է արժանանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ