Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք տեռորիստներ չենք եւ պալատական հեղաշրջումների կողմնակիցներ չենք». Լեւոն Զուրաբյան

Ապրիլ 17,2015 20:57

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ իշխանափոխության գործընթաց էլի ձեռնարկո՞ւմ եք, թե՞ արդեն զենքերը վայր եք դրել՝ հայտնի իրադարձություններից հետո:

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչն է ձեզ հիմք տալիս նման հոռետես գնահատականի կամ ենթադրության համար»:

Մեր հարցին՝ Հիմնադիր խորհրդարանը հանրահավաքների շարք է սկսել եւ այսօր էլ հանրահավաք է անում, գնալո՞ւ եք Դուք, միանալո՞ւ եք նրանց, թե՞ չեք միանալու՝ նա պատասխանեց. «Մեր ներկայացուցիչները գնալու են: Ինչքան էլ մենք քաղաքական նրանց ծրագրերը ընդունենք կամ չընդունենք, դրա մասին չենք էլ ցանկանում խոսել, որովհետեւ մեր քննադատության թիրախը միայն իշխանությունն է, բայց անկախ նրանց քաղաքական ծրագրերից, մեզ համար անընդունելի է ժողովրդավարական ազատությունների խախտումը երկրում: Ինչքան էլ մենք՝ ամբողջ Կոնգրեսը, տեսակետը չընդունենք, անգամ ատենք, նորից պատրաստ  պիտի լինենք մեր կյանքը տալ՝ թեկուզ այդ ատելի տեսակետը արտահայտելու ազատության համար: Մեր դիրքորոշումը դա է, որովհետեւ ժողովրդավարությունը, ազատականացումը մեզ համար հավատամք է»:

Մեր հարցին՝ քանի որ միայնակ հնարավոր չէ իշխանափոխություն անել, պատրա՞ստ եք համագործակցել, համախմբվել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բա մենք ինչո՞վ էինք զբաղված: 3 տարի մենք զբաղված էինք քաղաքական ուժերի համախմբումով, որի համար մեզ քննադատում էին ահավոր կերպով, ասում էին՝ ո՞նց կարելի է: Բոլորը տեսան արդյունքը: Արդյունք ասելով՝ նկատի ունեմ, որ միացումը կայացավ, մեծ հանրահավաքների շարքից բոլորին պարզ դարձավ, որ ձեւավորվել է մի հզոր ուժ: Իսկ փետրվարի 20-ին Հայաստանը կանգնած էր հեղափոխության նախաշեմին: Ամբողջ ժողովուրդը ոգեւորված էր: Մենք էլ շատ լավ գիտենք, որ մեր զենքը ժողովրդի ոգեւորությունն է, ժողովրդի մոբիլիզացիան է: Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխություն կատարել՝ առանց ժողովրդի ոգեւորությանը եւ համախմբման: Մենք տեռորիստներ չենք եւ պալատական հեղաշրջումների կողմնակիցներ չենք: Դա մեր մեթոդը չի: Մեր մեթոդը ժողովրդին մոբիլիզացնելն է: Ժողովրդին հնարավոր չէ մոբիլիզացնել մատի շփումով: Դա պետք է լինի լուրջ նախապատրաստված գործընթաց: Եվ մենք այդ գործընթացը մի քանի անգամ արել ենք: Մենք արել ենք 2007-ին, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը մտավ ընտրական պայքարի մեջ, սկսվեց ժողովրդի համախմբումը իր շուրջ, մենք դա արեցինք Մարտի 1-ից հետո: Թվում էր, թե շարժումը ջախջախված է, բայց մենք նորից կառուցեցինք այդ մոբիլիզացիան ՀԱԿ դաշինքի շուրջ՝ իր հռչակագրով: 2011-ին մենք տեսանք, որ Հռչակագրի բոլոր կետերը մենք իրականացրեցինք, բացի իշխանափոխության կետից, մենք տեսանք, որ այդ վերջին կետը չի ստացվում իրականացնել միայն Կոնգրեսի ուժերով, մենք նոր քաղաքականություն հռչակեցինք՝ համախմբման քաղաքականություն: Մենք որոշեցինք ԲՀԿ-ին բերել ընդդիմության, ժողովրդի դաշտ, որ ԲՀԿ-ն պոկվի ռեժիմից: Դա էլ մեզ հաջողվեց: Հաջողվե՛ց մեզ: Ուզում եմ ասել, որ մենք ամեն անգամ փնտրում ենք լուրջ լուծումներ, ոչ թե ուղղակի դատարկ կարգախոսներ, որոնց շնորհիվ երկրում ձեւավորվում է զանգվածային քաղաքական մի գործընթաց: Դա է մեր բանալին բոլոր խնդիրների լուծման: Հիմա, բնականաբար, ԲՀԿ-ի ջախջախումից հետո, հարձակումներից հետո հիմա ժողովրդի մեջ շատ մեծ հիասթափություն կա: Եվ պարզ է, որ նման վիճակում շատ դժվար է անմիջապես փոխել տրամադրությունները եւ նորից ակտիվ իշխանափոխության գործընթացի հասնել: Բայց մենք մեր ձեռքերը ծալած չենք նստում: Մեր հավատամքը մեր հետ է: Մենք չենք համարում, որ Հայաստանը կարելի է թողնել այս վիճակում, որ շարունակվի այս ճահիճը, կոռուպցիան, ընտրությունների բացակայությունը, արտագաղթը: Եվ նորից մենք կառուցելու ենք մի զանգվածային գործընթաց, որը կհասունանա մի վիճակի, երբ ժողովրդի ոգեւորությամբ ոտքի կանգնած լինելով՝ մենք նախաձեռնելու ենք իշխանափոխություն՝ կլինի դա ընտրությունների միջոցով, արտահերթ ընտրությունների միջոցով, կլինի դա Սահմանադրական հանրաքվեի միջոցով: Ցանկացած գործիք, որը ենթադրում է զանգվածների մասնակցություն, պետք է օգտագործել: Դա է մեր ռազմավարությունն ու կրեդոն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Ինչքան էլ մենք՝ ամբողջ Կոնգրեսը, տեսակետը չընդունենք, անգամ ատենք, նորից պատրաստ պիտի լինենք մեր կյանքը տալ՝ թեկուզ այդ ատելի տեսակետը արտահայտելու ազատության համար:”

    Աբրի Լյովիկը::

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930