Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիա Ներսիսյան. «Ռեժիմը ինֆարկտից պիտի մահանա»

Ապրիլ 17,2015 20:35

«Ռեժիմ մենք ձեզ չենք սպանի: Մենք կստեղծենք մեր համակարգը, այնպիսի պայմաններ, որից դուք ինֆարկտ կստանանք եւ կմեռնենք»,- այսօր Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Եղիա Ներսիսյանը:

Ըստ նրա, բողոքի ակցիաների ժամանակ, երբ մարդիկ վանկարկում են «Սերժիկ, հեռացիր», ոստիկանները եւ ռեժիմը չեն վախենում, իսկ երբ վանկարկում են «Մենք ենք տերը մեր երկրի»` նրանք վախենում էին: Եղիա Ներսիսյանի կոչով հավաքվածները վանկարկեցին`«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը:«Սերժիկներին եմ դիմում, եթե ուզում եք մեզ հաղթել, ապա եռագույնը իջեցրեք եւ բարձրացրեք Ադրբեջանի դրոշը»,- հայտարարեց նա:

«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Գարեգին Չուգասզյանի եղբայրը`Լեւոն Չուգասզյանն էլ անդրադառնալով այն մեղադրանքին, որն առաջադրվել է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին`ասաց, որ զանգվածային անկարգությունն այն է, երբ վառում են խանութներ, սպանում են մարդկանց, եւ այլն, բայց միթե ապրիլի 24-ի համար դա էր քարոզվում:

Ըստ նրա` խոսվում է զանգվածային անհնազանդության մասին, որը բոլորովին ուրիշ բան է: «Այն, ինչ արվեց Բերձորում` դա էր զանգվածային անկարգությունը, եւ բոլորս գիտենք, թե ով էր դա կազմակերպել: Բանտախցերում պետք է նստած լինեին, նրանք, ովքեր նման հրահանգ էին տվել, ոչ թե մեր տղաները»,- հայտարարեց նա:

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը` Թորոս Սեֆիլյանն էլ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին ոչ թե քաղբանտարկյալներ, այլ պատանդներ է համարում: Եթե կալանավորվածներն ազատ չարձակվեն, նա սպառնաց Հայաստանում գտնվող բոլոր դիվանագիտական հաստատությունների առջեւ ցույցեր կազմակերպել ու ասաց, որ այսօրվանից ինքը ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի եղբայրն է, այլ նրա ընկերն ու զինակիցը:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930