Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօր «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ երկուշաբթի, ժամը 14-ից 50 ազատամարտիկներ Ազատության հրապարակում հացադուլի կնստեն, եթե մինչ այդ իշխանությունն ազատ չարձակի 18 քաղբանտարկյալներին:
«Նստելու ենք այնքան, մինչեւ տղաներին ազատ չարձակեն»,- ասաց նա`բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն հացադուլի նստելու կոչ անելով` նստացույցով միանան իրենց:
«Հիմնադիր խորհրդարանի»`Գյումրիում դանակահարված, բայց արդեն կազդուրված Հրաչիկ Միրզոյան էլ պատմական էքսկուրս արեց ու նկատեց`պատմությունը կրկնվում է ու հիմա մեզ մի ելք է մնում`Սասունցի Դավթի նման պատին դեմ տալ ու ցույց տալ, թե ո՞վ է երկրի իրական տերը:
Նա գտնում է, որ իշխանությունը վախենում է Ժիրայր Սեֆիլյանից ու նրա ընկերներից, քանի որ վերջիններս ազնիվ եւ ու առաքինի, իշխանության առաջարկած գործարքներին չեն գնում: Նա «ռեժիմին» կոչ արեց`վերադարձնել ժողովրդից խլածն ու հեռանալ քաղաքականությունից. «Եվ սա մենք ասում ենք լավով»:
Կարդացեք նաև
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ ասաց, որ անկախ նրանից, որ մարտավարական հարցերում տարաձայնություններ ունենք` մարդու իրավունքների հարցերում բոլորը պետք է միասնական լինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ